Մատչելիության հղումներ

Հայաստանում Covid-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը


Հայաստանում Covid-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը։ Այս մասին հայտնեց խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նոյեմբերի 7-ի դրությամբ իրականացվել է մոտ 900 հազար պատվաստում: Առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը ավելի քան 600 հազար է: Երկրորդ դեղաչափ ստացածներինը՝ շուրջ 300 հազար։ Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև մեծ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին 1 ամսվա ընթացքում՝ այսինքն կառավարության կիրառած խստացումներից հետո։ Ներկայումս օրական գրանցվում է միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ:

Ավանեսյանը պնդեց՝ հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք չի գրանցվել, միևնույն ժամանակ հաստատեց՝ եղել են դեպքեր, երբ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են Covid-ից։

«Երբ որ գրանցվի մահվան դեպք և պարզվի, որ այդ անձը պատվաստման սերտիֆիկատ ձեռք է բերել առանց պատվաստվելու որևէ ռետրոսպեկտիվ միջոց պարզելու՝ արդյոք նա իրականում պատվաստված էր, թե ոչ, ցավոք, չունենք, և դա անդրադառնալու է նաև պատվաստումների նկատմամբ որոշակի վստահության հարց առաջանալուն: Իրավապահ մարմինները պետք է խստորեն շարունակական զբաղվեն խախտման դեպքերը բացահայտելով, ունեցել ենք դեպքեր, որոնք որ պատվաստված լինելու հանգամանքն անգամ առկա լինելու պարագայում, ցավոք սրտի, քովիդից մահացել են: Առաջիկայում այդ տեղեկատվությունը ևս կհրապարակվի», - ընդգծեց Ավանեսյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում դպրոցներում կշարունակվի առկա ուսուցումը, սակայն այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման:

Ավանեսյանը հիշեցրեց նաև Հայաստանում երեխաների պատվաստվելու հնարավորություն ստեղծված է՝ ծնողների գրավոր համաձայնության դեպքում։ Covid-19-ի դեմ Հայաստանում պատվաստվել է 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա։

«Ցավոք, պետք է նշեմ, որ գիշերը նաև ունեցել ենք հղի կնոջ մահ՝ քվիդով պայմանավորված: Նորից պետք է անդրադառնամ, որ այդ դելտա շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավական ագրեսիվ ընթացքով: Հատուկ ձևով կրկնում եմ՝ մեր հղիները առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: Մենք ունենք 100-ից ավելի հղիներ, ժամանակի ընթացքում այս ցուցանիշը անընդհատ պահպանվում է, որոնց գրեթե կեսը ունեն թոքաբորբ՝ տարբեր ծանրության աստիճանների, և մեր բժիշկների թիմն անում է հնարավորինս՝ նրանց հնարավոր լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու», - ընդգծեց նախարարը:

XS
SM
MD
LG