Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1482-ով, բուժվածներինը՝ 1522-ով, գրանցվել է մահվան ևս 36 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1482-ով՝ հասնելով 325 հազար 521-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 36 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1522-ով և հասել 287 հազար 856-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 13 հազար 310 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 215 հազար 632-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 867-ի, ևս 1360 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 29 հազար 438 մարդ։

Արցախում՝ վարակի 103 նոր դեպք, մահացել է ևս 2 մարդ

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 342 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 156 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 2 դեպք: 70-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, 64-ամյա կնոջ մոտ՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19 հազար 487 քաղաքացու հետազոտություն, որից 2 հազար 979-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

XS
SM
MD
LG