Եվրամիության իշխանությունները դիտարկում են ռուսական «Աէրոֆլոտ» ավիափոխադրողի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ բելառուսա-լեհական սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ սահմանափակումների տակ կարող են հայտնվել այն անձինք և ընկերությունները, որոնք ներգրավված են Բելառուսի տարածքով միգրանտներին ԵՄ սահման հասցնելու մեջ։ Պատժամիջոցները կարող են ազդել նաև «Թուրքական ավիաուղիներ» ընկերության վրա։ Բրյուսելը սահմանափակումների մասին կարող է հայտարարել դեկտեմբերի սկզբին, հայտնում է Bloomberg-ի աղբյուրը։
Ավելի վաղ Politico-ն էր գրել միգրացիոն ճգնաժամի պատճառով «Աէրոֆլոտ»-ի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին։ Ավիափոխադրողների նկատմամբ հնարավոր սահմանափակումների հարցը քննարկել են նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Լեհաստանի և Բելառուսի սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է այս շաբաթ։ Պաշտոնական Մինսկը Վարշավային մեղադրում է միգրանտների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մեջ՝ հայտարարելով, որ պետությունը պարտավոր է, համաձայն միջազգային իրավունքի, թույլ տալ նրանց հատել սահմանը, ապա քննարկել ապաստանի դիմումները։ Եվրամիությունը Լուկաշենկոյի ռեժիմին մեղադրում է ի պատասխան Բրյուսելի սահմանած պատժամիջոցների միգրացիոն ճգնաժամը միտումնավոր հրահրելու և հազարավոր անօրինական ներգաղթյալների ԵՄ սահմաններ տեղափոխումը կազմակերպելու մեջ։ Վարշավայում կարծում են, որ Ռուսաստանի նախագահը ներգրավված է փախստականների հոսքի կազմակերպման գործում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցում առաջարկել է տեխնիկական մասնագետներ ուղարկել ստուգումների համար, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ «Չավուշօղլուն հերքել է Թուրքիայի և «Թուրքական ավիաուղիներ»-ի դեմ անհիմն մեղադրանքները», - ասել է աղբյուրը։