Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողությունից հետո Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների կոպիտ ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լրջագույն խնդիրներ, հայտնում է մարդու իրավունքների պաշտպանը՝ ներկայացնելով Սյունիքում աշխատանքային խմբի իրականացրած հրատապ փաստահավաք աշխատանքները։
Ադրբեջանական կողմը նոյեմբերի 11-ի լույս գիշերվանից Գորիս-Կապան ճանապարհի Էյվազլիի հատվածում մաքսային, անձնագրային հսկողություն է իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանը օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։
Հայաստանը նույնպես ըստ անհրաժեշտության մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրի, իսկ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին հորդորում է օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։
Լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև, հայտնում է Արման Թաթոյանն՝ ընդգծելով՝ նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ որպես օրինակ նշելով, որ Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը, դպրոցներում անհնարին է եղել կամ մեծ դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթությունը, սահմանափակվում է քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը:
«Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը», - հայտարարում է մարդու իրավունքների պաշտպանը։
Ընդգծելով, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին՝ Պաշտպանը դա մարդկանց կյանքի իրավունքի խախտում ու անվտանգության իրական սպառնալիք է որակում:
«Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful)», - ասված է հայտարարությունում:
Սյունիքի մարզում կատարված այս փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփվեն և իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները Պաշտպանը կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանի մարմիններին և հասարակական կազմակերպություններին: