Թուրքիայի համար ներկա փուլում կարևոր է, որ սկսեն բանակցությունները, իսկ նախապայմանները կհնչեն բանակցությունների ընթացքում, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիան այնուամենայնիվ այս անգամ առաջ քայլ անի, թուրքագետը պատասխանեց․ - «Ես չեմ կարծում, այդպիսի արդեն երեք փորձ է եղել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել, և վերջին երկու փորձերն անմիջականորեն իրականացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, և ոչ մի արդյունք չի եղել։ Ես կասկածու եմ, որ այս անգամ էլ, եթե դա իսկապես եղել է ԱՄՆ-ի միջնորդությունը, կարող է ինչ-որ իրադրությունը փոխվի, չեմ կարծում»։
Սաֆրաստյանը մանրամասնեց՝ Թուրքիան նախորդ երեք փորձերի ընթացքում ոչ մի թիզ իր պահանջատիրությունից Հայաստանի նկատմամբ չի նահանջել, կոմպրոմիսի չի գնացել, պարտադրել է, ճնշել է։
«Այդ պատճառով տարբեր փուլերում բանակցությունները կամ դադարել են, կամ, ինչպես «ֆուտբոլային դիվանագիտության» առումով էր, ստորագրվեցին երկու արձանագրություններ, որոնք չվավերացվեցին։ Այսինքն՝ Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցումն է եղել պատճառը, որովհետև Թուրքիան, ինչպես հայտնի է, նախապայմանների քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, Հայաստանը ոչ մի նախապայման չունի։ Ի՞նչ է նշանակում նախապայմանների քաղաքականություն, դա նշանակաում է,որ Թուրքիան օգտվում է Հայաստանի աշխարհագրական դիրքից, ընդհանրապես տարածաշրջանում դիրքից և Հայաստանի առջև դնում է պահանջներ և պահանջների կատարումով է պայմանավորում հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան չի գնում որևիցե կոմպրոմիսի, պարտադրում է, ճնշում»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․