Միջուկային խնդրով Իրանի բանագնաց, փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին և Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորան այսօր հանդիպել են Բրյուսելում, որտեղ քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը:
Այդ մասին հայտնել է IRIB իրանական պետական հեռուստաընկերությունը: Ավելի վաղ Քանին կայանալիք հանդիպման մասին տեղեկություն է հրապարակել Թվիթերի իր միկրոբլոգում:
Քանին Մորայի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ իրանական կողմը պատրաստ է վերադառնալ բանակցություններին այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներն ամբողջությամբ հրաժարվի պատժամիջոցներից և նպաստի աշխարհի հետ Իրանի բնականոն առևտրի վերականգնմանը:
Փոխարտգործնախարարն ասել է, որ այդ պայմաններում Իրանը կներկայացնի համապատասխան երաշխիքներ միջուկային ծրագրի վերաբերյալ:
Բանակցություններն ընթացել են դռնփակ ռեժիմով:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի աշխատակազմի ղեկավար Էնրիկե Մորան համակարգում է Իրանի բանակցությունները միջուկային գործարքի մնացած մասնակիցների հետ:
Արևմտյան երկրները մտահոգություն են հայտնել բանակցային գործընթացի կապակցությամբ, քանի որ այն սառեցվել է Իրանում նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսիի ընտրությունից հետո:
Անցած շաբաթ Բորելն ասել է, որ ժամանակը սպառվում է և հարկ է վերսկսել քննարկումները, նշելով, որ Իրանի նոր կառավարությունն ուներ «խնդրին ծանոթանալու բավական ժամանակ»:
Մորան այս ամսվա ընթացքում այցելել է Թեհրան: Եվրամիության Բարձր ներկայացուցչի խոսնակ Պետեր Ստանոն ասել է, որ Եվրամիության դիվանագիտական ծառայությունը ջանք չի խնայում բոլոր կողմերի միջև Վիեննայում քննարկումները վերսկսելու համար:
Հոկտեմբերի 25-ին Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին ասել է, որ Վաշինգտոնին խիստ մտահոգում է բանակցությունները ձգձգելու Իրանի մարտավարությունը: Նա կարծիք է հայտնել, թե Իրանն այդպես գուցե փորձում է միջուկային ծրագիրը զարգացնելու ժամանակ շահել:
«Մենք կրիտիկական փուլում ենք, որոշվում է միջուկային գործարքը փրկելու հարցը, բանակցություններ ամիսներ շարունակ չկան»,- ասել է Մալլին, նշելով, որ պայմանագրի դրույթները կատարելու հնարավորության պատուհանը չի կարող առհավետ բաց մնալ:
Նրա խոսքով, «Ամերիկան, այնուամենայնիվ, ցանկանում է հարցի լուծումն ապահովել դիվանագիտական եղանակով, թեպետ չի բացառում Իրանին միջուկային զենքից զրկելու համար այլ միջոների դիմելու հնարավորությունը»: Մալլին հրաժարվել է մանրամասներ հայտնել հարցի լուծման ոչ բանակցային տարբերակների մասին:
Միացյալ Նահանգները սատարում է Բրյուսելում Իրանի և եվրոպացիների բանակցություններին, սակայն համոզված է, որ իրանական միջուկային ծրագրի կարգավորումը պետք է ձևակերպվի միայն Վիեննայում:
«Վերջնական հանգրվանը պետք է լինի Վիեննան, այլ ոչ թե եվրոպական որևէ այլ մայրաքաղաք, այնտեղ պետք է համաձայնեցվի «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» վերականգնելու հնարավորությունը»,- ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը», որն այլ կերպ անվանում են «Իրանի միջուկային պայմանագիր», երկարատև բանակցությունների արդյունքում 2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում Եվրամիության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ համաձայնեցրել են Իրանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, որոնց միացել է նաև բանակցությունների ակտիվ մասնակից, եվրոպական գերտերություն Գերմանիան:
Նշված փաստաթղթով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային հետազոտությունների ակտիվությունը, մասնավորապես, ուրանի հարստացումը: Միջազգային դերակատարներն էլ պարտավորվել են Իրանի կողմից այդ պայմանները կատարելու դեպքում աստիճանաբար չեղարկել պատժամիջոցներն, ինչն Իրանին կընձեռի նավթ արտահանելու և միջազգային առևտուրը վերականգնելու ու այդպես երկրի սոցիալ-տնտեսական բարդ վիճակը բարելավելու հնարավորություն:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի մայիսին չեղարկել է իր երկրի մասնակցությունը պայմանագրին, ասելով, թե դա «ամերիկյան դիվանագիտության պատմության ընթացքում ամենաանհաջող և վնասակար միջազգային փաստաթուղթն է, որն Իրանին ընդամենը տալիս է ատոմային ռումբ ստեղծելու ժամանակ»:
Թրամփը վերականգնել և խստացրել է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Ռուսաստանը, Չինաստանը և եվրոպական գերտերությունները չեն հրաժարվել պայմանագրից:
Իրանը դրանից հետո սկսել է աստիճանաբար չեղարկել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և վերականգնել է ուրանի բարձր աստիճանի հարստացումը:
ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Սպիտակ տունը ցանկանում է վերականգնել պայմանագիրը, սակայն Իրանը դրա համար պարտավոր է վերադառնալ դրա դրույթների կատարմանը: