Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպումը Բրյուսելում:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ շփումները: Ակնկալում ենք, որ բրյուսելյան հանդիպման արդյունքները կնպաստեն նախկին եռակողմ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Սրա հետ մեկտեղ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ընդգծել է, թե տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացն ավելի դյուրին կլիներ, եթե զուգահեռ զարգանար Ադրբեջանի և Եվրասիական Տնտեսական միության միջև երկխոսությունը:
Զախարովային այսօր ռուս լրագրողը խնդրել էր մեկնաբանել Ադրբեջանը ԵԱՏՄ-ում որպես դիտորդ հրավիրելու մասին Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությունը։ Եվ մինչ Բրյուսելը հայտարարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հաջողվել է երեկ համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարում է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափմանը կնպաստեր Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության միջև երկխոսությունը և ընդգծում, որ այս երկխոսության զարգացման համար անհրաժեշտ է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը, ակնարկելով, իհարկե, Հայաստանի համաձայնությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հաջողվել է համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում«ԵԱՏՄ-ի հետ Ադրբեջանի երկխոսության զարգացումը կնպաստեր տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Մենք ողջունում ենք բանակցային գործընթաց սկսելու Երևանի և Անկարայի պատրաստակամությունը. Զախարովա
Զախարովան այսօր խոսել է նաև հայ-թուրքական հաշտեցման գործընթացից, սակայն հրաժարվել է ուղակի պատասխան տալ՝ արդյոք Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը՝ հայ-թուրքական բանակցություններ սկսելու համար երկու կողմերից հատուկ բանագնացներ նշանակելու մասին ռուսական միջնորդության արդյո՞ւնք է։
Զախարովան պարզապես նորից հիշատակել է Ցյուրիխը և դեկտեմբերի 10-ին մոսկվայում կայացած «3+3» հարթակի անդրանիկ նիստը, նշելով, թե այդ հարթակը նույնպես նպաստում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի բարելավմանը։ Մենք ողջունում ենք բանակցային գործընթաց սկսելու Երևանի և Անկարայի պատրաստակամությունը, իսկ հատուկ բանագնացների նշանակումը, մեր կարծիքով, խելացի քայլ է, և մենք մեր կողմից պատրաստ ենք այս գործընթացին ամեն կերպ աջակցել», - հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք՝ նոյեմբերին Զախարովան հայտարարել էր, թե Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ միջնորդելու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում՝ հավելելով, թե Մոսկվան շահագրգռված է այդ հարցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ. Էդուարդ Աղաջանյան