Ըստ վերլուծաբանների, Գորիս-Կապանի՝ Ադրբեջանի մաքսակետեր տեղադրած հատվածը «դառնում է որևէ տեղ չտանող ճանապարհ»

Երաշխավոր կողմը՝ Ռուսաստանը, չի կատարել իր ստանձնած պարտավորությունը, որի պատճառով էլ Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ շեշտելով՝ հայկական կողմին խոստացվել էր ճանապարհների, Կապանի օդանավակայանի անվտանգ շահագործում, որի դիմաց հայկական կողմը բոլոր տարածքներից դուրս է բերել զինված ուժերը։

Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը տեղեկացրել է Հայաստանին, որ սկսելու է մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել Գորս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։ Ընդդիմությունը հայտարարեց, թե «Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելով Հայաստանը տարածքներ է զիջում Ադրբեջանին»։

Շեշտելով, որ խնդիրը կար դեռ սեպտեմբերից, երբ ադրբեջանական կողմը մաքսատուրքեր էր սկսել գանձել իրանցի վարորդներից՝ Սաֆարյանը տարակուսելի համարեց, որ ընդդիմությունը հիմա է ներքաղաքական իրավիճակը շիկացնում, երբ հայկական կողմն էլ իր քայլն է անում։ «Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ընդդիմության ուզածը ո՞րն է», - ասաց Սաֆարյանը։

Հայաստանը ևս հայտարարել է, որ, ըստ անհրաժեշտության, մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրի։

«Եթե սա է իրավիճակը, որ Գորիս-Կապան ճանապարհի այդ 21 կիլոմետրի վրա լինելու են չորս մաքսակետերը՝ երկու հայկական, երկու՝ ադրբեջանական, սա նշանակում է, որ այդ ճանապարհը ժամանակի ընթացքում ընդհանրապես կորցնելու է իր իմաստը, որովհետև այն դառնում է որևէ տեղ չտանող ճանապարհ», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Հայերը և՛ անվտանգային, և՛ ֆինանսական նկատառումներով, բնականաբար, նախընտրելու են շրջանցող ճանապարհը, որը կառուցվել է, նույնը՝ օտարերկրացիները, իսկ ադրբեջանցիներն էլ առանձնապես անելիք չունեն գալ-գնալու, կամ էլ առավել ևս հայկական բյուջե մաքսատուրք մուծելու»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կապան-Ճակատենի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ևս անցակետ կտեղակայվի. ԱԱԾ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական մաքսակետի տեղադրումից հետո Բարձրավանը փաստացի կորցրել է կապը աշխարհի հետ

«Չպե՛տք է Ադրբեջանին տանք Սյունիքով միջանցք պահանջելու հնարավորություն»

«Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ևս կարծում է, որ Հայաստանը չպետք է օգտվի այն ճանապարհից, որտեղ Ադրբեջանը մաքսակետ է դրել։

«Մենք դրա վերահսկողությունը եկեք ընդունենք, կորցրել ենք։ Հիմա ամոթ չի ասել, որ մենք վերահսկողությունը կորցրել ենք ճանապարհի այն հատվածի նկատմամբ, որտեղ մենք նույնպես վերահսկողություն չունեինք 1991-1993 թվականներին, երբ որ դեռևս հայկական ուժերը չէին հասել մինչև Ղուբաթլու, կամ ասեմ Սանասար։ Հիմա էս է վիճակը, և պետք է լուծումներ գտնենք։ Այո՛, մենք չպե՛տք է օգտվենք այդ ճանապարհից, մենք չպե՛տք է Ադրբեջանին տանք հնարավորություն, օգտվենք այդ ճանապարհից և դրա դիմաց ինքը մեզանից պահանջի Սյունիքով միջանք», - ասաց քաղաքական վերլուծաբանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։
Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զանգեզուրի միջանցքը իրար կկապի թյուրքական աշխարհը. Ադրբեջանի նախագահ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է․ ԱԽ քարտուղար

Այսօր Հայաստանն այն է, որտեղ կանգնած է հայ զինվորը, հայտարարեց Հակոբյանն՝ ընդգծելով 44-օրյա պատերազմում ցավալի պարտությունը, Հայաստանի ներկայիս 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքը «գումարած 30 հազար, որի անվտանգությունն ու պաշտպանությունը պատվիրակվել է Ռուսաստանի խաղաղապահներին»։

«Հիմա խորհրդարանում անդադար էս բանն է լսվում, որ «Ոորոտանի այդ հատվածում ադրբեջանցիներն են», «էդտեղ ծախվել է էդ ամեն ինչը»։ Ինչքա՞ն կարելի է սրա մասին խոսել։ Մեզ պետք են լուծումներ», - ասաց Հակոբյանը՝ շեշտելով՝ պետք է առաջնորդվել, ոչ թե ցանկություններով ու երազանքներով, այլ հնարավորություններով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բախում, հրմշտոց, բերման ենթարկվածներ կառավարության շենքի մոտ. ցույցի պատճառը նոր մաքսակետն է

«Այո՛, այս աղետալի իշխանությունների քաղաքականության արդյունքում մենք շատ բան ենք կորցրել, բայց ես ուզում եմ, որ լուծումներ գտնենք։ խորհրդարանի ամբիոնից ասված ճառերը, որ «դու դավաճանեցիր», «դու տվեցիր» ոչ ինձ է հետաքրքրում, ոչ էլ Սյունիքում ապրողին է հետաքրքրում։ Մեզ պետք են լուծումներ, և լուծումների համար ես համարում եմ կառուցված ճանապարհը։ Այո՛, լուծումներից մեկն է, և շատ լավ է, որ այդ ճանապարհը կառուցվեց, նկատի ունեմ Տաթև-Աղվանի-Սյունիք-Կապան այդ ճանապարհը։ Երկրորդ ճանապարհը հուսամ կկառուցվի, դա իրավամբ մեգանախագիծ կլինի և դա կարող է Սյունքն ամբողջությամբ փոխել, դա Սիսիանից մինչև Քաջարան, մի քիչ ներքև, այդ մեծ ճանապարհի՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորը․