Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի դիրքորոշումը անփոփոխ է՝ Երևանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի և լուծի խնդիրները Ադրբեջանի հետ: Այս մոտեցումը կարմիր թելով անցնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ֆիզուլի և Զանգելան այցի ընթացքում արած հայտարարություններում:
Նախօրեին Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով մասնակցել էր Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը, այնուհետև Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ավտոճանապարհի հիմնարկեքին: Ալիևի խոսքերով, այդ ճանապարհը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմելու:
«Զանգելանը տեղակայված է արևելյան Զանգեզուրի շրջանում, և այստեղով անցնող միջանցքը միավորելու է ողջ թյուրքական աշխարհը: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այս ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկում: Վստահ եմ, որ մոտ ապագայում այդ քայլերը արդյունք կտան», - ընդգծել է Ալիևը:
Չնայած Թուրքիայի նախագահը իր խոսքում ուղղակիորեն չի անդրադարձել միջանցքի թեմային, բայց նշել է, որ ներկայումս Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար պայմանները բարենպաստ են ավելի, քան երբևէ:
«Օր կգա, երբ մենք Զանգեզուրից կկարողանանք հասնել մինչև Ստամբուլ», - Ադրբեջանի նախագահի հետ Զանգելանում համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ այդ տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթգծերը տնտեսական ու առևտրային հարաբերություններ կստեղծեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ այդ տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթգծերը տնտեսական ու առևտրային հարաբերություններ կստեղծեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար:
«Կամրապնդվեն նաև տարածաշրջանի դիրքերը` որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն: Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում` Իրանը, Վրաստանը և Հայաստանն այդ զարգացումներից կշահեն», - հավելել է նա:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այս տարածաշրջանային նախագծերը նպատակ ունեն ներառել բոլոր երկրներին, սակայն այդ գործընթացի բնականոն ընթացքի համար կարևոր է ճանաչել միմյանց սահմանները: Էրդողանը նաև Հայաստանին հիշեցրել է ավելի վաղ հնչեցրած իր մոտեցումը այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շաղկապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների լուծման հետ:
«Մենք կողմ ենք կայուն խաղաղությանն ու բազմակողմ հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է որոշել պետական սահմանները և փոխադարձաբար դրանք ճանաչել: Հենց դրա վրա էլ պետք է հիմնվեն բարիդրացիական հարաբերությունները: Այդօրինակ հարցերում Հայաստանին քաղաքական կամք է պետք` Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար: Եվ եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար ոչ մի խոչընդոտ չի մնա», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը վստահ է՝ այս տարածաշրջանի համար խաղաղ համակեցությամբ փայլուն ապագան շատ իրատեսական է, և Թուրքիան պատրաստ է ընդառաջ գնալ կառուցողական քայլերին:
Ֆիզուլիից վերադարձի ճանապարհին ինքնաթիռի մեջ լրագրողների հետ զրուցի ընթացքում Էրդողանը կրկին խոսել է տարածաշրջանային գործընթացների մասին՝ մասնավորապես անդրադառնալով Թեհրանի ու Բաքվի հետ վերջին շրջանում լարված հարաբերություններին: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Իրանի դիրքորոշումը չի՞ խոչընդոտում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված Էրդողանի և Ալիևի համատեղ ջանքերին: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Թեհրանը ևս ողջամիտ քայլեր կձեռնարկի, և Իրանի ու Ադրբեջանի միջև խնդիրները կհարթվեն:
Վերջին ամիսներին Հայաստանի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին Անկարայից հնչող հայտարարություններում որպես ոչ ուղղակի նախապայման նշվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, որը կենթադրի միմյանց սահմանների ճանաչում, տարածաշրջանային ապաշրջափակում։ Հայաստանի իշխանությունները, որ խոսում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մանդատ ստանալու մասին, հնարավոր փաստաթղթի գոյության մասին որևէ հստակ հայտարարություն չեն արել։