Մատչելիության հղումներ

«Ուրիշներին չվարակենք, ուրիշները՝ մեզ». Պատվաստումների օր Վանաձորում


Այսօր Վանաձորում պատվաստումների օր էր հայտարարված։ Առողջապահության նախարարության և hայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ քաղաքի մշակույթի կենտրոն էին եկել բուժաշխատողներն ու քովիդի դեմ պատվաստվել ցանկացողներին սպասարկում էին:

Մշակույթի պալատն ընդարձակ էր, հերթերը վերահսկվում էին հատուկ կապված ժապավենների ու Կարմիր խաչի կամավորների միջոցով։ Պատվաստվելու էին եկել հիմնականում տարեցները։ Բոլորն էլ ասում էին՝ հիվանդացության ու քովիդից մահացության վերջին թվերից անհանգստացած են։

«Վտանգավոր է, ուրիշներին չվարակենք, ուրիշները մեզ չվարակեն, երկար ապրենք, երջանիկ ապրենք», - ասաց պատվաստվել ցանկացողներից մեկը:

Վանաձորցի Արա Սարգսյանը պոլիկլինիկաներից հիասթափված էր մշակույթի պալատ եկել՝ պատվաստվելու։ Անգամ չգիտեր, որ պատվաստման սեղանների շուրջ նույն պոլիկլինիկաների բուժաշխատողներն են։ Զարմացել էր նրանց բարեհամբույր վերաբերմունքից ու պատշաճ սպասարկումից։ Ասում էր նույնը չի տեսել իրենց թաղամասի բժիշկների մոտ։ Անգամ գնացել է պոլիկլինիկա պատվաստվելու՝ փոշմանած հետ է դարձել. չվերահսկվող հերթեր է տեսել ու ոչ սպառիչ պատասխաններ ստացել, ասում է։

«Նորմալ կազմակերպված, մարդիկ նորմալ ընդունում են, հերթագրում են, ամեն ինչը հաճելի է, տրամադրությունն այդպիսին է լինում, իսկ պոլիկլինիկա, որ գնում ես, ոնց որ ասեն՝ ռադ եղիր այստեղից», - ասաց Սարգսյանը:

Քաղաքացու դժգոհությունը լսած բուժաշխատողները հակադարձեցին՝ հնարավոր չէ. - «Կարող են դեպքեր լինել, որ կոպիտ լինեն աշխատակիցները, չեմ հերքում»:

Թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Սյուզաննա Բալայանն ասաց՝ բուժանձնակազմը գերծանրաբեռնված է աշխատում թե՛ կորոնավիրուսով հիվանդներին և թե՛ պատվաստվողներին սպասարկելու համար։

«Եթե մեկ տոկոս հնարավորություն լինի, որ հերթեր չգոյանան, առաջին հերթին մենք ենք ուզում այնպես անել, որ հերթեր չգոյանան, բայց մարդիկ շտապում են՝ ստանան պատվաստում, որովհետև իրենց կարող է տուգանեն, ու սահմանափակել, հերթագրել մարդկանց հնարավոր չէ, որովհետև մարդը գալիս է, այդ պահին իրենց պետք է, որ գործատուն իրեն չնեղացնի», - ասաց Բալայանը:

Լոռիում չափահաս բնակչության մոտ 25 տոկոսն արդեն ստացել է պատվաստանյութի առնվազն առաջին դեղաչափը։ Այսօրվա դրությամբ մարզում բուժվում է քովիդով հիվանդ 1800 մարդ, որոնցից 138-ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են Սպիտակի հիվանդանոցում։ Հիվանդանոցի տնօրեն Վարդուհի Սիսակյանն ասում է՝ հոսպիտալացված հիվանդների չնչին տոկոսն է պատվաստված. - «Հոսպիտալիզացված պացիենտների երևի մեկ տոկոսն է, որ պատվաստված է, բայց պատվաստված պացիենտներից անուն առ անուն գիտենք, բավականին թեթև են տանում և հոսպիտալիզացիայի օրերի քանակը նույնպես քիչ է լինում»:

Քովիդով հիվանդներ են բուժվում նաև Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում և բժշկական կենտրոնի հատուկ առանձնացված բաժանմունքում։ Շուտով քովիդով հիվանդների համար 30 մահճակալ կունենա նաև Ստեփանավանի հիվանդանոցը։ Մասնագետներն ասում են՝ դեռ հիվանդացության պիկը չեն հաղթահարել։ Վիրուսը շարունակում է կյանքեր խլել։

Այսօր Վանաձորում էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը ևս մեկ անգամ հորդորեց բնակչությանը պատվաստվել, անգամ, եթե պոլիկլինիկաներում հերթեր են ու շատ հաճախ այդ հերթերում ստիպված ենք սպասել։

«Սա է իմ հորդորը՝ օր առաջ գնալ պատվաստվել, անգամ մեկ ժամ սպասել հերթի մեջ, որովհետև դրա այլընտրանքը ո՞րն է, սպասել, որպեսզի հիվանդանոց ընկնել, սպասել, որպեսզի հիվանդանոցում տեղ ազատվի, հետթ կանգնեն, որպեսզի հիվանդանոցի մահճակալ ունենք՝ այդ հիվանդներին տեղավորելու: Շատ կարևոր է գիտակցել, թե մենք ինչից ենք փորձում պաշտպանել մեր քաղաքացիներին», - ասաց Ավանեսյանը:

Այսօր Վանաձորի մշակույթի պալատում պատվաստվեց ավելի քան 150 մարդ։ Կարմիր խաչի ներկայացուցիչներն ասացին՝ նման նախաձեռնություններ են ունեցել նաև Գյումրիում և Երևանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG