Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Այս ընտրությունները ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն


Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանում այսօր անցկացվեց «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքը: ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հարթակին էր՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կողքին:

Վարչապետը իր ելույթի զգալի մասը նվիրեց հակահեղափոխականների դեմ պայքարին: Վարչապետը հայտարարեց, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակից որոշ «քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ», բանակցություններ են վարում հանրապետականների հետ, որպեսզի վերջիններս «ընտրակեղծարարական ռեսուրսով» պաշտպանեն իրենց: - «Սը֊թափվեք, գժուկներ, սը֊թափվեք», - հայտարարեց Փաշինյանը՝ առանց մատնանշելու, թե կոնկրետ որ քաղաքական ուժին կամ ուժերին նկատի ունի:

Անդրադառնալով Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնում առաջադրելու իրենց որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը նշեց, թե առաջնորդվել են կարևոր մի սկզբունքով, որ Մարությանը աշխատանքի մարդ է, ով իր ողջ կենսագրության ընթացքում չի քծնել իշխանություններին և այդպես կարիերա չի արել, այլ ճիշտ հակառակը՝ դուրս է եկել փողոց, պայքարել է:

Վարչապետը մի քանի անգամ ընդգծեց, որ երևանցիները պետք է իրենց ձայնը տան հեղափոխության վերջնական հաղթանակին:

«Այս ընտրությունները չափազանց կարևոր են, որովհետև դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո: Եվ այս ընտրությունները այսպիսով ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն, որովհետև այդ ընտրություններում ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: - «Եվ ուրեմն, այս ընտրություններում խնդիրն այն չէ՝ Հայկ Մարությանը ընտրվելու է քաղաքապետ, թե չէ, այլ խնդիրը այն է՝ ժողովուրդն իր հաղթանակը վերահաստատելու է արդյոք ընտրական տեղամասում, թե ոչ: Եվ ուրեմն բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստանում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը, ուրեմն նրանք ընտրական տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG