Մատչելիության հղումներ

Բրյուսելը սպասում է Վաշինգտոնի և Թեհրանի արձագանքներին՝ նախքան բանակցողների հանդիպում հրավիրելը


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը սպասում է Վաշինգտոնի և Թեհրանի արձագանքներին՝ նախքան Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցողների հանդիպում հրավիրելը:

«Մենք սպասում ենք իրանցիների պատասխանին», - ասել է Բորելի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն: - «Հանդիպում կհրավիրվի, եթե բոլոր կողմերը համաձայն լինեն և բոլորը պատրաստ լինեն: Անհրաժեշտություն կա անհապաղ վերսկսել քննարկումները»:

Ժոզեպ Բորելը Վաշինգտոնում է, որտեղ հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Եվրամիության գլխավոր բանակցող Էնրիկե Մորան երեկ հանդիպել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերիի հետ: Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո հայտարարվեց, որ Իրանը և ԵՄ-ը պայմանավորվել են Բրյուսելում շարունակել երկխոսությունը՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները:

2018 թվականին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս բերեց Միացյալ Նահանգները Իրանի և գերտերությունների միջև 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից և կրկին տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի դեմ: ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ գործարքին, եթե Թեհրանն այն լիարժեք կատարելու պատրաստակամություն հայտնի:

XS
SM
MD
LG