Մատչելիության հղումներ

Արդյո՞ք մոտ ապագայում կվերսկսվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները․ հակասական ազդակներ արևմտյան մայրաքաղաքներից


Պաշտոնական Թեհրանն իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերաբերում է ամենայն պատասխանատվությամբ և նույնն է պահանջում միջազգային հանրությունից, երկուշաբթի երեկոյան Իրանի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված հարցազրույցի ընթացքում այդ մասին հայտարարեց իսլամական հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին։

«Հակառակ կողմը պետք է [բանակցություններին] լրջորեն վերաբերվի։ Մի քանի օր առաջ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Թեհրանում կայացած բանակցությունների ընթացքում մենք ասել ենք, որ մեր մոտեցումները շատ լուրջ են և մենք նույնն ենք պահանջում նաև դիմացիններից», - հայտարարում էր Ռաիսին։

Ռաիսիի այս հայտարարությունը հնչեց մի իրավիճակում, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, դեռ չմեկնարկած կրկին կարող են հայտնվել փակուղում։ Դրա գլխավոր պատճառը առաջիկա դիվանագիտական շփումների ձևաչափն է։

Կողմերի միջև հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, թե հոկտեմբերի 21-ին Բրյուսել է մեկնելու Թեհրանի՝ միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Ալի Բաղերին՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով։

Սկզբում ԵՄ ներկայացուցիչները նման հանդիպման անցկացումը ևս չէին բացառում։ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը նախօրեին Լյուքսեմբուրգում հայտարարում էր․ - «Այսօր ես ավելի լավատես եմ, քան նախօրեին։ Դեռ չեմ կարող հաստատել նման հանդիպման անցկացումը, սակայն իրավիճակը գնալով բարելավվում է, և ես հուսով եմ, որ մենք Բրյուսելում նման նախապատրաստական մի հանդիպում կանցկացնենք առաջիկա օրերին։ Վստահորեն, սակայն, դա ասել չեմ կարող»։

Այս հայտարարությունից մի քանի ժամ անց, սակայն, Բորելի խոսնակ Նաբիլա Մասրալին բացառեց առաջիկա օրերին Իրան-ԵՄ բանակցությունների անցկացման հնարավորությունը։

«Հինգշաբթի օրը որևէ բանակցություն նախատեսված չէ։ Մենք չենք կարող հաստատել ոչ նման բանակցությունների կազմակերպման փաստը, ոչ էլ հնարավոր հանդիպման ժամկետները», - նշել էր ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը։

Վաշինգտոնում միջուկային ծրագրին նվիրված Իրան-ԵՄ բանակցությունների հեռանկարին կտրականապես ընդդիմանում են, ըստ ամենայնի, որոշակի մտավախություններ ունենալով, որ իրանցիներն այդ անջատ բանակցությունների ժամանակ կփորձեն օգտագործել արևմտյան պետությունների միջև առկա որոշակի մարտավարական հակասությունները։

«Անկեղծ ասած, մենք չենք կարծում, որ [Բրյուսելում բանակցություններ անցկացնելու] կարիք կա։ Մենք «5+1» ձևաչափում գործող մեր դաշնակիցների և գործընկերների հետ նույն տեսակետն ունենք, որ Իրանի և միջազգային հանրության միջև բանակցությունների յոթերորդ փուլը պետք է որքան հնարավոր է շուտ մեկնարկի։ Այս հարցում մենք շատ հստակ կերպով ենք արտահայտել մեր տեսակետը՝ այն, ինչ մեզ անհրաժեշտ է, Վիեննայի բանակցություններն են, ոչ թե Բրյուսելում կազմակերպվող միջանկյալ քայլերը», - անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Ամերիկացիների այս կոշտ մոտեցումը իրանական կողմին ակնհայտորեն նյարդայնացնում է։ Երկուշաբթի օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարեց, թե Բայդենի և Թրամփի վարչակազմերի՝ Թեհրանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը գործնականում նույնն է։ «Բայդենի քաղաքականությունը Թրամփի շարունակությունն է», - հայտարարում էր Խաթիբզադեն։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի համոզմամբ էլ գլխավոր խնդիրը, որ պետք է լուծվի առաջիկա բանակցությունների ընթացքում, իսլամական հանրապետության դեմ սահմանված միակողմանի պատժամիջոցների վերացումն է։

«Իրանը երբեք չի լքել բանակցությունները, և մենք շատ լուրջ մոտեցում ունենք հատկապես այն բանակցությունների հանդեպ,որոնց նպատակը հստակ արդյունքի հասնելն է։ Այդ մասին նախկինում բազմիցս հայտարարել են, թե՛ Իրանի արտգործնախարարությունը, թե՛ մի շարք այլ պետական կառույցներ։ Մյուս կողմից պատժամիջոցները վերացնելու պատրաստակամությունը կվկայի, թե որքանով լուրջ են տրամադրված մեր զրուցակիցները։ Այդ լրջության վկայությունն ամերիկյան կողմից՝ Իրանի դեմ սահմանված անողոք պատժամիջոցների վերացումն է», - հայտարարում էր Իրանի նախագահը։

XS
SM
MD
LG