Բելառուսի և Եվրամիության սահմաններին մայիսից շարունակվող ներգաղթյալների ճգնաժամին ի պատասխան Բրյուսելը Լուկաշենկոյի վարչակազմի դեմ հերթական պատժամիջոցի փաթեթն է ընդունում։ Փաստաթուղթն ակնկալվում է հաստատել վաղը։
Մինչ այդ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի աղբյուրները տրամադրել են փաստաթղթի պատճենը, որի համաձայն Եվրամիության սև ցուցակը կհամալրեն բելառուսական, սիրիական և թուրքական ընկերություններ, ինչպես նաև մի խումբ բելառուս սահմանապահներ, դատավորներ` ընդհանուր առմամբ 17 պաշտոնյա և 11 ընկերություն։
Ցուցակում ընդգրկվել են «Բելավիա» ազգային ավիափոխադրողը, տուրիստական կազմակերպություններ, որոնց Եվրամիությունը մեղադրում է ներգաղթյալներին Բելառուս հասցնելու համար։ Բացի այդ Բրյուսելը թիրախավորել է նաև բելառուս դատավորների, դատախազների, որոնք, ինչպես պնդում է դաշինքի ղեկավարությունը, 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրություններից հետո օգնել են Ալեքսանդր Լուկաշենկոյի ավտորիտար ռեժիմին ճնշել այլախոհությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ պատժամիջոցները Մինսկի դեմ ուժի մեջ կմտնեն նոյեմբերի վերջինՃգնաժամի համար Եվրամիությունը մեղադրում է Լուկաշենկոյին՝ պնդելով, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդը միտումնավոր դյուրացրել է Մերձավոր Արևելքից ներգաղթյալների մուտքը Մինսկ և ուղղորդել նրանց դեպի դաշինքի սահմաններ։ Բրյուսելը հայտարարում է, որ Բելառուսի ղեկավարն այդկերպ վրեժխնդիր է լինում նախագահական ընտրություններից հետո իր վարչակազմի դեմ սահմանված ցավոտ պատժամիջոցների համար։
«Այդ շանտաժը, սակայն, ստացավ հակառակ արդյունքը», - անցյալ շաբաթ ներկայացնելով Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը՝ Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ շարունակելով, - «իրավիճակը Բելառուսի հետ մեր սահմաններին՝ առանձնակի դաժանության հիբրիդային սպառնալիք է, որն ուղեկցվում է մարդկանց գործիք դարձնելու պետության գործողություններով՝ քաղաքական նպատակների հասնելու համար։ Սա Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի համար երկկողմանի խնդիր չէ։ Մարտահրավերը նետվել է ամբողջ Եվրոպական միությանը։ Այն նախաձեռնվել և կազմակերպվել է Լուկաշենկոյի ռեժիմի և նրան աջակցողների կողմից՝ մարդկանց սահմանով գայթակղելու, միգրանտների առևտրով զբաղվողների և հանցավոր ցանցերի հետ գործակցության ճանապարհով», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները դատապարտում են Բելառուսի պահվածքըԲելառուսի և Եվրամիության անդամ Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի հետ սահմաններին իրադրությունը սրվել է շաբաթներ առաջ, երբ հազարավոր ներգաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից, բելառուս ուժայինների ուղեկցությամբ հասել էին այստեղ՝ Եվրամիության տարածք մտնելու հույսով։ Բախվելով կոշտ դիմադրության ներգաղթյալները ապարդյուն փորձում էին հատել սահմանը, որի երկայնքով մեկ փշալարեր և հազարավոր զինվորականներ են տեղակայված։
Մինսկը կտրականապես հերքում է իր սահմաններին միտումնավոր ճգնաժամ ստեղծելու մեղադրանքները և պնդում, որ Մերձավոր Արևելքից ներգաղթյալներին ապօրինաբար չէ տեղափոխել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո. «Բելառուսին կոնֆլիկտ պետք չէ, այն ձեռնտու է միայն Լեհաստանին»Այդուհանդերձ վերջին օրերին պատժամիջոցների սահմանման մասին Բրյուսելից հնչող հայտարարությունների ֆոնին բելառուսական իշխանությունները ապամոնտաժել են երկրի տարածքում գտնվող մի շարք ժամանակավոր վրանային ճամբարներ՝ հայրենիք վերադարձնելով այնտեղ ապաստանած շուրջ երկու հազար ներգաղթյալների։
Բրյուսելն արդեն մի շարք պատժամիջոցներ է սահմանել Ալեքսանդր Լուկաշենկոյի շրջապատի նկատմամբ, որին դաշինքը չի ճանաչում որպես լեգիտիմ նախագահ և անվանում է ավտորիտար առաջնորդ։ Նոր փաստաթուղթը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել բոլոր տեսակի ցամաքային, օդային, ծովային տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Խոսքը մի շարք սահմանափակումների մասին է՝ ընդհուպ եվրոպական շուկայում դրանց գործունեության արգելքի, Եվրամիության տարածքով չվերթներ իրականացնելու իրավունքից զրկելու կամ Միության տարածքում տրանսպորտային ծառայությունների մատուցման արգելքի։ Առաջարկվում է նույնիսկ արգելել այդ ընկերություններին պատկանող փոխադրամիջոցների լիցքավորումը, կանգառը Եվրամիության տարածքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը պաշտոնապես փակում է իր օդային տարածքը «Բելավիա»-ի դիմացDeutsche Welle-ի տվյալներով` հուլիսի սկզբից Մինսկում ընդհանուր առմամբ վայրէջք է կատարել ավելի քան 600 օդանավ Լիբանանից, Իրաքից, Սիրիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Թուրքիայից։ Այս թռիչքների մեծ մասն իրականացվել է Բելառուսի պետական ավիաընկերության կողմից, որի համար Եվրամիության օդային տարածքն արդեն փակ է, Եվրամիությունը հունիսին նման արգելք էր սահմանել, երբ Լուկաշենկոյի ռեժիմը Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող Ryanair ընկերության ինքնաթիռին Բելառուսի տարածքում վայրէջք էր պարտադրել և ձերբակալել ուղևորների թվում գտնվող ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկում ձերբակալվել է Nexta Տելեգրամ ալիքի նախկին ղեկավարը