Եվրամիությունը մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը

Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում, արխիվ

Եվրամիությունը սահմաններին միգրացիոն ճգնաժամի ֆոնին մտադիր չէ Բելառուսի հետ քննարկել պատժամիջոցների հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։

Նրա խոսքով՝ Բրյուսելի վերաբերմունքը Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարության դեմ միջազգային պատժամիջոցներին մնում է անփոփոխ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Բելառուսի դեմ պատժամիջոցների 5-րդ փաթեթը

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները քննադատել են Մինսկին։ Նրանք Բելառուսի ղեկավարությանը մեղադրում են անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ և պահանջում «դադարեցնել մարդկանց շահագործման ագրեսիվ արշավը»։ Նախարարները հայտարարության մեջ նշել են, որ Լուկաշենկոյի կառավարությունն այսպիսով փորձում է շեղել ուշադրությունը մարդու իրավունքների խախտումներից։

Պաշտոնական Մինսկը միգրացիոն ճգնաժամի մեջ մեղադրում է արևմտյան երկրներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճգնաժամը լեհ-բելառուսական սահմանին շարունակվում է

Հազարավոր ներգաղթյալներ՝ հիմնականում Մերձավոր Արևելքից, շարունակում են կուտակված մնալ Բելառուսի տարածքում՝ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի սահմաններին՝ փորձելով անօրինական մուտք գործել Եվրամիության տարածք։