Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ Թուրքիան չի կարող որևէ բան պահանջել Հայաստանից. վերլուծաբան

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում երեկ քննարկել են նաև Հարավային Կովկասի հարցերը: Այս մասին հայտնել է Էրդողանը բանակցություններից հետո ինքնաթիռում տված հարցազրույցում:

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»` նա նշել է. «Այդ հատվածում գործարկվելիք ցամաքային և երկաթուղային ճանապարհները տարածաշրջանային բոլոր երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ կբերեն: Ադրբեջանն այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է տանում: Իհարկե, Հայաստանն էլ պետք է իր պարտավորությունները կատարի»:

Իր հերթին Կրեմլի խոսնակ Պեսկովն էլ հայտնել է, որ երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել ղարաբաղյան կարգավորումից. Մոսկվան ընդգծել է, որ կողմերը պետք է փոխզիջումային որոշումներ փնտրեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառույցները զարգացնելու հարցերում։

Նախօրեին էլ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն էր անդրադարձել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարին՝ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր է Թուրքիայի համար։

Թուրքիան այժմ փորձում է վերադառնալ Հարավային Կովկաս. Ռիչարդ Կիրակոսյան

Տասնամյակներով դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան վերջին շրջանում հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին հեռակա ուղերձներ են փոխանակում, սակայն որևէ պաշտոնական գործընթաց առայժմ չի մեկնարկել։

«Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանի կառավարություն՝ նկատելով, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում աստիճանաբար ուրվագծում է իր օրակարգը, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն ու օրակարգն այս հարցում, պատասխան առայժմ չի ստացվել։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Թուրքիան այժմ փորձում է վերադառնալ Հարավային Կովկաս, որտեղից հեռացել էր Ռուսաստանի համառ ջանքերով:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար հնարավորություն է ետպատերազմյան տարածաշրջանային զարգացումներում սեղանի շուրջ աթոռ ստանալու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պատերազմից հետո Թուրքիան չունեցավ այն, ինչ ակնկալում էր, դուրս մնաց խաղաղապահ գործընթացից։ Սիրիայի և այլ հարցերի պատճառով այժմ Թուրքիան ու Ադրբեջանը մեկուսացված են միջազգային համայնքից։ ԱՄՆ-ն ու Եվրոպան այժմ չեն աջակցում Թուրքիային, այս առումով Հայաստանն ավելի շահեկան դիրքում է», - կարծում է Կիրակոսյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել հայ-թուրքական հաշտեցմանը, բայց այս պահին գործընթացի վերաբերյալ որևէ հստակություն չկա
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո բոլոր հարցերը քննարկելի են. ԱԽ քարտուղար

Հարցին, թե արդյոք Թուրքիան թելադրում է իր պայմանները Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ու սահմանը բացելու հարցում, այդ թվում` խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, Կիրակոսյանը պատասխանեց, որ Թուրքիան դեռ վերջնական ու հստակ չի ձևակերպել, թե ինչ է ուզում ստանալ։ Էրդողանի կամ նրա խոսնակ Քալընի հայտարարություններում չի հնչում «Հայաստանը պարտավոր է» արտահայտությունը, նկատում է Կիրակոսյանը։

«Ես չեմ կարծում, թե Թուրքիան պահանջելու է, որ Հայաստանն ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ կերպ ասած՝ պարտադիր է ունենալ ճանապարհ դեպի Նախիջևան, սակայն չեմ կարծում, թե Թուրքիան այնքան ուժեղ դիրքերում է, որ կարող է պահանջել որևէ բան Ադրբեջանին առնչվող։ Գլխավոր հարցն այստեղ այն է, թե ինչպես 2009-ի արձանագրությունների ժամանակ Թուրքիան կախյալ է Ադրբեջանից, և արդյոք Ադբեջանը կրկին կխափանի գործընթացը», - շեշտեց վերլուծաբանը։

Ըստ Կիրակոսյանի՝ այս ամենը ոչ միայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի կառավարության համար, այլև մարտահրավեր է, թե կկարողանան արդյոք ճիշտ դիվանագիտություն վարել. «Արարատ Միրզոյանը շատ նոր նախարար է. և դեռ պետք է սպասենք, որ տեսնենք, թե ինչպիսին կլինի Հայաստանի դիվանագիտական ռազմավարությունը։ Միաժամանակ նշեմ, որ չեմ կիսում Հայաստանի վարչապետի լավատեսությունը [հայ-թուրքական հարբերությունների կարգավորման առումով], սակայն հուսով եմ, որ Փաշինյանը վստահության համար հիմքեր ունի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան միջանցքի ստեղծման հարց չի քննարկվում

Ընդհանուր առմամբ Հայաստանի մոտեցումն արդեն ուրվագծված է և չի փոխվել Սերժ Սարգսյանի ժամանակներից՝ հարաբերություններ առանց նախապայմանների, նկատում է Կիրակոսյանը` ավելացնելով, որ Հայաստանը պետք է փորձի շահած դուրս գալ այս գործընթացից.

«Պետք է նկատել, որ վերջին մեկ տարվա մեր հսկակայան կորուստներից հետո արդեն շատ քիչ բան է մնացել կորցնելու։ Այժմ լավ հնարավորություն կա սրելու և օգտվելու Թուրքիայի ու Ադրբեջանի միջև եղած ջրբաժանից, այստեղ հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է նույնքան կարևոր համարել, որքան բուն արդյունքը։ Այլ կերպ ասած` պետք է փորձել սեպ խրել երկու երկրների միջև՝ օգտվելով Թուրքիայի զայրույթից Ադբրեջանի հանդեպ, որը` որպես այդ հարաբերությունների փոքր եղբայր շարունակ սահմանափակում է Թուրքիայի գործելու հնարավորությունները։ Հայաստանը պետք է լինի նորարար ու համարձակ», - ասաց նա։