Մատչելիության հղումներ

«Պատվաստանյութերն ապահով են և ոչ մի դեպքում չեն բերում չբերության»․ Վարդուհի Պետրոսյան


Պատվաստանյութերն ապահով են, արդյունավետ և ոչ մի դեպքում չեն բերում չբերության, կամ վերարտադրողական առողջության այլ խնդիրների, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը՝ վկայակոչելով հեղինակավոր պարբերականի հավաքագրած տվյալները։

«Հոկտեմբերի 27-ին Nature պարբերականում, որը շատ մեծ հեղինակություն ունեցող գիտական միջազգային պարբերական է, այնտեղ հոդված էր տպվել, որը ուսումնասիրել է 60 և ավելի տարբեր հետազոտություններում հավաքված տվյալները, և իրենց գտած արդյունքներն ուղղակի ի մի են բերել, և այդ արդյունքները ցույց են տալիս, որ պատվաստանյութերն ապահով են, արդյունավետ, և ոչ մի դեպքում չեն բերում չբերության, կամ վերարտադրողական առողջության այլ խնդիրների»։

Հետազոտությունները հակառակն են ապացուցում, ասաց Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկանը՝ շեշտելով՝ քովիդն է բերում վերարտադրողական առողջության խնդիրների։ «Հատկապես տղամարդկանց մոտ բերում է տարբեր ֆունկցիաների, հորմոնների քանակի խախտման, որը բերում է սերմնաբջիջների նաև քանակի փոփոխության, ընդհուպ մինչև էրեկտիլ խախտումների», - ասաց Պետրոսյանը։

Նա հղիներին, որոշ քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ ունեցողներն օր առաջ պատվաստվելու կոչ արեց։

Դիտարկմանը, թե պատվաստվել չցանկացողների հիմնականում պնդում են, որ ժամանակի փորձառություն այս նյութերը չեն անցել և իրենք չգիտեն, թե տարիներ հետո օրգանիզմի վրա ինչ հետևանքներ կարող են թողնել, Պետրոսյանը հակադարձեց՝ որևէ գիտական հիմք չկա մտածելու, որ լինելու են երկարաժամկետ հետևանքներ, չկա նման բացատրություն՝ ո՛չ թեորիապես, ո՛չ պրակտիկայում։

«Այդ բաներն ասվում են հակապատվաստումային շարժման մասնակիցների կողմից, դրանք անպատասխանատու հայտարարություններ են, որևէ մեկը չի ստուգելու և իրենց ոչ մի պատիժ չկա, և իրենք ինչ ուզեն, կարող են ասել, և, ցավոք սրտի, մարդիկ լսում են նրանց, քանի որ նաև զգայուն կետերին են կոպիտ ասած խփում, օրինակ, անդրադառնում են անընդհատ վերարտադրողական առողջությանը։ Շատ երիտասարդ աղջիկներ հատկապես այդ պատճառով վախենում են, որն անհեթեթության ժանրից է», - ասաց մասնագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG