Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր16-րդ անգամ չընտրեց հանձնաժողովի փոխնախագահ։ Ինչպես նախորդ նիստին, այսօր ևս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։
Խորհրդարանում ամիսներ շարունակ ըստ էության որևէ հատուկ լիազորություն չունեցող հանձնաժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցը չի հանգուցալուծվում։
Իշխանությունը արդեն 14 անգամ դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին՝ հայտարարելով, թե նրան չի ցանկանում տեսնել այդ պաշտոնում՝ տարբեր պատճառներ նշելով, այդ թվում, որ Ղազինյանը չի ծառայել բանակում և զինված ուժերին վերաբերող հարցերին չի տիրապետում։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարեց՝ թեկնածու առաջադրելու իրավունքը փոխանցվում է «Քաղաքացիական պայմանգրին»։ «Ասեմ, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։ Դա խոսում է այն մասին, որ իշխող խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնն անմիջապես վերցնի», - ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք՝ հանձնաժողովի տեղակալ ընտրելու ընդդիմության տասնյակից ավելի փորձերին վերջ տալու համար իշխանությունը շրջանառության մեջ է դրել կանոնակարգ օրենքի փոփոխություն, որը թույլ կտա ընդդիմադիր թեկնածուին մեկ անգամ չընտրելուց հետո այլ թեկնածուի առաջադրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք այդ պաշտոնից չենք հրաժարվելու»․ ԱԺ-ում չի հանգուցալուծվում պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում իշխող ուժը տեսնում է Սեյրան Օհանյանին