Մատչելիության հղումներ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո բոլոր հարցերը քննարկելի են. ԱԽ քարտուղար


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

«Հայաստանը հույս ունի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը սկսել առանց նախապայմանների, սակայն բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են», -  այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե ինչպես է պատրաստվում պաշտոնական Երևանը կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, երբ նախագահ Էրդողանը, փաստորեն, նախապայման է առաջ քաշում՝ հստակ քայլեր ձեռնարկել «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ, որից հետո կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Գրիգորյանն արձագանքեց. - «Բազմիցս հայտարարել ա հայկական կողմը նույնիսկ մեզնից առաջ, նախկին իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք ա կարգավորել առանց նախապայմանների։ Որովհետև երբ որ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևիցե հարցում առաջ գնալ։ Եվ հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների։ Բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Թուրքիան սկսեցին հարաբերությունների կարգավորման հրապարակային նշաններ ցույց տալ նախորդ ամիս, երբ նախագահ Էրդողանը օգոստոսի 26-ին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց՝ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա: Հաջորդ օրն իսկ վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում արձագանքեց, թե որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, և «մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։

Անցած մեկ ամսվա ընթացքում երկու հարևան երկրների ղեկավարները բազմիցս հանդես եկան հայտարարություններով՝ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ։ Վերջինը՝ երեկ, Էրդողանի կողմից, թե Հայաստանի վարչապետից դրական ուղերձներ է ստանում, և որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը պատրաստվում է քննարկել այս ամիս Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը։

Սակայն ամենից ուշագրավը, թերևս, Թուրքիայի նախագահի սեպտեմբերի 19-ի խոսքերն էին, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, սակայն հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։

Հաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե՝ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումների։

«Ընդհանուր առմամբ, և' նախընտրական փուլում, և' ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու և կայունություն ապահովելու շրջան բացելու մասին։ Եվ այդ տրամաբանության շրջանակներում նար պետք ա կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ կարգավորումը պետք ա լինի աստիճանական, և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Եվ ինչպես նաև դրա մասին խոսել ենք բարձր մակարդակով, նաև քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակներում էլ կատարվել են նման հայտարարություններ և քաղաքական քայլեր», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հավանական համարեց առաջիկա տեղաշարժը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, սակայն, ըստ քաղաքագետի, նման տեղաշարժը նախևառաջ կարող է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ճնշման արդյունք լինել. - «Ակնհայտ է, որ առկա է գործընթաց, և սա հասկանալու համար անգամ ներքին ինչ-որ տեղեկությունների կարիք չկա։ Ակնհայտ կերպով ընթանում է փոխգործակցության գործընթաց։ Արդյո՞ք այն ընթանում է ուղղակի կերպով, այսինքն՝ ինչ-որ փակ բանակացություններ են տեղի ունենում, թե՞ կան միջնորդներ, այդքան էլ կարևոր չէ։ Մենք տեսնում ենք փոխգործակցություն։ Տեսնում ենք, թե ինչ է ցանկանում Թուրքիան՝ մի քանի պայմանների կատարում, որպեսզի բացվի սահմանը, գուցե դիվանագիտական ինչ-որ հարաբերություններ մեկնարկեն։ Տեսնում ենք, որ Հայաստանը առնվազն պատրաստ է քննարկել ինչ-որ տարբերականեր։ Այո, հնարավոր է, որ առաջիկայում տեղաշարժ նկատվի, հնարավոր է, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ճնշումը հասնի իր նպատակին, և ինչ-որ տեսքով ինչ-որ համաձայնագրեր ստորագրվեն»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG