Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն (ՍԱՏՄ) ամփոփել է նախորդ ամիս զանգվածային թունավորման դեպքերն ու եզրակացրել՝ աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչը՝ սալմոնելլան հավի մսին է փոխանցվել աշխատկիցներից։
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը սա ասում է՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ), որը հետազոտել է աշխատակիցներին։
Ավետիսյանի խոսքով՝ «Տաշիր Պիցցա»-ն, «Բուրգըրի» ռեստորանը, «Էլկա» զարգացման կենտրոնն ու Տաթև դպրոցը հավի միսը գնել են տարբեր մատակարարներից, տեսուչները գնացել են դրանց հետքերով ու պարզել, որ միսը վարակված չի եղել։
«Հստակ է՝ եթե հումքում չկա, իսկ պատրաստիում կա, դա նշանակում է՝ հումքից մինչև պատրաստի մթերք դառնալն այդ արանքում է ինչ-որ խնդիր առաջացել», - նշեց տեսչական մարմնի ղեկավարը:
ՍԱՏՄ-ն խոստովանում է՝ սահմանված ստուգաթերթով սննդի կետերում չեն կարող պատշաճ ստուգում ապահովել։ Օրինակ՝ եթե սննդի կետն իրենց ռեեստրում չգրանցվի, իրենք իրավունք չունեն այնտեղ ստուգումներ անել։ Իսկ եթե սննդի կետն, այդուամենայնիվ, հայտնվել է իրենց վերահսկողության տիրույթում, ստուգումների հնարավորություններն են սահմանափակ։ Ներս մտնել կարող են միայն, եթե կա հստակ բողոք կամ վարչապետի թույլտվություն:
Տեսչական մարմնի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ ավելի քան 3 տարի շարունակ ղեկավարման ընթացքում ի՞նչ է արել, որ նշված խնդիրները լուծվեն։ Ասաց՝ քաղաքականություն մշակելու լիազորություն իրենք չունեն, դա Էկոնոմիկայի նախարարությունն է անում:
«Մեր քաղաքականությունը մշակող մարմինը Էկոնոմիկայի նախարարությունն է, ինչպես նաև համակարգման գրասենյակը: Մենք նաև Ազգային անվտանգության խորհրդին ենք դիմել, ներկայացրել ենք որպես սպառնալիքներ, դա պրոցեսի մեջ է: Կարծում եմ՝ գիտեք, որ պետական համակարգը դանդաղ է աշխատում, երեք տարվա ընթացքում խնդիրներ են առաջ գալիս, որոնց մասին բարձրաձայնում ենք, օրենսդրությունը այս ընթացքում հարմարեցված է եղել բիզնես շահին, ոչ թե առողջական շահին», - ընդգծեց Ավետիսյանը:
Պատերազմն ու քովիդը վերջին պլան են մղել իրենց բարձրացրած խնդիրներն, ասաց՝ Ավետիսյանը, հավաստիացնելով, որ «հիմա նոր սայլը տեղից շարժվում է»։
Փորձագետն ընդգծում է՝ հե՛նց համաճարակի ժամանակ պետք է սննդի անվտանգությունն առաջնային լիներ
Սննդագետ Դավիթ Պիպոյանը հակադարձում է՝ հե՛նց համաճարակի ժամանակ պետք է սննդի անվտանգությունն առաջնային լիներ։ Թունավորման մասսայական դեպքերն, ըստ փորձագետի, կարող են նորից կրկնվել, եթե պատասխանատու կառույցները շարունակեն համագործակցելու փոխարեն իրար մեղադրել։
«Որ օրը գյուղատնտեսության նախարարությունը միացրեցին Էկոնոմիկայի նախարարությանն, ավտոմատ քաղաքականության պատասխանատվությունը կրում է Էկոնոմիկայի նախարարությունը, բայց այստեղ ևս մենք ունենք շատ կարևոր մի խնդիր, որ քաղաքականություն մշակող մարմնին պրոբլեմը պետք է տա ստուգող մարմինը, նույնը՝ ռիսկի գնահատման պատասխանատվությունը, եթե մենք նախկինում ասում էինք, որ ՍԱՊԾ-ն է այս խախտումներն անում, այսօր ՍԱՊԾ-ն հանգիստ կարող է ասել, որ գիտեք ես այլևս քաղաքականություն մշակող մարմին չեմ, նույնը՝ Առողջապահության նախարարությունը: Ես կարծում եմ, որ կամայական պետական մարմնի պետք է հետաքրքիր լինի նաև տվյալ երկրում ապրող մարդկանց և ազգաբնակչության առողջությունը, գործադիր ապարատը մեկ միասնական ապարատ է և ղեկավարը պետք է հետևի՝ իր աշխատակիցները ինչպե՞ս են աշխատում», - նշեց Պիպոյանը:
«Սննդի անվտանգության ոլորտն ինչպե՞ս կարգավորվի, եթե համապատասխան օրենքը թղթի վրա կա, բայց իրագործող չկա»,- հարցնում է սննդագետ Դավիթ Պիպոյանը՝ նշելով, - «2014 թվականից ընդունվել է օրենքը և երբեք մեզ մոտ ռիսկի գնահատում չի իրականացվել, ոչ մեկին հետաքրքիր չի՝ ո՛չ գործադիրին, ո՛չ օրենսդիրին: Օրենքը ենթադրում է, որ պետք է լինի ռիսկի վերլուծության պրոցես, որտեղ պետք է լինի ռիսկը գնահատող լիազոր մարմին, որ մենք չունենք: Մենք ունենք օրենք և ռիսկը գնահատող մարմին չունենք»:
Ոլորտի փորձագետն ասում՝ հեղափոխությունից հետո, կառավարությունը միավորելով ստուգող մարմինները, պարտավորվել է նաև քաղաքականություն մշակել։ «Երեք տարի է անցել, ոչինչ չի արվել», - նկատում է Գիտությունների ազգային ակադեմիայի «Էկո կենտրոն» սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը։
«Ռիսկի գնահատման լիազոր մարմնի նշանակման հարցը ևս տարիներ շարունակ ձգձգվում է, ասում են՝ ինչ-որ իրավական խնդիրներ կան և այլն: Լավ, ենթադրենք իրավական խնդիր կա, օրենք փոխեք, խնդիրը լուծեք: Այսօր մենք այս քննարկումը կանենք, եթե վաղը իրավական ակտերը չփոխվեն և գործիքակազմ չմշակվի, մենք վաղը չէ մյուս օրը նորից տալու ենք ինտերվյու, վեց ամիս հետո հետո նորից ինտերվյու, մեկ տարի հետո նորից նույն թունավորումները շարունակվելու ենք», - ընդգծեց Պիպոյանը:
Միայն անցած ամիս Երևանում թունավորման 4 դեպք է գրանցվել, 100-ից ավելի քաղաքացիներ են տուժել, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսվարողներին տուգանել է 100-ից մինչև 300 հազար դրամի սահմաններում։ Քննչական կոմիտեում այս պահին քրեական միայն մեկ գործ է քննվում՝ «Տաշիր Պիցցա»-ում տեղի ունեցած թունավորման դեպքով։ Գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ որևէ մեկը դեռ ներգրավված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում այս ամիս սննդային թունավորման արդեն 4-րդ դեպքն է գրանցվել