Միջանցքի մասին իշխանությունների հավաստիացումներին չենք հավատում. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատության» տաղավարում։

«Ազատության» տաղավարում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ազատություն». - Ինչպես օրերս դուք խորհրդարանի ամբիոնից բնորոշեցիք՝ սահմանագծումն այսօր արյունով է իրականացվում։ Ուստի ճիշտ չէ՞ օր առաջ սկսել հանձնաժողովով, քարտեզներով աշխատանքը, ինչի մասին կարծես Սոչիի եռակողմ հայտարարությունն է։

Օհանյան. - Որպեսզի խառը հարևան պետությունների հանձնաժողով ստեղծվի, պետք է հակառակորդ պետությունները առնվազն դառնան հարևան պետություններ և խաղաղ ապրելու պատրաստակամություն հայտնեն։ Արդյո՞ք այսօր Ադրբեջանի Հանրապետությունը և թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է խաղաղ ապրել հայ ժողովրդի հետ։ Նրանց և' հռետորաբանությունը, և' հայատյացությունը, և' ներքին քաղաքականությունը, և', ամենակարևորը, որ ակնհայտ երևում է, գործողությունները, սադրանքները, հարձակողական՝ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունները խոսում են նրա մասին, որ նա սահմանազատում և սահմանագծում հասկացությունը հասկանում է միակողմանի պարտադրանքի ձևով, պարտադրանքի մեթոդով։ Նախկինում օգտագործելով հիբրիդային պատերազմի էլեմենտները, այսօր էլ օգտագործելով սողացող պատերազմի սկզբունքը, այսինքն՝ տարածքներ պոկելու մեթոդով պարտադրել Հայաստանին գնալ խաղաղության։ Սա մեր համար անընդունելի է, որովհետև դրա հիմքում նաև դրված է երկու հարևան պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումը։ Իսկ ճանաչել տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի Հանրապետության, դա նշանակում է մեծ հարված հասցնել Արցախի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին, իր իսկ տարածքում ինքնորոշված վիճակում ապրելու իրավունքին։

«Ազատություն». - Բայց մեջտեղում Ռուսաստանը կա, որը միջնորդում է, առնվազն հիմա փաստաթուղթ է նախապատրաստվում մեխանիզմներ ստեղծելու, էլի գրված է՝ ռուսական միջնորդությամբ, եթե կողմերն ուզենան։

Օհանյան. - Մենք սահմանագծմանը և սահմանազատմանը, նաև գլոբալ առումով խաղաղությանը իհարկե դեմ չենք։ Բայց դրա համար պայմաններ պետք է լինեն։ Եթե դա մեծ հարված է հասցնում Արցախի Հանրապետությանը, Արցախի ժողովրդին, մենք դեմ ենք։ Մանավանդ որ հաջորդ քայլը այն միջանցքի մասին խոսակցությունն է, որ իրենք տանում են։ Իհարկե, մենք ասում ենք ապաշրջափակում, իրենք նորից, վերջին հայտարարությունը Ադրբեջանի նախագահի, կարծեմ Աշխաբադում, որ միջանցի գաղափարը կամաց-կամաց առաջ է գնում։ Իսկ միջանցք տրամադրելը նշանակում է ապաշրջափակման անվան տակ Հայաստանը բերել խորը շրջափակման։

«Ազատություն». - Այս հարցում ձեզ Երևանի հավաստիացումները չե՞ն բավարարում, որ չենք տալու միջանցք։

Օհանյան. - Երևանի հավաստիացումները իհարկե չեն բավարարում, որովհետև այստեղ առաջին հերթին գոյություն ունի թուրքական, կամ թուրք-ադրբեջանական խաբկանքը։ Եթե իրենց թվում է, որ խաղաղության քողի ներքո այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրելու են մեր հետ, նույնիսկ եթե այդ սահմաններն ամբողջությամբ գծված լինեն և կահավորված լինեն, միևնույն է, Խորհրդային Միության կազմում համատեղ ապրելու փորձը ցույց է տալիս, որ միշտ էլ բախումներ եղել են։ Երկրորդը, դուք խոսում եք մեր ներքին հավաստիացումների մասին. բոլոր այդ խոսքերը, որոնք որ տրվել են մեր ապագայի վերաբերյալ, մեր անվտանգության և պայքարը շարունակելու վերաբերյալ, խոսում են նրա մասին, որ մինչև պատերազմը, պատերազմի ժամանակ ոչ լիարժեք, ոչ պատշաճ մակարդակի կառավարման արդյունքում, իսկ պատերազմից հետո էլ, որ անգրագետ, ոչ հետևողական կառավարման արդյունքում ենք մենք այսօր հայտնվել այս իրավիճակում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.