Մատչելիության հղումներ

«Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ» «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում, գործունեությունը կասեցվել է


Լուսանկարը՝ Տեսչական մարմնի
Լուսանկարը՝ Տեսչական մարմնի

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի գործունեությունը կասեցվել է, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)՝ նշելով՝ կենտրոնում սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ են հայտնաբերվել։

Մասնավորապես, ըստ Տեսչական մարմնի, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ՝ անհրաժեշտ հարմարություններով՝ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման սենյակի մեջ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների, չունեն սանիտարական գրքույկներ:

Ի դեպ, կենտրոնը գրանցված չի եղել նաև ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում, որի համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ 100 հազար դրամի չափով: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Երկու օր առաջ զարգացման կենտրոնի10 սաներ՝ 8-ից 11 տարեկան, տեղափոխվել էին հիվանդանոց՝ սննդային թունավորման կասկածանքով։ Կենտրոնում առկա սննդամթերքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից նմուշներ են վերցվել՝ լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքների մասին Տեսչական մարմինը լրացուցիչ կտեղեկացնի։

Օրերս քաղաքացիների թունավորման դեպքեր էին գրանցվել նաև «Տաշիր պիցցայում»: Նոյեմբերի 4-ից 9-ն հոսպիտալացվել է 179 քաղաքացի, 35-ը 0-18 տարեկան: Պարզվել էր, որ նրանք բոլորն օգտվել էին «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից: ՍԱՏՄ-ն հայտնեց, որ ցանցի մասնաճյուղերում արտադրատեսակներից և հումքից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում նորմայից շեղումներ են հայտնաբերվել։

XS
SM
MD
LG