«Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են մեկնարկել առաջիկա երեք շաբաթների ընթացքում», - սեփական աղբյուրները վկայակոչելով՝ գրում է Bloomberg պարբերականը։
Իրանի արտգործնախարարության տվյալներով՝ վաղն արդեն Թեհրան կժամանի եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան։
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Սթանոն, սակայն, հրաժարվել է մեկնաբանել Մորայի այցին վերաբերող տեղեկությունները՝ նշելով միայն, որ Բրյուսելում կողմ են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը։
Bloomberg-ին, սակայն, հաջողվել է պարզել, որ վերջին շրջանում միջուկային ծրագրի շուրջ ակտիվ դիվանագիտական քննարկումներն աշխարհի մի շարք մայրաքաղաքներում վերսկսվել են։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ վերջին մի քանի շաբաթներին միջուկային համաձայնագրին մաս կազմող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երեք պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագետները ակտիվորեն քննարկում են Իրանի հետ բանակցությունների վերսկսման հեռանկարները։
Միջազգային գործընկերների այս քայլերի ֆոնին Իրանի իշխանությունները զգուշացնում են․ - «Միակ հարցը, որի շուրջ բանակցելու է Թեհրանը, 2015-ին կնքված համաձայնագրի վերագործարկումն է»։
«Պայմանագրի նոր տեքստի կամ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ չկան։ Իրականում, [առաջիկա քննարկումները] միջուկային համաձայնագրի կատարումն ապահովելուն ուղղված զուտ տեխնիկական բանակցություններ պետք է լինեն», - շաբաթասկզբին Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։
«Իրանի հետ բանակցություններում միջազգային հանրության թիվ մեկ նպատակը պետք է լինի Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման բացառումը», - երկուշաբթի օրը, Իսրայել կատարած այցի ընթացքում հայտարարում էր Գերմանիայի պաշտոնից հեռացող դաշնային կանցլեր Անգելա Մերկելը՝ հատուկ ընգծելով, որ այդ մի հարցում Իրանի հետ բանակցող բոլոր պետությունները միակարծիք են։
«Եվրոպացիների թիվ մեկ նպատակը պետք է լինի նոր համաձայնագրի տապալման բացառումը», - Մերկելին հակադարձում է Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը։
«Եթե չլիներ եվրոպացիների կրավորական կեցվածքը, Թրամփը երբեք չէր համարձակվի հրաժարվել ստանձնած բոլոր պարտավորություններից և լքել միջուկային համաձայնագիրը։ Եվրոպական մայրաքաղաքները, այդ թվում՝ Բեռլինը այն ժամանակ զուտ հանդիսատեսի դերում էին», - նշում էր Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։
Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը դադարեց գործել 2018 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Վաշինգտոնը միակողմանիորեն լքեց միջուկային համաձայնագիրը՝ նոր խիստ պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի դեմ։ Եվրոպացիների՝ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու և Իրանի հետ բնականոն տնտեսական կապեր հաստատելու բոլոր փորձերը տապալվեցին։
«Մենք ակնկալում ենք, որ բոլոր բանակցող կողմերը, երբ կժամանեն Վիեննա, հստակորեն կըմբռնեն, որ համաձայնագրի դրույթները կատարելուց բացի այլ ընտրություն այլևս չունեն։ Միջազգային հանրությունը պետք է իսլամական հանրապետությանը հստակ երաշխիքներ տա առ այն, որ այս անգամ կողմերից որևէ մեկը չի խախտի համաձայնագրի դրույթները», - հայտարարում էր Խաթիբզադեն։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հստակ ժամկետներն առայժմ չեն նշվում։
Միջազգային առաջատար խաղացողների և պաշտոնական Թեհրանի միջև բանակցությունները մեկնարկեցին գարնանը, սակայն ընդհանտվեցին՝ Իրանում կայացած նախագահական ընտրությունների պատճառով։ Արևմուտքում լուրջ մտավախություններ կային, որ Իրանի նորընտիր պահպանողական նախագահ Իբրահիմ Ռայիսին կհրաժարվի բանակցությունները շարունակելու գաղափարից։ Արևմտյան մայրաքաղաքներում մտահոգությունները էլ ավելի խորացան, երբ հայտնի դարձավ, որ Իրանը ընդլայնում է ուրանի հարստացման ծավալները։
Օգոստոսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարեց, որ Իրանի կողմից ուրանի հարստացման ծավալները ընդհուպ մոտեցել են այն շեմին, որից հետո հնարավոր է դառնում միջուկային զենքի ստեղծումը։