Պուտինը հույս ունի, որ առաջիկայում կհաջողվի որոշումներ ընդունել տրանսպորտային հաղորդակցության միջոցների ապաշրջափակման վերաբերյալ

Ավարտվել է երեք ժամ առաջ Սոչիում մեկնարկած Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը, որը սկսելիս Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, թե մոտ ժամանակներս կարող են որոշումներ ընդունվել Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին։

«Կան հիմքեր ենթադրելու, որ առաջիկա ժամանակներում մենք ոչ միայն կհաստատենք ճանապարհների ապաշրջափակման հարցերով համապատասխան խմբի գործունեությունը, այլ նաև կընդունենք բոլորի համար անհրաժեշտ որոշումներ», - հանդիպման մեկնարկին հայտարարեց Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինը նաև հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կողմերը կսկսեն աշխատանքները սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ։ Ռուսաստանի նախագահը չի հստակեցրել, թե ինչ ասել է մոտ ժամանակներս, և արդյոք այսօր կստորագրվի՞ որևէ փաստաթուղթ, փոխարենն ընդգծել է, որ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ցանկացած շփում, այդ թվում՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը։ Պուտինը, միաժամանակ, հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպմանը կողմերը «որոշակի քայլեր կձեռնարկեն եռակողմ ձևաչափով, որպեսզի բրյուսելյան հանդիպումն ավելի արդյունավետ անցնի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Ադրբեջանի նախագահը հարկ է համարել ընդգծել, որ անցած մեկ տարում իրավիճակը Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, լուրջ բախումներ չեն եղել, նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն էլ՝ հիմնականում կատարվել են։ Չկարգավորված ամենակարևոր հարցերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է, ընդգծել է Ալիևը։ Մյուս հարցը, որ նրա խոսքով, մտահոգում է Բաքվին, իրավիճակն է հայ-ադրբեջանական սահմանին։

«Ադրբեջանը բազմիցս առաջարկել է անհապաղ սկսել սահմանազատման աշխատանքները, ինչպես նաև բազմիցս բարձրաձայնել է խաղաղության պայմանագիր կնքելու հարցը, որպեսզի երկու երկրները ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և այսուհետ շարունակեն ապրել որպես հարևաններ», - ընդգծեց նա։

Հայաստանի վարչապետը Պուտինի և Ալիևի հետ չհամաձայնեց, որ իրավիճակը հրադադարից հետո հանգիստ էր, նշեց, որ եղել են միջադեպեր, բացի այդ խոսեց Երևանի համար առանցքային հարցերի՝ գերիների վերադարձի, Հայաստանի տարածք մտած ադրբեջանական զինուժի և ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին։

«Ուզում եմ ընդգծել, որ իրավիճակը այնքան էլ կայուն չէ, որքան կցանկանայինք։ Անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո մի քանի տասնյակ մարդ է զոհվել՝ երկու կողմերից, միջադեպեր են լինում նաև Լեռնային Ղարաբաղում։ Մայիսի 12-ից մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին, մեր գնահատականով, Ադրբեջանի զորքը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք», - ընդգծեց Փաշինյանը։

Սրա հետ մեկտեղ Հայաստանի վարչապետը պնդեց, թե պատրաստ է բանակցել: «Այսօր չենք հավաքվել միայն խնդիրներից խոսելու համար, այլ՝ դրանք կարգավորելու», - ասաց նա, հավելելով՝ Հայաստանը նույնպես պատրաստ է սկսել սահմանազատման աշխատանքները և շահագրգռված է ճանապարհների ապաշրջափակմամբ։

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Փաշինյանը պնդեց, որ այդ հարցի շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահը կողմերի հետ բանակցություններից առաջ այսօր զրուցել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, ով հայ և ադրբեջանցի գործընկերների հետ տարեսկզբից քննարկում է տարածաշրջանում տրանսպորտային կապերի և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունները։ Բացի այդ, Պուտինը այսօր նաև հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի և Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարի հետ, որին և ենթարկվում է սահմանապահ ծառայությունը։ Թե ինչ են զեկուցել ռուս պաշտոնյաները նախագահին՝ Պուտինը չի հստակեցրել։

Վերջին պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանը պետք է կապ ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, և որ այդ ճանապարհի անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցները։

Կրեմլը հաղորդել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը պատրաստվում է այսօր նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։