Մատչելիության հղումներ

Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում է նաև հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում


Վաղը Սոչիում կայանալիք ռուս-թուրքական գագաթաժողովին քննարկվելու է նաև հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում, այսօր հաղորդել է Կրեմլը՝ մանրամասնելով, որ երկու երկրների նախագահները կանդրադառնան Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի և Անդրկովկասի հարցերին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը։ Արդեն հայտնի է, որ հանդիպումը անցնելու «տետ ա տետ» ձևաչափով։ Թեև Պուտինը շուրջ տասը օր է՝ իր բոլոր հանդիպումներն անցկացնում է տեսակապի միջոցով, սակայն Կրեմլի խոսնակը նախօրեին ասել էր, որ Էրդողանի դեպքում նա խախտելու է ինքնամեկուսացման ռեժիմը։

Վերլուծաբանների համոզմամբ, դրա համար լուրջ պատճառներ կան. չնայած երկկողմ հավակնոտ ծրագրերին՝ Թուրքիան և Ռուսաստանն այսօր նաև մի շարք տարաձայնություններ ունեն, որոնցից ամենասուրն այս պահին իրավիճակն է Սիրիական Իդլիբում։

«Անկարան անհանգստացած է, որ այս տարածքում օդային հարձակումները վերջին շրջանում բազմապատկվել են, ինչը հակասում է Ռուսաստանի հետ ստորագրված հուշագրին», - այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի մի զգալի մասը դեռ մնում է Անկարայի աջակցությունը վայելող ընդդիմադիրների և թուրքական զինուժի վերահսկողության տակ։ Այստեղ թուրքական բանակի մի քանի դիտակետ է տեղակայված։

Ավելի վաղ Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդները պայմանավորվել էին, որ երկու երկրների զինվորականները համատեղ պարեկություն պետք է իրականացնեն։ Իրավիճակը, սակայն, վերջին ամսիներին խիստ լարվել է, Թուրքիան նոր ստորաբաժանումներ է տեղափոխել Իդլիբ։

«Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ համաձայնագրի սկզբունքներին և մանրակրկտորեն կիրառում ենք դրանք: Այնուամենայնիվ, վերջին շրջանում ավելացել է օդային հարձակումների թիվը: Մենք հայտարարեցինք, որ դա չի համապատասխանում փոխըմբռնման հուշագրին: Այս հարցի վերաբերյալ բոլոր մակարդակներում քննարկումները շարունակվում են», - Պուտին Էրդողան հանդիպմանն ընդհառաջ այսօր ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ հարուստ են և բազմաբովանդակ, և երկկողմ հարուստ տնտեսական համագործակցությունը, ըստ Կրեմլի խոսնակի, նույնպես լինելու է բանակցությունների օրակարգում։

Միևնույն ժամանակ, թուրքական կողմն օր-օրի խստացնում է հռետորաբանությունը Ղրիմի բռնակցման հարցում։ Մյուս կողմից, թե' պաշտոնական Մոկսվան, թե' Անկարան հավաստիացնում են, թե Էրդողանն ու Պուտինը հաստատակամ են ոչ թե խորացնլ առկա խնդիրները, այլ գտնել բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նախկինում։ Ավելին, Էրդողանը հայտարարում է, որ Սոչիում վաղը կայանալիք հանդիմանը շատ կարևոր որոշում է կայացվելու։ Թե կոկրետ ինչ որոշման մասին խոսքը, Էրդողանը չի մանրամասնում։

Վերլուծաբանները գրում են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, ռուսական սպառազինության ձեռք բերման շուրջ նոր համաձայնագրի մասին է։

Անցած կիրակի այս մասին նաև էրդողանն էր հայտարարել ամերիկյան CBS-ին տված հարցազրույցում. - «Անկարան մտադիր է ռուսական S-400-ների երկրորդ խմբաքանակը ձեռք բերել։ Որևէ մեկը չի կարողանալու միջամտել և թելադրել մեզ, թե ինչպիսի պաշտպանական համակարգեր գնենք և որ երկրից։ Որևէ մեկը չի կարող սրա վրա ազդել, միակ որոշողը մենք ենք»։

Ամերիկյան կողմը դեռ անցած տարեվերջին էր պատժամիջոցներ սահմանել դաշնակից Թուրքիայի նկատմամբ՝ պնդելով, թե ռուսական համակարգերի տեղակայումը ՆԱՏՕ-ի անդամ երկրում վտանգի տակ կդնի ողջ Հյուսիսատլանտյան դաշինքը։ Նախօրեին էլ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարել է, թե այդ պատժամիջոցները կարող են է'լ ավելի խստացվել։

Ռուսաստանը և Թուրքիան S-400-ի մասին պայմանագիրը ստորագրել էին 2017-ին։ Դրանց առաջին խմբաքանակը Անկարա է հասել 2019 թվականին։

Ի դեպ, թուրքական աղբյուրները ակնարկում են, թե երկկողմ ռազմական համագործակցությունն այսքանով կարող է չսահմանափակվել։ Երեկ, մասնավորապես, Milliyet-ը գրել էր, որ Սոչիում կայանալիք հանդիպումը անսպասելի ավարտ կարող է ունենալ։ Հիշեցնելով, թե ինչպես էր Էրդողանը Մոսկվա այցի ընթացքում Պուտինի հետ միասին ուսումնասիրել Су-57 ռազմական օդանավը՝ թերթը ենթադրում է, որ Էրդողանի հայտարարած կարևոր որոշումները կարող են կապված լինել ռազմական այդ օդանավերը ձեռք բերելու հետ։

XS
SM
MD
LG