Էդ գերիները էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան

«Գիտե՞ք ովքեր են էդ մարդիկ... զենքը դրել են ու փախել», - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսպես է խոսում գերեվարված հայ զինծառայողների մասին, երբ հեռու է բարձրախոսներով ամբիոններից։

«Գիտե՞ք ովքեր են էդ մարդիկ... զենքը դրել են ու փախել», - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսպես է խոսում գերեվարված հայ զինծառայողների մասին, երբ հեռու է բարձրախոսներով ամբիոններից։

«Եթե ես էդ գերիների պատճառով պըտի Սյունիք կորցնեմ, եթե ես պըտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող ա վատ, սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան», - ասում է Սիմոնյանը տելեգրամյան ալիքներից մեկի գաղտնի նկարահանված տեսանյութում։

Այնուհետև արդեն ավելի ընդարձակ մի տարբերակ հավանաբար խորհրդարանի նախագահի նախաձեռնությամբ տարածվեց՝ «Ինչ է իրականում ասել Ալեն Սիմոնյանը» վերնագրով։

Մոնտաժված ու չմոնտաժված տարբերակների միջև մեծ տարբերություններ չկան, զրույցը ձայնագրվել է Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

«Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պատանդ դնենք... Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել և փախել են», - ասում է Սիմոնյանը:

Նա տելեգրամյան ձայնագրության մեջ հիմնավորում է, թե ինչու գերեվարված զինծառայողների ծնողները ակտիվ չեն։ Որովհետև, ասում է, գիտեն, որ իրենց որդիները դասալիք են։

Ի դեպ, իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար գերեվարվածների հարազատներին հորդորում են շատ չխոսել, չխանգարել իրենց որդիների վերադարձի գործընթացին։

Տեսանյութի տարածումից կարճ ժամանակ անց խորհրդարանի նախագահը փորձեց բացատրել, թե ինչ է ցանկացել ասել, և ընդհանուր առմամբ վերահաստատեց այն ինչ տեսանյութում է ասել. - «Ցավոք սրտի, կան զինվորներ և սպաներ, որոնք որ իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Ալեն Սիմոնյանը կանխակալ վերաբերմունք դրսևորում ու իրավապահի դեր ստանձնում՝ պնդելով, թե գերեվարված զինծառայողները դասալիքներ են։

Սիմոնյանը արձագանքեց. - «Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև վարչապետն է դրա մասին խոսել Ազգային ժողովի ամբիոնից, Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նման դեպքերում պետք է պատասխանատվություն կրվի։ Եվ էդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել և Հայաստանի Հանրապետության սահմանը պաշտպանելու փոխարեն, նախընտրել են հանձնվել»։

«Հայաստան վերադարձված բոլոր գերիները հարցաքննվել են, և նրանցից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել», - շեշտում է հայ գերիների շահերը Ստրասբուրգի դատարանում ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ շարունակելով. - «Ինչքանո՞վ է նպատակահարմար, երբ քննությունը որևէ դեպք չի հիմնավորել, այսինքն՝ հերքվել են այդ վարկածները, կամ առայժմ ապացույցների բավարարություն չկա, որ որևէ պաշտոնատար անձ՝ քաղաքական ուժի ներկայացուցիչ այս բոլոր անձնաց անմեղության կանխավարկածը և շատ այլ իրավունքներ խախտելով, հրապարակային տեսակետ ձևավորի, որ նրանք կամովին գերի ընկած գերիներ են, ըստ էության՝ վերագրի հանցագործության կատարում»։

Ենթադրվում է, որ խորհրդարանի ղեկավարը խոսում է նոյեմբերի 16-ին Սյունիքի Իշխանասարի և Ծիծեռնաքարի լեռնային հատվածում գերեվարված 30-ից ավելի զինծառայողների մասին։ Այդ օրն ադրբեջանական զինուժը առաջխաղացման փորձ էր արել, գրավել էր երկու հենակետ, գերեվարել էր 32 հայ զինծառայողների։ Նրանցից 11-ը ավելի ուշ վերադարձվել էին։

Վարչապետ Փաշինյանն էր ավելի վաղ խոսել այդ օրը գերեվարված զինծառայողների մասին՝ ասելով, թե դեռ պետք է քննությունը պարզի նրանց գերեվարման հանգամանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հերոսացումից՝ մեղադրանքներ». գերիների մասին Փաշինյանի վերջին հայտարարությունը անպատասխանատու մոտեցում է որակվում

Զրուցեցինք Իշխանասարի հատվածից գերեվարված ու մինչև այժմ Բաքվի բանտում պահվող շարքային զինծառայողներից մեկի հարազատի հետ։ Նա ասաց, որ ապշած է. բարձրաստիճան պաշտոնյան խոսում է գերիների մասին ու տեղյակ չէ, թե ինչ է իրականում եղել. քրեկաան գործի նյութերից է հայտնի՝ հրամանատարը փախել է, զինվորները մնացել են ադրբեջանցիների առջև՝ անպաշտպան ու առանց հրամանի։

«Էդ աբսուրդ ա։ Մանավանդ իրա մակարդակում գտնվող մարդը, ես վստահ եմ, որ կարա գործի հանգամանքներին տեղեկանա ու իմանա ինչ ա էղել, մանավանդ որ քննություն ա ընթանում։ Նենց չի, որ ցանկացած գերի ընկնող մարդ ինքը դավաճան ա կամ դասալիք ա»։

«Գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան կամ դասալիք են». խորհրդարանի նախագահի այս ձևակերպումները «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը համարում է զառանցանք. - «Ես ամենից շատ ուզում եմ, որ իշխանություն ունեցողները և մեր հարկերից վճարվողները չզառանցեն մեր հաշվին։ Ասենք, գնան տանը զառանցեն, նարդու սեղանի շուրջ զառանցեն... Բայց քանի որ պաշտոնյա են, իրենք միշտ ուշադրության կենտրոնում են»։

Լևոն Բարսեղյան

Բարսեղյանը հարցնում է՝ ի՞նչ հետաքննությամբ է Սիմոնյանը ապացույցներ ձեռք բերել, որ գերեվարված զինծառայողները դասալիք են. - «Մարդը որոշել է, որ արդեն ինքը բոլոր գերիների գործերը քննել է։ Ինչքան գերի որ ունենք, որոնց մասին տեղյակ է, ինչքան գերի որ ունենք, որոնց մասին տեղյակ չէ, ոչ մեկս տեղյակ չենք, բոլորին հայտարարում է դասալիք։ Վարչապետը գոնե ասում է՝ հլը պըտի պարզենք։ Էս մարդը արդեն պարզել է։ Ի՞նչ պըտի պարզեք, պարոն Փաշինյան, զանգեք Սիմոնյանին, հարցրեք՝ պարզե՞լ ես, ընկեր, թե պարզել ես, տուր իմանանք, բա ինչի՞ եմ ես հելնում-ասում պարզելու եմ»։

Տարբեր իրավապաշտպաններ, հանրային գործիչներ գերիների վերաբերյալ խորհրդարանի ղեկավարի ձևակերպումներից հետո մեկ հանգուցալուծում են պատկերացնում՝ Սիմոնյանի հրաժարականը։

Լևոն Բարսեղյանը նույն կարծիքին է. - «Պիտի հրաժարական տա Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, իր խմբակցությունը պիտի հասկացնի, որ չի կարող այդ պաշտոնում լինել մեկը, ով պիտի մրցի Աղազարյանի հետ, Գալուստ Սահակյանի հետ... և մանդատը ձեռից առնի, ասի՝ գնա տուն, ախպեր ջան, մեդիայով էիր զբաղվում, տիեզերագիտությամբ էիր զբաղվում, չգիտեմ ինչով էիր զբաղվում, գնա' ստեղից»։