Մինչև այս տարվա աշնան ավարտը 2020 թվականի արտադրության առնվազն 6,5 մետրանոց 100 նոր փոքր ավտոբուսներ դուրս կգան Երևանի երթուղիներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ պետք չէ այդ ավտոբուսները շփոթել միկրոավտոբուսների հետ:
Հարցին՝ նոր ավտոբուսների դեպքում կպահպանվի՞ արդյոք 100 դրամ ուղեվարձը, Կարապետյանը պատասխանեց՝ այդ թեմայով քննարկումներ դեռ չեն եղել:
Մամուլի խոսնակը ձեռքբերում է համարում այն, որ նոր ու հարմարավետ ավտոբուսների համար անհրաժեշտ 2 միլիարդ դրամը կտրամադրվի համայնքի այս տարվա բյուջեից:
«Դրանք, եթե ընդհանուր ասենք, գրագետ կառավարման արդյունքում գոյացած միջոցներ են: Հիմնական գաղափարը, մենք հիշում ենք՝ նախկինում ինչ-որ տոկոս էր հատկացված տեղաշարժման խնդիրներ ունեցող անհատների համար, բայց հիմա մեր սկզբունքն այն է, որ անխտիր բոլոր շարժական միջոցները հանրային տրանսպորտը սպասարկող պետք է հարմարեցված լինեն», - ընդգծեց Կարապետյանը:
Նոր ավտոբուսները կունենան ցածր հատակ, որպեսզի հաշմանդամության սայլակից օգտվողների կամ մանկասայլակով ներս մտնող ուղևորների համար խնդիրներ չառաջանան: Կլինի նաև սայլակի տեղավորման ու տեղափոխման հնարավորություն, հաշմանդամություն ունեցող անձանց նստելատեղերի և սայլակի հարևանությամբ՝ կանգառի ազդանշանի կոճակ: Սրահները կջեռուցվեն և կօդափոխվեն: Բացի այդ՝ կլինեն կրակմարիչներ, վարորդի խցիկում՝ քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ և կանգառների ավտոմատ հայտարարման սարքերի առկայություն:
Մարությանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր նաև, որ ապրիլին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ քաղաքապետարանը հայտարարել էր 12 մետրանոց ևս 100 ավտոբուսների ձեռքբերման մրցույթ: Այժմ ամփոփվում են մրցույթի արդյունքները:
«Մեծ ավտոբուսները ակնկալվում է, որ կլինեն մինչև տարվա վերջ կամ մյուս տարվա առաջին կեսին: Չհաշված, որ արդեն մյուս տարի նոր գնման գործընթաց կլինի: Ինչպես հայտնի է, 850 ավտոբուս է պետք, և արդեն առաջանցիկ տեմպերով՝ ամեն հաջորդ պարտիան ավելի մեծ լինելու սկզբունքով, կամ առնվազն ոչ պակաս քան 100-ն է, այդ սկզբունքով կհամալրվի», - ասաց քաղաքապետարանի խոսնակը:
Դեռ նախորդ իշխանությունների պատվերով քաղաքային բյուջեից 850 հազար դոլար էր վճարվել բրիտանական WYG խորհրդատվական ընկերությանը՝ Երևանի տրանսպորտային նոր ցանցի նախագիծը մշակելու համար:
Ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն «Ազատությանն» ասել էր, որ տրանսպորտային նոր ցանցի ներդրումը նախատեսվում է ավարտել 2021 թվականին, ընդհանուր առմամբ կներդրվի 820 նոր ավտոբուս: