Իրանը պատրաստ է հաջորդ ամիս՝ մինչև նոյեմբերի վերջ վերսկսել բանակցությունները համաշխարհային տերությունների հետ՝ վերականգնելու միջուկային համաձայնագիրը։ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո այս մասին թվիթերյան էջում գրել է երկրի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին՝ ընդգծելով՝ հստակ ամսաթիվը կնշվի հաջորդ շաբաթ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի և Եվրամիության պատվիրակները Բրյուսելում քննարկել են միջուկային խնդիրըԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը ևս ասել է, որ Վաշինգտոնը «պատրաստ է» վերադառնալ Վիեննա՝ Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների համար:
Բանակցությունների մյուս մասնակիցներն անմիջապես չեն մեկնաբանել։
Եվրամիությունը և համաշխարհային տերությունները պայքարում են բանակցությունները վերականգնելու համար, որոնք դադարեցված էին հունիսին Իրանի նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանության եկավ Էբրահիմ Ռաիսին:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս էր բերել Միացյալ Նահանգները միջազգային համաձայնագրից և կոշտ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, թեպետ Իրանը չէր դրժել համաձայնագիրը։ Ի պատասխան՝ Թեհրանն աստիճանաբար խախտել է պայմանագրով հաստատված սահմանափակումները, այդ թվում՝ ուրանի հարստացման և արդիական ցենտրիֆուգների տեղադրման վերաբերյալ: