Արդեն շուրջ տասը օր հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բանտում վատացել է։
Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեի խոսքով՝ նախկին նախագահը դժվարանում է շարժվել և խոսել։ Բժիշկը պարզաբանել է, որ Սաակաշվիլին ունի արյան գենետիկ Թալասեմիա հիվանդություն, որի դեպքում չի կարելի քաղցած մնալ։ Կիպշիձեի փոխանցմամբ, քաղաքական գործչի վիճակը կտրուկ վատացել է վերջին երկու օրվա ընթացքում։
«Բանտային բժիշկներն ու բուժանձնակազմը լավագույնն են։ Ես կես ժամ շփվել եմ նրանց հետ այն մասին, թե ինչպես անցկացնել այս գիշերը։ Վաղը կրկին այցելելու եմ նրան։ Մենք, հավանաբար, ստիպված կլինենք նրան տեղափոխել հիվանդանոց», - երեկ երեկոյան ասել է Կիպշիձեն։
Ինքը՝ Սահակաշվիլին երեկ՝ կիրակի օրը Ֆեյսբուքում գրել էր, թե ամբողջությամբ կենտրոնացած է իր պայքարի վրա և շարունակում է հացադուլը վրացական Ռուսթավի քաղաքի բանտում և մտադիր է «այդ գործն ավարտին հասցնել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել իր իրավունքների խախտմանըԳրառման մեջ Վրաստանի նախկին նախագահը նաև անդրադարձել էր իր անձնական կյանքին, նշելով, թե արդեն երկար ժամանակ է ինչ ապրում է ուկրաինացի պատգամավոր Ելիզավետա Յասկոյի հետ և երջանիկ է, միևնույն ժամանակ նշելով, թե իր պաշտոնական կնոջ՝ Սանդրա Ռուլովսիին վերաբերվում է «բարությամբ, հարգանքով և շնորհակալ է նրան համատեղ անհավանական կյանքի համար»:
Սաակաշվիլի հետ կապված տեղեկություններն իրարամերժ են
Օրինակ, Վրաստանի քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հայտարարության համաձայն, նա զրկվել էր ոչ միայն ինտերնետից, այլև՝ հեռախոսազանգերի հնարավորությունից, իսկ կիրակի օրը, փաստորեն, հնարավորություն է ունեցել մտնել համացանց և գրառում կատարել Ֆեյսբուքում:
Ավելի վաղ հայտարարվել էր, թե Սաակաշվիլին բանտի խանութից մեղր և հյութեր է գնել, մինչդեռ ինքը՝ քաղաքական գործիչը, պնդում է, որ շարունակում է հացադուլը։
Հոկտեմբերի 1-ի, հիշեցնենք, առավոտյան Սաակաշվիլին հայտարարել էր, թե տեղական ընտրությունների նախօրեին վերադարձել է Վրաստան, նույն օրը երեկոյան նրան ձերբակալել են: Վրացական իշխանությունների պնդմամբ, քաղաքական գործիչը ժամանել է հայրենիք՝ պետական հեղաշրջում իրականացնելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի վարչապետի կարծիքով` Սաակաշվիլին վերադարձել է հեղաշրջման հույսովՎրաստանում նախկին նախագահը հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերով։ Իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Սաակաշվիլիին, վերադառնալու դեպքում, ձեռբակալելու են: Վրաստանի նախկին նախագահին, մասնավորապես, մեղադրում են պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունները չարաշահելու մեջ։
Հոկտմեբերի 1-ին բանտում Սաակաշվիլին, բողոքելով իրեն ձերբակալելու դեմ, հացադուլ է հայտարարել։ Կիրակի օրը Թբիլիսիի կենտրոնում Սաակաշվիլիի մի քանի հարյուր կողմնակիցներ բողոքի հավաք են անցկացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսին մտադիր չէ Սաակաշվիլիին արտահանձնել Կիևին