Խորհրդարանն այսօր ձայների 83 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատեց պատերազմի ընթացքում «Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:
Առաջիկայում հայտնի կդառնան 11 հոգանոց հանձնաժողովի անդամների անունները, ինչպես նաև առաջին նիստի օրը։
Ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է։ Նա այսօր օբյեկտիվ քննություն խոստացավ, ասաց՝ վեր կհանեն բոլոր կնճռոտ հարցերը։
«Մեր գլխավոր խնդիրը լինելու է բացահայտել. եթե եղել են ապօրինություններ, անօրինականություններ, դրանք բոլորը բացահայտելով հանդերձ, մեղավորներին առաջադրել պատասխանատվություն, վերականգնել միջոցները, և, որ ամենակարևորն է, հայ ժողովրդի, աշխարհասփյուռ հայության մոտ վերականգնվի Հայաստանի, Արցախի և հայոց պետականության նկատմամբ այս կարևոր գործիքի հանդեպ վստահությունը», - ասաց Մինասյանը։
Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից քննադատություններ հնչեցին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, աուդիտ պահանջեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդն է հատկացվել «Հայաստան» հիմնադրամի կողմից, շեշտում է վարչապետըԻշխող «Քաղաքացիական պայմանագրից» Նազելի Բաղդասարյանն այսօր ասաց՝ ցանկացած խնդիր, որը հանրության ուշադրության դաշտում է, պետք է պարզ և թափանցիկ կերպով քննվի։
Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Վլադմիր Վարդանյանն իր հերթին հավելեց. - «Այն հարցերը, որոնք բարձրացված են քննիչ հանձնաժողովի առարկայական իրավազորության տիրույթում համապատասխանում են Ազգային ժողովի իրավասություններին, հարցը, որ ցանկանում ենք քննարկել, վերաբերում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցին», - ասաց Վարդանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստան» հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի նիստ է անցկացրելՀանրային հետաքրքրություն ունեցող այս հարցի պատասխանին սպասում են նաև քաղաքացիները, որոնք ևս պատերազմի օրերին գումար են փոխանցել հիմնադրամին։
«Ինձ էլ է հետաքրքրում, թե ինչ եղան էդ փողերը, ես ահագին փող եմ տվել, ուզում եմ իմանամ՝ ինչ եղան դրանք», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։
Հանձնաժողովը նախաձեռնելիս ընդդիմությունը հայտարարեց՝ մինչ օրս ոչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, և ոչ էլ որևէ պետական մարմնի կողմից չեն ներկայացվել ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվություն, կամ այլ սպառիչ բացատրություն, ինչը հնարավորություն կտար պարզելու այդ գումարի ծախսման հստակ ուղղությունները։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ավելի քան 100 միլիոն դոլարի նվիրատվության մասին, հայտարարել էր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակների համար, և աուդիտը, եթե դա չի արձանագրել և հրապարակել, ապա դրանով կարող է զբաղվել խորհրդարանական քննիչ հանձնաժողովը»։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի փոխանցմամբ, աուդիտի արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի վերջին նախատեսվող հոգաբարձուների խորհրդի նիստում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ կառավարության և «Հայաստան» հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԼՂ ԱԽ համատեղ նիստ