Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը ցանկանում է քննել «Հայաստան» հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը


Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 44-օրյա պատերազմի օրերին հավաքագրված և Հայաստանի պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը։

Հանձնաժողովը ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։ Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբեր 26-ին սկսվող հերթական նիստերում»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ, այս պահին ԱԺ նախագահին փոխարինող Ռուբեն Ռուբինյանը։

Քննիչ հանձնաժողովի նախագահն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, քննիչ հանձնաժողով ստեղծելու դիմումի տակ ստորագրել են ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները։ Կգործի այս հանձնաժողովը, թե՝ ոչ, կախված է հենց անդամների թիվը սահմանող որոշման նախագծի հաստատումից, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ իշխանականները կողմ քվեարկեն։

«Ազատությանն» այսօր չի հաջողվել պարզել «Քաղաքացիական պայմանագրի» դիրքորոշումը։

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից քննադատություններ հնչեցին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջել էր, որ հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ կառավարությունը հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի, ընդ որում, դա անի առավելագույնս հրապարակային:

Ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են՝ մինչև օրս ոչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ոչ էլ որևէ պետական մարմնի կողմից չեն ներկայացվել ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվություն կամ այլ սպառիչ բացատրություն, ինչը հնարավորություն կտար պարզելու այդ միջոցների ծախսման հստակ ուղղությունները։

«Քննվելու է հարցերի մի ամբողջ փունջ՝ նախ իրավունք ունեին այդ գումարը գրպանելու, թե ոչ, որովհետև դա փաստացի գրպանում է, գումարը հատկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, գումարը չէր հատկացվել Հայաստանի Հանրապետությանը, չէր հատկացվել, որպեսզի մուտք արվեր բյուջե», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Քննիչ հանձնաժողով ստեղծելու դիմումի տակ ստորագրած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցնում է՝ ինչո՞ւ այդ գումարը մտավ պետական բյուջե, եթե ծախսեր պետք է արվեին, ինչո՞ւ դրանք չարվեցին հիմնադրամի միջոցով։ Ընդդիմադիրներն այս հանձնաժողովը ստեղծելով կարևորում են պետական կառավարման թափանցիկությունը։

«Գումարը որ փոխանցվել է Արցախին, անհասկանալի պատճառներով հայտնվեց ՀՀ պետական բյուջեում։ Մարդիկ, բնականաբար, հարցնում են, ասում են՝ մենք գումարը տվել ենք Արցախին, ի՞նչ է եղել այդ գումարի հետ. այդ գումարը գնացել է պարգևավճար բաժանելուն, այդ գումարը գնացել է վարչապետի դստեր համար նոր և շքեղ «Նիսան» գնելու համար։ Մենք էլ քանի որ կարևորում ենք թե ֆիսկալ թափանցիկությունը և առավել ևս Հայաստան-սփյուռք հարաբերությունները, մենք մեր պարտքն ենք համարում ստեղծել քննիչ հանձնաժողով հասկանալու համար՝ վերջապես ինչի վրա ծախսվեցին այդ գումարները», - ընդգծեց Խաչատրյանը։

Հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին դեռ անցած ամիս հայտարարել էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը. «Էդ գումարների ճակատագիրը մեծ կասկածների առիթ տվեց, տեղի ունեցավ ուղղակի բյուջետային ֆինանսավորում, այսինքն հիմնադրամից գումարներն ուղղվեցին բյուջե՝ 50 միլիարդից ավելի»։

Մամիջանյանը խորհրդարանում հարցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ առանձին հաշվետվություն և աուդիտորական եզրակացությունը չի հրապարակվել, թե ինչպե՞ս են ծախսվել ավելի քան 100 միլիոն դոլարը։

Պատգամավորը նշել էր, որ հանձնաժողով կքննվի նաև, թե արդյոք գումարը ռազմական ծախսերի համա՞ր է օգտագործվել, թե ոչ։ Փաշինյանն ի պատասխան հայտարարել էր՝ հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ, և աուդիտը եթե չի արձանագրել և հրապարակել, դա կհրապարակի քննիչ հանձնաժողովը, աշխարհում այլ հանձնաժողով չկա, որ բացի իմ ասածից կարողանա արձանագրել որևէ այլ բան», - նշել է վարչապետը։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ նոյեմբերի վերջին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ էլ կքննարկվի աուդիտորական ընկերության եզրակացությունը և ֆինանսների նախարարության հաշվետվությունը։

«Ըստ Ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության, հաշվետվության մեջ ներառված բոլոր ծախսերը համապատասխանում են հիմնադրամի կանոնադրական նպատակներին, այսինքն խոսքը գնում է սոցիալական, առողջապահական ոլորտներում եղած կարիքների բավարարմանը», - ընդգծեց հիմնադրամի տնօրենը։

Արշամյան չցանկացավ խոսել անցկացված աուդիտի մանրամասներից՝ նշելով, որ մնացյալ հարցերի պատասխանները կտրվեն հոգաբարձուների խորհրդի նիստից հետո։

XS
SM
MD
LG