Մատչելիության հղումներ

Ըստ Արշամյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտին


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, արխիվ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, արխիվ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը ամենայն հավանականությամբ տեղի կունենա մարտին: «Ազատության» հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ասաց՝ հրավերն ուղարկվել է հոգաբարձուների խորհրդի անդամներին, այժմ քննարկվում է հստակ օրը, ըստ այդմ կձևավորվի նաև օրակարգը:

Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով դեռ երեկ արտահերթ նիստ անցկացնելու հանձնարարությամբ հանդես եկավ հանրապետության նախագահը, որը նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Արմեն Սարգսյանը երեկ, հանդիպելով հիմնադրամի գործադիր տնօրենի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ և նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Նախագահը դեռ դեկտեմբերին էր պահանջել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային: Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարությանը։

Հայկակ Արշամյանի խոսքով՝ Ֆինանսների նախարարությունը կատարված ծախսերի մասին իրենց պարբերաբար աշխատանքային նամակներ է ուղարկում, սակայն վերջնական հաշվետվություն դեռ չեն ստացել. «Այդ ամեն ինչը մենք փոխանցում ենք մեր աուդիտորական կազմակերպությանը և երբ որ վերջնական, այսինքն՝ թե՛ ամբողջական գումարի մասով և թե՛ աուդիտի եզրակացությունը կլինի, որը կտրվի նաև հոգաբարձուների խորհրդի նիստի քննարկմանը, դրանից հետո, երբ որ մենք մեր տարեկան հաշվետվությունը կհրապարակենք, այնտեղ ամեն ինչ կտեսնենք: Հուսամ, որ մինչև հոգաբարձուների խորհրդի նիստ մենք արդեն բավական նյութ կունենանք՝ դրա մասին խոսելու»:

Հարցին՝ ըստ այդ միջանկյալ հաշվետվությունների՝ արդյոք արդարացվա՞ծ է համարում կատարված ծախսերը, Արշամյանն արձագանքեց՝ պատասխանը արտացոլված կլինի աուդիտորական ընկերության եզրակացությունում։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ այստեղ միանշանակ հաշվետվողականության և թափանցիկության խնդիր կա, հաշվետվությունը պետք է արտահերթ ներկայացվեր։ Հոկտանյանի խոսքով՝ հասարակական պահանջ կա՝ հասկանալու, թե այդ գումարն ինչպես և ինչի վրա է ծախսվել, արդյոք արդյունավե՞տ ծախսեր են եղել:

«Այդ գումարներն ինչպե՞ս են ծախսվել, արդյոք ծախսվել են այն բանի համար, ինչի համար պետք էր ծախսվեին, թե ծախսվել են, օրինակ, պարգևավճարներ վճարելու վրա: Որովհետև այսպես ասենք՝ եթե պատերազմ է գնում, բնականաբար, պետք է գոտիները բոլորը ձգեն, և, բնականաբար, պետք է գումարները գնան պաշտպանության կարիքներին: Երբ որ գումարները գնում են պաշտպանության կարիքներին, ինչպե՞ս է արվում, ասենք, նայում են բյուջեում այլ նախարարությունների՝ ինչ կարելի է կրճատել, եթե հանկարծ պարզվի, որ որոշում են, որ, չէ, պարգևավճարը չպիտի կրճատվի, եկեք «Հայաստան» հիմնադրամից վերցնենք, որ պարգևավճար վճարենք, դա անբարոյականություն կլինի, սրա մասին է խոսքը: Այստեղ հիմնադրամի մեղքը ես չեմ տեսնում, որովհետև միակ թերացումն այն է, որ իրենք պետք է պահանջեն հաշվետվություն կառավարությունից», - ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Չենբերջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց միայն՝ կատարված ծախսերի հաշվետվությունը պետք է ներկայացվի հոգաբարձուների խորհրդի անդամներին, որպեսզի սփյուռքը չհիասթափվի։

XS
SM
MD
LG