Երևանի համայնքապատկան հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, անկախ օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից, կարող է քանդվել քաղաքապետի որոշմամբ։ Առաջարկվող այս փոփոխությունն ավագանին այսօրվա արտահերթ նիստի ընթացքում 39 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց։
«Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց հայեցողությամբ տնօրինելու են գույքը, աճուրդային վաճառքի միջոցով շուկայական արժեքով օրինականացնելուց հետո այդ կառույցները հնարավորություն են ունենալու օտարելու, վարձակալությամբ տրամադրելու, հանրային շահերից բխող դեպքերում համայնքի կարիքների համար օգտագործելու, ինչպես նաև, համապատասխան որոշում ընդունելու դեպքում, քանդելու հետ կապված», - ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։
Որոշումը չի ազդի այն ինքնակամ շինությունների վրա, որոնք մինչև 2021-ի հունվարի 31-ը օրինական են ճանաչվել։
Ավագանու ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը որոշման մեջ բացողումներ է տեսնում։ Կարծում է, որ այն հապճեպ է մշակվել. - «Եթե մենք մինչև հունվարի 31-ը դիմում գրած քաղաքացուն պատասխան ենք տվել, որ չի մերժվում, բայց իր հարցին կանդրադառնանք այն դեպքում, երբ որ ինչ-ինչ փոփոխություններ կլինի, եթե ինքը նորից դիմումը գրի, և մենք փորձենք իրա հանդեպ կիրառել այս մեր ավագանու որոշումը, մարդը շատ հանգիստ դիմելու է վարչական դատարան և մատնանշի այն ամիս-ամսաթիվը, որի ժամանակ ինքը մուտք ա արել օրինականցման դիմումը»։
Ավագանու անդամին քաղաքապետն արձագանքեց՝ ասելով, թե նախագծի մշակմանը քիչ ժամանակ չեն տրամադրել։
«Ես ուզում եմ նախ ասել, որ էս նախագիծը հապճեպ չի գրվել, սա հանգիստ մշակված և մտածված նախագիծ է։ Քննարկել ենք բոլոր պլուսները, մինուսները, նոր ներկայացրել ենք ձեզ», - վստահեցրեց Հայկ Մարությանը։
Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատարը պարզաբանեց, որ քաղաքացիների դիմումների ներկայացումն ու դրանց քննարկման կարգն առանձին օրենքով է կարգավորովում. - «Տվյալ օրենքի կարգավորումներից բխում է, որ եթե քաղաքացին դիմել է որևէ վարչական ակտի կայացման խնդրանքով, և էդ վարչական ակտը չի կայացվել, ապա համարվում է, որ քաղաքացու խնդրանքը մերժվել է։ Այսինքն՝ տվյալ դիմումները մեկնաբանել, որ էսօր քաղաքացին դիմել ա, իրան ասել են, որ հնարավոր կլինի անդրադառնալ էսինչ հստակեցումից հետո, դա չի նշանակում, որ քաղաքացու դիմումը բավարարված է»։
Միքայել Մանրիկյանին հետաքրքրում էր նաև հետևյալը. եթե կա դատարանի որոշում ինքակամ շինությունը չքանդելու վերաբերյալ, այդ դեպքում քաղաքապետի որոշմամբ հնարավո՞ր է այն քանդել։
«Հայցի ապահովումը ենթակա է պարտադիր կատարման, ու, այո, եթե դատարանը արգելել է քանդել, չի քանդվելու։ Առանձնահատուկ ինքը տվյալ նախագծում ներառված չի, քանի որ ինքը հստակ կարգավորված է Վարչական դատավարության օրենսգրքով և Քաղաքացիական դատավարության օրենսգրքով», - պարզաբանեց Մարգարյանը։
Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությունում քաղաքապետրանի նախաձեռնած որոշումը ողջունում են։
«Ես ևս պատրաստվում եմ քաղաքապետարանին խրախուսեմ այս նախագծի հետ կապված, ինչպես նաև վերջին օրերի... Անկեղծ լինելու համար պետք է ասում, որ առաջին մի քանի օրերին հետևում է, ինքս Աջափնյակում եմ բնակվում, գնացել, նայել եմ էդ շինությունները», - ասաց «Լույս» խմբակցությունից Թեմինա Վարդանյանը։
Մարությանին քննադատությամբ աչքի ընկած Թեմինա Վարդանյանի հաճոյախոսությունը քաղաքապետին անակնկալի բերեց։
«Շնորհակալություն», - ասաց Մարությանը։ - «Երկուս ու կես տարի անց...»
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը այնուհանդերձ հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է ստացվել, որ վարչական շրջանների ղեկավարնները, աշխատակցիները չեն նկատել ինքնակամ շինությունները, որոնք վերջին շաբաթներին քանդվում են. - «Եթե մենք դրանցից առաջինը, երկրորդը մեկ կամ երկու շաբաթ անց կանխեինք, հիմա նման քանակությամբ շինություններ ստիպված չէինք լինի քանդելու։ Եվ սրանք այն դեպքերն են, երբ չենք խոսում հնարավոր օրինականացման մասին։ Այսինքն՝ այդ մարդիկ կառուցել են ապօրինի, կառուցել են համայնքային հողի վրա և կառուցել են այն ձևերով, որոնք ընդհանրապես ենթակա չեն օրինականացման»։
Քաղաքապետարանի տվյալներով, հունիսի 22-ից սկսած արդեն 45-ից ավելի ինքնակամ շինություն է ապամոնտաժվել, դրանց մեծ մասը Աջափնյակում։
Ավագանու նիստում այսօր չշրջանցվեց նաև Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի հարցը։ Քաղաքացիները երեկ ահազանգում էին՝ այն քանդվելու է, պահպանվելու է միայն արտաքին հատվածը։
Այսօր ավագանու նիստում պարզվեց՝ քաղաքապետարանը հուշարձան շենքի քանդման թույլտվություն չի տվել։
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի ղեկավար Անդրանիկ Սեդոյանն ասաց. - «Հանրապետության 46 շենքին եղել են դեռևս 2008 թվականի թույլտվություններ, որոնք էս պահին չեմ կարող տրամադրել էդ կարծիքը՝ դրանք հուշարձանին որևիցե կից շինություննե՞ր են, թե՞ ավտոտնակներ են։ Որովհետև, ըստ էդ քանդման թույլտվությունների, բակային հատվածներում ավտոտնակներ են և որոշակի հատվածամասեր։ Բայց բուն հուշարձան շենքի վերաբերյալ էս պահին էդպիսի տեղեկատվություն չունենք։ Իսկ Ձեր պաշտոնավարման օրոք որևիցե քանդման թույլտվություն Հանրապետության 46-ի վերաբերյալ չի տրամադրվել»։
«Էդ դեպքում արձանագրենք, որ այս շենքի հետ կապված քանդման թույլտվություն չկա, և եթե քանդման աշխատանքներ կառուցապատողը սկսի, խնդրում եմ նաև, որ մեր նոր պարեկային ծառայությունը ուշադիր լինի և թույլ չտա առանց թույլտվության որևէ քանդման աշխատանքներ», - ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը։
19-րդ դարավերջին կառուցված շենքը Ֆիրդուսի թաղամասում է։ Ըստ Շրջակա միջավայր վրա ազդեցության նախնական գնահատման հայտի, Հանրապետության 46-ը ռեստորանի է վերածվելու, հարկեր են ավելացվելու։