«Տաշիր Պիցցա»-ի երկու մասնաճյուղերի գործունեությունն այսօրվանից կասեցված է. Հյուսիսային պողոտայի ու Խանջյան փողոցի մասնաճյուղերում 15 հոգի պիցցա է կերել ու թունավորվել: Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնն է երեկ այս մասին ահազանգեր ստացել:
Նորք ինֆեկցիոնում հիվանդների սկսել են ընդունել երեկ կեսօրից հետո ու գիշերը:
«Հիմնական գանգատները եղել են՝ բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխումներ, փորացավ, լուծ», - ասաց հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը:
Այվազյանի տեղեկացմամբ՝ բոլոր հիվանդները նույն ախտանշաններով են եղել. «Սուր աղիքային վարակ հարցական, ունեցել են սուր գաստրոէնտերիտի պատկեր»:
3-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան, մյուսները՝ մեծահասակներ, բոլորի վիճակը բժիշկը գնահատում է միջին ծանրության: Հիվանդների հետ զրուցել չթույլատրեցին:
Միայն այս 15-ը չեն, «Տաշիր Պիցցա»-ում թունավորված էլի քաղաքացիներ կան, հասկացանք թոռներին այցի եկած Յուրա Հարությունյանի խոսքից. - «Երկուսը նրանք, երկուսն էլ ճանապարհին, Մարտունի են, այնտեղի հիվանդանոցում պառկած են հիմա»:
Նրա երկու թոռները Ռուսաստանից եկած իրենց եղբայրների հետ են պիցցա կերել, թոռները ինֆեկցիոնում են, մյուս երկու հոգին Մարտունի գնալու ճանապարհին են վատացել ու տեղափոխվել տեղի հիվանդանոց: «Տաշիր Պիցցա»-ի սնունդն է թունավորման պատճառ դարձել, թե աշխատակիցների հիգիենան, Առողջապահության նախարարության ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները համաճարակաբանական միջոցառումներ են սկսել, այժմ նմուշառումներ են վերցնում:
«Մենք ունենք նախնական տեղեկատվություն՝ աղիքային թունավորում, բայց առանց ոչ հաստատված բուն պատճառի, դրա համար կիրականացնենք անհրաժեշտ միջոցառումներ, որոնց ավարտից հետո արդեն կտանք եզրակացություն», - նշեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Վահե Դանիելյանը:
Ստուգվում են նաև աշխատակիցների սանիտարական գրքույկները, ինֆեկցիոն հիվանդությամբ սնունդ պատրաստող կամ մատուցող աշխատողը կարող է վարակի փոխանցման պատճառ դառնալ, ասում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Վահե Դանիելյանը: Սակայն հիվանդների խոսքից շատ նախնական տպավորություն ունեն, որ թունավորման պատճառը հավի մսով ուտեստն է եղել
«Որոշակի սննդամթերքի խմբի նկատմամբ կան կասկածներ, այս պահին չակերտները չբացեմ, խոսքը գնում է հավի մսով պատրաստված ուտեստների մասին, մենք մեր ուշադրությունը նաև այդ ուղղության վրա ենք կենտրոնացնում: Վերջնական արդյունքները պարզ լինելուց հետո արդեն ՍԱՏՄ-ն», - նշեց Դանիելյանը:
«Տաշիր Պիցցա»-ն Հայաստանում ու Արցախում 28 պիցցերիա ունի: Հյուսիսային պողոտայի մասնաճյուղը օրը մինչև 3 հազար հաճախորդ ընդունում, այս սրահի կառավարիչը զրուցել չցանկացավ:
«Տաշիր Պիցցա»-ի մեկ այլ մասնաճյուղում ընդմիջման ժամին դատարկ էր: Սրահի մենեջերը ենթադրում է՝ թունավորման տեղեկությունն է այցելուներին վանել. տեսուչներն այս մասնաճյուղ դեռ չեն եկել: Նարինե Ազոյանն ասում է՝ համեցեք. «Մեր ընդմիջումը պատրաստվում է նույն մթերքով և վստահեցնում եմ, որ խնդիր երբեք չի առաջացել»:
Պիցցերիաների այս ցանցում, ըստ մենեջերի, օգտագործում են սառեցված հավի միս, խաշում են ու պահում շատ կարճատև. «Խաշվում է այն չափաբաժնով, որը օգտագործվելու է մոտակա 2-3 ժամվա համար, հենց մոտենում է արդեն ավարտին պատրաստվում է հաջորդը, այսինքն պահել օրերով կամ թեկուզ մեկ օր, նման երևույթ չկա, որովհետև մենք ունենք նաև ներքին ստուգման բաժին»:
Հավի կրծքամսի մասնակցությամբ պիցցան, մենեջերի խոսքով, վաճառքի առաջատարներից է. «Ինքս հավի մսով պիցցան եմ սիրում, «Եվրոպա» պիցցան»:
«Եվրոպան» է թունավորման հասցրել պիցցերիայի հաճախորդներին, թե այլ գործոն է, մանրէաբանական հետազոտությունները նվազագույնը 4 օր կտևեն։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալով՝ վերջին երկու տարում հանրային սննդի օբյեկտում այս ծավալով թունավորման դեպք չէր եղել: