Ալիևը և Էրդողանը կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին

Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հերթական միջազգային հարթակում խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։

«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից», - հայտարարել է Իլհամ Ալիևը նախօրեին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում։

Ակիևը նաև գործընկերների հետ կիսվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող ծրագրերով, պատմել վերակառուցման աշխատանքների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչ Երևանը բացառում է միջանցքային տրամաբանությունը, Բաքվում սպառնում են ուժով լուծել հարցը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը մի կողմից «բռունցքով» սպառնում է, մյուս կողմից` խաղաղության կոչ անում

Նա նշել է, որ այդ նպատակի համար պետական բյուջեից շուրջ 1,3 մլրդ դոլար է հատկացվել, և նախատեսում են հաջորդ տարի էլ նույն ծավալով շարունակել այդ նախագծերը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին է ընդգծել տարածաշրջանային ենթակառուցվածների ընդլայնման կարևորությունը՝ հայտարարելով, թե հաջողությամբ շարունակվում է ժամանակակից Մետաքսի ճանապարհի վերածնունդը։

«Այս առումով Թուրքիայի առաջնորդությամբ կյանքի կոչված Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն այս ուղղությամբ մեր ջանքերի լավագույն դրսևորումն է, մեր երկիրը տարածաշրջանի հետ կապող Զանգեզուրի միջանցքի կարևորությունը ևս ակներև է», - ասել է Էրդողանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով տրանսպորտային միջանցքների զարգացման կարևորությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օր կգա, երբ մենք Զանգեզուրից կկարողանանք հասնել մինչև Ստամբուլ». Էրդողան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան նոր նախապայմաններ է դնում՝ հարաբերությունների հաստատման համար. Միրզոյան

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ անցած տարվա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար դռներ են բացվել։ Նա նշել է, որ Թուրքիան, ինչպես նաև Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, սատարում են Ադրբեջանին այս գործընթացում։

Ադրբեջանին աջակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների պատրաստակամությունն ամրագրվել է 15-րդ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ։

Գագաթնաժողովի շրջանակներում կայացել են նաև Իրանի և Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումները։ Թայիփ Էրդողան- Էբրահիմ Ռաիսի հանդիպման ժամանակ երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության զարգացման կարևորությունը, շեշտվել է փոխգործակցության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, շեշտել է Ռաիսին Էրդողանի հետ հանդիպմանը

Առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպող Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռաիսին զրույցի ընթացքում քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման համատեքստում համագործակցության տեսլականը։ Ալիևը նշել է, որ հաղորդակցության այդ գծից կօգտվի նաև Իրանը։

Վերջին շրջանում Բաքվի և Թեհրանի միջև ծագած անհամաձայնություններից և դիվանագիտական ճգնաժամից հետո երկու առաջնորդներն ընդգծել են՝ իրենց խնդիրները պետք է ինքնուրույն լուծեն։ Ալիևը համոզմունք է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունն էլ ավելի կխորանա Աշգաբատում Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև կնքված գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագրի շնորհիվ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի ու Թեհրանի միջև դիվանագիտական շփման բառապաշարը կոշտանում է