«Բարի լույս, Վրաստան․ արդեն Վրաստանից, ութ տարի անց»,- այսօր վաղ առավոտյան Ֆեյսբուքի իր էջում գրեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Գրառումից քիչ հետո Սաակաշվիլին Ֆեյսբուքում երկու տեսանյութեր տեղադրեց` ընտրողներին կոչ անելով վաղը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկել ընդդիմության օգտին։
Ենթադրաբար տեսանյութերը արվել են Բաթումիում, վրացական լրատվամիջոցները առաջինը նմանեցնում են Բաթումիի մուտքի մոտ ճոպանուղուն հարող տարածքի հետ։
«Սա իմ Բաթումին է, ամսի 2-ին մենք բոլորս պետք է գնանք ընտրությունների, քվեարկելու «Ազգային շարժման» օգտին։ Ոչ մի դեպքում ձայն չտալ Իվանիշվիլիին, Գախարիային կամ նրանց արբանյակներին»,- ասել է Սաակաշվիլին, ընտրողներին հորդորելով գնալ քվեարկության,- «Դուք տեսնում եք` վերադառնալով այստեղ ես ռիսկի տակ եմ դնում ամեն ինչ` կյանքս, ազատությունս, ամեն ինչ, ես ձեզանից միայն մի բան եմ ցանկանում՝ վաղը գնալ ընտրությունների»։
Հաջորդ տեսանյութում, ենթադրաբար Բաթումիի կենտրոնից, նա իր աջակիցներին կոչ է արել ընտրությունների հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին նաև Վրաստանի տարբեր բնակավայրերից հավաքվել Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելի պողոտայում` խոստանալով միանալ նրանց։
Երկու տեսանյութերում էլ դեռ մութ է, լույսը դեռ չի բացվել, Սաակաշվիլիի դեմքն է երևում ու որոշ չափով նաև փողոցների լապտերների, շենքերի լույսերը։
Սակայն իշխող «Վրացական երազանքի» առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն պնդել է, որ Սաակաշվիլին Վրաստանում չէ։
«Սաակաշվիլին Վրաստանում չէ։ Նա ծաղրածու է, և դա հաստատվեց», - ասել է Կոբախիձեն` պնդելով, որ տեսանյութերը սարքված են, Վրաստանում չեն նկարահանված։
«Վրացական երազանքի» մեկ այլ անդամ Մամուկա Մդինարաձեն ասել է, թե Սաակաշվիլին գտնվում է Ուկրաինայի Տրուսկավեց հանգստավայրում։
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլին Վրաստանի սահմանը չի հատել։ «Մենք կապվել ենք ուկրաինական կողմի հետ։ Բացարձակ ստույգ և միանշանակ կարող եմ ասել, որ Միխեիլ Սաակաշվիլին չի լքել Ուկրաինայի տարածքը»,- հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարարը` նշելով, որ Սաակաշվիլին հետախուզման մեջ է, նրա նկատմամբ դատավճիռ է կայացվել, հետևաբար եթե նա անցնի Վրաստանի սահմանը, կձերբակալվի ու կտեղափոխվի համապատասխան մեկուսարան։
Մինչդեռ Սաակաշվիլիի կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» ներկայացուցիչները պնդում են, որ նախկին նախագահը վերադարձել է հայրենիք։ Մուրման Դումբաձեն ասել է, որ Սաակաշվիլիին պաշտոնապես կներկայացնեն վաղը` 20: 05-ին, իսկ մինչ այդ ոչ մի դեպքում նա չպետք է հայտնվի։ «Նրան ամբողջ Վրաստանն է սպասում»,- հայտարարել է Դումբաձեն։
Մի շարք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ կամ կասկածում են, որ Սաակաշվիլին վերադարձել է, կամ նշում, որ եթե լուրը հաստատվի, ապա պատասխանատվությունը պետք է կրի միայն իշխող ուժը։
Վրաստանի քաղաքական դաշտն այնքան է փոթորկվել, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անգամ դիտողություն է արել կուսակցություններին ու իշխանություններին։
«Հիմա երկրին ավելի շատ հանդարտություն է անհրաժեշտ, որպեսզի վաղը` հոկտեմբերի 2-ին, ընտրություններն անցնեն թափանցիկ, արդար և ազատ պայմաններում։ Այդ թեման քայքայում է նախընտրական միջավայրը, լարում առանց այն էլ լարված ու հոգնած հասարակությանը։ Ով էլ որ տարածի այդ թեման, նա չի մտածում երկրի կամ ազնիվ ընտրությունների մասին, այլ խաղադրույք է դնում հոկտեմբերի 3-ին փողոցներ դուրս գալու ու անկայունություն ստեղծելու վրա»,- ասել է Զուրաբիշվիլին:
Ըստ նրա` մեկնաբանությունները կուսակցությունները չպետք է անեն, այլ պետական մարմինները, որոնք պարտավոր են հանրությանը ճշմարտությունն ասել ու այդպիսով վերականգնել հանդարտությունը։ «Ծաղրանքներն ու խայթոցները այն պատասխանը չեն, երբ մարդիկ կասկածի տակ են դնում պետական կառույցների արդունավետությունը։ Կառավարությունը պատասխանատու է կանխելու համար ապակայունացման փորձերն ու նախընտրական լարվածությունը»,-հայտարարել է Վրաստանի նախագահը։
Այս շաբաթվա սկզբին Սաակաշվիլին հայտնել էր, որ վերադառնալու է հոկտեմբերի 2-ին` տեղական ընտրությունների քվեարկության օրը։ Նա նույնիսկ օդանավի տոմսի պատճենն էր տեղադրել Ֆեյսբուքում։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքել էր, թե Վրաստան մտնելու դեպքում Սաակաշվիլին կձերբակալվի։
«Օրենք և արդարություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Տակո Չարկվիանին հայտարարել էր Սաակաշվիլիի խաղաղ վերադարձի համար կազմակերպություն ստեղծելու մասին, որտեղ ըստ նրա` ավելի քան 100 հազար մարդ է գրանցվել։
Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է նաև երկու դատավճիռ։ Բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատարանը նրան հեռակա դատապարտել է 3 տարվա, իսկ պատգամավոր Վալերի Գելաշվիլին ծեծի ենթարկելու գործով` 6 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է ևս երկու գործերով՝ 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության հանրահավաքը ուժով ցրելու ու պետբյուջեից 9 միլոն լարի վատնելու համար։
Սաակաշվիլին բոլոր մեղադրանքները հերքում է` պնդելով, որ դրանք քաղաքական աստառ ունեն։
2003-ի «Վարդերի հեղափոխության» առաջնորդ Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին, երբ նրա կուսակցությունը պարտվեց ընտրություններում: