Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Արցախում հումանիտար օժանդակության նախագծերը:
Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կառույցի հանդեպ վստահությունը:
Սարգսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ նշելով, որ Կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ: