Լեհաստանն օգնություն է ակնկալում ՆԱՏՕ-ից
Լարվածությունը լեհ-բելառուսական սահմանին հետզհետե սրվում է, Բելառուսի տարածքում կուտակված հազարավոր միգրանտներ ամեն կերպ փորձում են տեղափոխվել Եվրամիության տարածք:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկին ՆԱՏՕ-ի դաշնակիցներից օգնություն է պահանջում, ասելով, թե խոստումների և դատապարտումների փոխարեն անհրաժեշտ են կոնկրետ քայլեր:
Նա նշել է, որ Լեհաստանը, Լիտվան և Լատվիան կարող են օրակարգ բերել ՆԱՏՕ-ի պայմանագրի չորրորդ հոդվածը, որով դաշնակիցները սկսում են խորհրդակցություններ, եթե առաջանում է սպառնալիք անդամ երկրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և անվտանգությանը:
«Բելառուսը չի նահանջի»
Բելառուսի ղեկավարը հավաստիացնում է, թե Մինսկին պետք չէ կոնֆլիկտ Արևմուտքի հետ, և այն, իբր, ձեռնտու է նախ և առաջ Վարշավային: Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այդ մասին խոսել է Բելառուսի նոր Սահմանադրության նախագիծը մշակող խմբի հետ հանդիպման ընթացքում: Նա ասել է, թե Բելառուսը չի նահանջի:
«Պատժամիջոցներով են վախեցնում: Նրանք կարծում են, թե ես կատակում եմ, չկա այդպիսի բան, մենք կպաշտպանվենք մինչև վերջ, նահանջելու տեղ այլևս չունենք»,- ասել է Բելառուսի ղեկավարը:
Խոսելով Եվրամիությանը վնաս հասցնելու նպատակով փախստականների ճգնաժամ հրահրելու Արևմուտքից հնչող մեղադրանքի մասին` Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը նման բան չէր անի «այն պարզ պատճառով, որ դա վնաս կհասցներ սեփական շահերին»:
Նա հավաստիացնում է, որ Բելառուսը պատրաստ է բոլոր միգրանտներին հետ ուղարկել իրենց երկրներ, սակայն այդ մարդիկ համառ են և «Արևմուտքի գործողությունների հետևանքով ավերված ծննդավայրեր վերադառնալու մտադրություն չունեն»:
Լուկաշենկոն պնդում է, թե Արևմուտքն է բորբոքում միգրանտների խնդիրը և այդպես ուզում է պատժել Բելառուսին ճնշումներին չենթարկվելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար:
Պուտին. «Բելառուսը ճգնաժամի հետ կապ չունի»
Այս օրերին Լուկաշենկոն հաճախ է ասում, թե Ռուսաստանն է Բելառուսի ավագ եղբայրը և անկեղծ դաշնակիցը: Ավագ եղբայրն էլ անցած շաբաթավերջին իր համերաշխությունն է հայտնել Բելառուսին:
«Բելառուսն այդ ամենի հետ կապ չունի, միգրանտներն ուրիշ ճանապարհներով էլ են գնում, այն փաստը, որ Բելառուսի տարածքն են օգտագործում՝ բնավ չի զարմացնում, Բելառուսի և այդ երկրների միջև առանց վիզայի ռեժիմ է»,- ասել է Պուտինը:
Եվրամիության ԱԳ նախարարները հավաքվել են Բրյուսելում
Այսօր Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարները քննարկում են Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը: Ցանկում կհայտնվեն տարբեր երկրներից միգրանտներին Բելառուս հասցնող ավիաընկերությունները և զբոսաշրջության գործակալություններն, ինչպես նաև պաշտոնյաներ, ովքեր պատասխանատվություն են կրում Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի հետ Բելառուսի սահմաններին ստեղծված ճգնաժամի համար:
Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա երեկ խնդիրը քննարկել է Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Բելառուսի արտգործնախարարների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը վերահաստատում է Վաշինգտոնի աջակցությունը ՎարշավայինԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ ԱԳ նախարարները պատրաստվում են հավանություն տալ Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներին
«Եվրոպան այս հարցում միասնական է»
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, թե ինչ նպատակ է հետապնդում Լուկաշենկոն:
«Դա մարդկանց ճակատագրերի հետ խաղալով, կեղծ խոստումներով ծուղակը գցելու ավտորիտար ռեժիմի փորձ է, որի նպատակն է ապակայունացնել դեմոկրատական կարգ հաստատած հարևանների ներքին վիճակը: Դա չի լինի, Եվրոպան այս հարցում միասնական է, այսօր նոր պատժամիջոցներ կսահմանվեն, դա կլինի պատժամիջոցների արդեն հինգերորդ փաթեթը»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը:
Եվրամիություն տեղափոխվելու երազանքի ողբերգական ավարտը
Այս դրամատիկ շաբաթների ընթացքում հաշված փախստականների է հաջողվել հայտնվել Լեհաստանի տարածքում: Գերիշխող մեծամասնությունը շարունակում է տառապել բաց երկնքի տակ: Մի քանիսը մահացել են ցրտից կամ հիվանդություններից:
Բելառուսով Եվրամիություն հասնելու մասին են երազել նաև մի խումբ բնակիչներ Իրաքյան Քրդստանից: Նրանցից երկուսն անցած ամիս մահացել են, և հատուկ օդանավը միայն այսօր է դիակները փոխադրել Էրբիլ: Հարազատները սգում են նրանց մահը:
25-ամյա Գայլան Դիլերն ուներ հիվանդություններ և ուզում էր բուժում ստանալ Գերմանիայում, այս ծանր ուղևորությունը, ցուրտը, սովը, սթրեսը շատ վտանգավոր էին նրա համար, բայց, ինչպես ազգականներն են ասում, մահվան հիմնական պատճառն այն էր, որ տղայի մոտ դեղերի պաշարն էր սպառվել:
«Նա զանգահարել էր եղբորը, ասել, որ էլ չի դիմանում, որ շատ վատ վիճակ է, նրան պարտավոր էին օգնել մարդասիրական կազմակերպությունները, բայց օգնություն այդպես էլ չեղավ»,- ասել է հանգուցյալի ազգական Հավրի Աբդելռահմանը:
Որդեկորույս հայրը՝ Դիլեր Մահմուդը, Բելառուսում գտնվող բոլոր միգրանտներին հորդորում է վերադառնալ Իրաքյան Քրդստան:
«Իմ պատգամն է՝ վերադարձե՛ք Իրաք, կամ էլ նրանց պետք է թույլ տան անցնել Լեհաստան, սակայն չեմ կարծում, որ այդպես լինի, պետք է վերադառնաք, Աստված ձեզ պահապան»,- ասել է Դիլեր Մահմուդը: