Մի կողմից` քովիդը, մյուս կողմից` սուր շնչառական վարակները. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 280 երեխա է բուժվում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այս պահին 280 երեխա է բուժվում․ 32-ը քովիդի դեմ են պայքարում, հիվանդանոցի մյուս ծայրում էլ 60 երեխա սուր շնչառական վարակով է պառկած։ Նրանց 30 տոկոսը թթվածնի օգնությամբ է շնչում, հիմնականում թոքերի ախտահարում և բրոնխիտ ունեն։

Հոսիտալացված 280 մանկահասակ երեխաներից մեկն էլ 40 օրական Ալբերտն է։ Մոր՝ Անի Եղիազարյանի խոսքով՝ ընտանիքում բոլորը վարակվել են քովիդով, երեխան էլ ծնվելուց հետո է վարակվել։ Քովիդը հաղթահարել է, բայց հիմա առաջացած բարդությունների դեմ են պայքարում. փոքրիկը կաթը միայն զոնդի օգնությամբ է խմում:

«39 ջերմությունով ենք տեղափոխել հիվանդանոց, հետո պառկել ենք, առաջացել է երկկողմանի թոքաբորբ: Բուժումը շարունակելուց հետո տեղափոխվել ենք վերակենդանացման բաժանմունք: Հետո դրինաժ են արել, երկկողմանի թոքաբորբը շատ խորացված է եղել, թոքը ծակվել է, դրինաժ են արել: Իհարկե, այդ ամբողջը երկու օրվա ընթացքում է տեղի ունեցել», - պատմում է մայրը:

Վերոնիկա Հարությունյանի 2 ամսական երեխայի մոտ շնչառությունն էր ծանրացել, ախտանշաններն էլ սկզբում նման էին սովորական գրիպին։ Հիվանդանոցում միայն ախտորոշվեց, որ քովիդով է վարակված: Զարմանում է՝ տանը բոլորն առողջ են, որտեղի՞ց վիրուսը փոքրիկին հասավ։ Երբ թթվածնի ցուցանիշն իջել է մինչև 88, բժիշկը խորհուրդ է տվել շտապ հիվանդանոց տեղափոխել։ Երեխան մինչև այսօր թթվածնի օգնությամբ է շնչում: «Ազատության» նկարահանման պահին սարքն անջատված էր, բայց մի քանի րոպեով. «2 օր շնչեց, 1 օր առանց թթվածնի, բայց բերեցինք պալատ, էլի շրթունքների կողքը կապտեց, էլի թթվածին միացրեցինք»:

Քովիդից բացի, տարվա այս ամիսներին նաև սուր շնչառական վարակներն են գլուխ բարձրացրել։ Մարիանուշ Սահակյանի աղջիկը ծնվելուց 17 օր անց հոսպիտալացվել է, 4 օր միայն թթվածնի օգնությամբ է շնչել. «Միանգամից է բռնկվել: Ահավոր հազում էր: Զանգեցի տարածքային մանկաբույժին, հազը լսեց, ասաց` անհապաղ շտապօգնությունով տեղափոխենք հիվանդանոց: Բերեցինք, պարզվեց, որ աջակողմյան թոքաբորբ է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում քովիդով վարակված շուրջ 30 երեխա հոսպիտալացված է. մանկաբույժը հորդորում է զգուշանալ

Սուր շնչառական վիրոսով վարակված Աննայի ու Արմանուշի նորածին երեխաներն էլ են հիվանդությունը ծանր տանում։ Քովիդով հիվանդ երեխաների նման նրանք էլ են շնչելու համար թթվածնի կարիք ունեցել:

Քովիդը` մի, սուր շնչառական վարակները` մյուս կողմից, հիվանդանոցում ազատ մահճակալներ գրեթե չեն թողել։ Մանկաբույժ Աստղիկ Դավթյանն ասում է՝ նախորդ տարի իրավիճակն այլ էր, երբ քովիդի դեմ սահմանափակումների հարցն ավելի խիստ էր դրված։ Հիմա անգամ 8 օրական երեխաներ են հոսպիտալացում, բժիշկներն էլ օրերով տուն չեն գնում, գերհոգնած են:

«Քովիդի պանդեմիայի հետ միասին գլուխ են բարձրացրել և սուր շնչառական այլ վարակներ, որ շատ ագրեսիվ բնույթ է կրում, սա ռեսպերատոր սինդիցիալ վարակն է, որն ավելի ծանրացնում, ավելի բարդացնում է հիվանդության ընթացքը: Դիմում են մեզ մոտ հիմնականում վաղ հասակի երեխաներ: Ամենափոքր երեխան 8 օրական է, որը քովիդով հիվանդ է եղել», - «Ազատությանն» ասաց Աստղիկ Դավթյանը:

Հայաստանում այսօրվա տվյալներով՝ սուր շնչառական վարակ ունեցող 469 երեխա է հոսպիտալացված, 230-ն էլ` քովիդով։

Համավարակի սկզբից մինչև նոյեմբերի 8-ի առաջին կեսի տվյալներով՝ քովիդ է հաստատվել է մինչև 18 տարեկան 1500-ից ավելի երեխաների մոտ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում Covid-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը

Մեզ հանդիպած փոքրիկների մայրիկները հիմնականում կա՛մ չէին պատվաստվել, կա՛մ առաջին դեղաչափն էին միայն ստացել։ Հավաստիացնում էին, որ դուրս գրվելուց հետո անպայման կպատվաստվեն։ Ծնողներից մեկն էլ ասաց՝ թեև չի վստահում պատվաստանյութի զորությանը, բայց կպատվաստվի, որ սուր շնչառական վարակը մի կերպ հաղթահարած երեխան հիմա էլ քովիդով չվարակվի։

Հայաստանում, վերջին տվյալներով, չափահաս բնակչության 15.1 տոկոսն է ամբողջական պատվաստվել, այս ցուցանիշով Հայաստանը դեռ մնում է վերջինը Եվրոպայում։