Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Նիկոլ Փաշինյանն տեղեկացրել է, որ երեկ արդյունավետ քննարկում են ունեցել Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ, որի արդյունքներով առաջարկվում է Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնել:
Ընդ որում, ըստ վարչապետի, առաջարկվում է ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և ծրագիրը ֆինանսավորել հետևյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ:
«Այսինքն՝ կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը: Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով ըստ էության ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը, այն է՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլև պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալտնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր: Կարծում եմ՝ երեկ կայացրած որոշումները շատ ամուր հիմք կարող են դառնալ այդ զարգացումներն ապահովելու համար», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ այսօր քննարկումներ են ունենալու Անվտանգության խորհուրդների կազմերով, քննարկելու են անվտանգային միջավայրին և ապագայի շուրջ ռազմավարական պատկերացումների վերաբերյալ հարցեր:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումն առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում:
«Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակենք: Այդ նախագծերում միշտ հաշվի ենք առնում այսօրվա իրականությունը, զուգահեռ պլանավորում հողահատկացման, բնակիչների հետագա զբաղվածության ապահովման աշխատանքները, քննարկում ենք նաև կոոպերացիայի ժամանակակից մոդելներ»,- ասել է Արցախի նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով կիրականացվեն օրակարգային առաջնահերթության բոլոր հարցերը: