Մատչելիության հղումներ

Երևանում այս ամիս սննդային թունավորման արդեն 4-րդ դեպքն է գրանցվել


Երևանում այս ամիս սննդային թունավորման արդեն 4-րդ դեպքն է գրանցվել:

«Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կենտրոններից օգտված 13 քաղաքացի թունավորվել ու հոսպիտալացվել է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է՝ նրանց մոտ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ՝ սալմոնելլա։ Նույն հարուցիչը հայտնաբերվել է նաև սննդի կետի աշխատակիցների մոտ և բուրգերի համար նախատեսված տավարի հում՝ կիսաֆաբրիկատ մսում։

Սննդամթերքի հետ շփվող մակերեսներից էլ ստաֆիլակոկ է հայտնաբերվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված հիվանդներ կան, բուժմանը մեծահասակների բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանն է հետևում:

«Բոլորն ունեցել են ջերմություն, սրտխառնոց, փորացավեր, լուծ, բոլորի նախնական ախտորոշումը եղել է սուր աղիքային վարակ, 13-ից մեկը եղել է մինչև 18 տարեկան, մնացածը` չափահաս: Վիճակները գնահատվել են միջին ծանրության, ստացել են համապատասխան բուժում, ևս երկուսը դեռ շարունակում են իրենց բուժումը մեր հիվանդանոցում: Վիճակները մոտ է բավարարին, հնարավոր է` այսօր դուրս գրվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Այվազյանը:

Մասնագետների խոսքով` աղիքային այս վարակները տարածվում են հիմնականում հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում։ Սննդի կենտրոնի աշխատակիցնե՞րն են թերացել այդ հարցում, թե՞ հաճախորդներն են վարակը դրսից ներս բերել, իսկ գուցե կիսաֆաբրիկատ մի՞սն է, օրինակ, կեղտոտ մեքենայով տեղափոխվել սննդի կետ, կամ՝ հենց նշյալ ռեստորաներո՞ւմ են խախտվել պահպանման պայմանները... Այս շղթայի հետքերով արդեն պետք է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գնա։

Կառույցի վարչության պետ Վահե Դանիելյանն ասում է՝ դժվարություններ ունեն այդ հետագիծը պարզելու հարցում. «Շատ կան դեպքեր, երբ նույն շուկայից ձեռքբերումներ են լինում, առանց համապատասխան փաստաթղթավորումների ապրանքների մատակարարումներ, հնարավորություն չեն տալիս օպերատիվ կերպով հետազոտելիությունն ապահովելու: Պետք է ապրանքները միշտ փաստաթղթավորում ունենան, որպեսզի մենք հասկանանք` որ խմբաքանակն է եղել, ով է եղել մատակարարը, ինչ միջոցով է մատակարարում իրականացրել»:

Տեսչական մարմնի պաշտոնյան ասում է՝ հիմնականում փաստի առաջ են կանգնում, երբ խնդիր է առաջանում գյուղմթերքի հետ։ Ասաց՝ օրինակ` ամսվա սկզբին «Տաշիր» պիցցայի թունավորման դեպքերից հետո վարակ է հայտնաբերվել նաև աղցաններում օգտագործված հազարի թերթիկներում։ ՍԱՏՄ աշխատակիցները դրանց հետքով հասնում են մինչև իրացման կետ, ու այդտեղ կապն ընդատվում է՝ պարզ չէ, թե որ գյուղացին կամ տնտեսվարողն է այն վաճառքի հանձնել մեծածախ կենտրոն։

Սննդամթերք արտադրող ու իրացնող այսպիսի 350 հազար տնտեսվարողների մասին է խոսքն` ըստ Դանիելյանի, որոնք իրենց տեսադաշտից դուրս են։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը հակադարձում է՝ պետական մարմինները հաճախ բիզնես շահը գերադասում են սպառողի առողջությունից։ Նա պնդեց՝ պետական համապատասխան օղակներոում համագործակցություն չկա, արդյունքում, մեկը մյուսից տեղյակ չէ, թունավորման դեպքերն էլ շարունակվում են:

«Էկոնոմիկան կասի` դե ես ի՞նչ անեմ, Առողջապահությունը կասի` ես ի՞նչ անեմ, ես ունեմ մի հատ ՀՎԿԱԿ, թունավորումն եղել է, գնացել է, հասկացել է, թե ինչից է, ավելի գործառույթ ես չունեմ: Ու օբյեկտիվորեն կլինի ճիշտ, ՍԱՏՄ-ն կասի` դե գիտեք, ես այդ գործիքները չունեմ, հնարավորությունը չունեմ, ես ծառայություն էի, նորմալ հիմնարկ էի, դրեցին, թևերս կտրեցին, սարքեցին տեսչական մարմին:

Ամեն մեկի ասածի մեջ կարող ենք գտնել, բայց դա չի նշանակում, որ մենք համակարգից դա պահանջելու իրավասություն չունեն: Ինչո՞ւ, որովհետև ՍԱՏՄ-ն ինքը կարող էր նախաձեռնել, որ այս վիճակն այսպես չմնար, Էկոնոմիկան ինքը կարող էր հասկանալ ոլորտի վիճակը և համապատասխան քաղաքականություն մշակեր: Առողջապահության նախարարությունը կարող էր տեսնել, որ այս ուղղությամբ բան չի արվում, և հիվանդաների հոսք ունի իր մոտ, ասեր` եկեք, հասկանանք, որ դուք չեք անում, տվեք, ես անեմ: Ինքն էլ սա չի արել:

Մենք ոչ թե ունենք այս մարմինների միջև փոխգործակցության խնդիր, մենք ունենք խնդիր առողջ համակարգ ունենալու», - ասաց Պիպոյանը:

Ամիրյան փողոցում գտնվող «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կետերից «Ազատության» այցի ժամանակ փակ էր միայն «Բուրգըրին»։ «Երեմյան Փրոջեքթս»-ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանն ասաց՝ սննդի բոլոր կետերից շատ արագ դուրս են բերել կասկած հարուցող սննդամթերքները:

«Նոյեմբերի 19-ին մեզ մոտ թունավորման դեպքեր արձանագրվեցին, այդ պահից սկսած մենք անձամբ ահազանգել ենք և ՍԱՊԾ, և Առողջապահության նախարարություն, և անհրաժեշտ գործողություններն իրականացվել են իրենց կողմից: Այդ պահից սկսած արդեն հաջորդ օրը, մեր որոշմամբ, դադարեցրել ենք ռեստորանի գործունեությունը: Օր առաջ, ժամ առաջ սպասում ենք, որ գան նմուշառման արդյունքները, որովհետև մեզ համար անչափ կարևոր է, որ հասկանանք` ինչումն է հարցը», - նշեց Գևորգյանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են` այս տարի թունավորման մոտավորապես 17 դեպք է գրանցվել, այդ թվում՝ զարգացման և կրթական կենտրոններում։ ՍԱՊԾ-ից նաև պնդեցին՝ յուրաքանչյուր դեպքով իրենք վարչական պատասխանատվության են ենթարկել տնտեսվարողներին 100-ից մինչև 300 հազար դրամի սահմաններում։

XS
SM
MD
LG