Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթում է շաբաթ օրը երկրում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Քվեաթերթիկների ավելի քան 99 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ իշխող ուժը մոտ 47 տոկոս է ստացել: Երկրորդ տեղում՝ 31 տոկոսով, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն է: Երրորդը նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն է, որն ստացել է քվեների մոտ 8 տոկոսը:
Բոլոր հինգ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիսի, Փոթի և Բաթումի, կկայանա ընտրությունների երկրորդ փուլ. թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը:
Ընտրությունների նախօրեին Վրաստան վերադարձավ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրան ձերբակալել են, քանի որ 2018 թվականին հեռակա կարգով դատապարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: