Հայաստանում այս պահին ընթացող պահեստազորի եռամսյա հավաքների մասնակիցներից մեկի՝ Մկրտիչ Հովակիմյանի մահվան հանգամանքները պարզում է Քննչական կոմիտեն, հարուցված է քրեական գործ։
Եռամսյա հավաքին կամավոր մեկնած 43-ամյա Մկրտիչ Հովակիմյանը մահացել է Սյունիքի դիրքերից մեկում ծառայակցի արձակած գնդակից: Հավաքի մեկ այլ մասնակից, ում անունը չի նշվում, կալանավորված է։
«Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում` առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն զորամասի զինծառայող: Վերջինս ձերբակալվել է մարտական հերթափոխություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով», - «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պահեստազորի հավաքի երկրորդ փուլ կանցկացվի՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ըԾառայակցի կրակոցից զոհված Հովակիմյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, եռամսյա հավաքներին գնացել էր կամավոր։ Այս զորահավաքի մասնակիցներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, «Ազատությանը» պատմեց, որ իրենք խմբով 16-օրյա վարժանքներից հետո արդեն դիրքեր են մեկնել, այդ թվում` այն տղամարդը, որը, ըստ Քննչականի, կրակել է ծառակցի ուղղությամբ։
«Կալանավորված զինծառայողը գտնվում է Գորիսում: Դեպքը տեղի է ունեցել Կապանում, և ամենայն հավանականությամբ վերջնական որոշումները կկայացվեն փորձագիտական քննությունների ավարտից հետո», - հավելեց ՔԿ խոսնակը:
Խոսնակ. Ալկոհոլի ազդեցության տակ գործելու վարկածը հերքվել է
Այլ մանրամասներ Քննչականը չի հայտնում, բայց «Ազատության» հետ զրուցած հավաքի մասնակցի խոսքով` կրակողը, քնից վեր թռնելով ու վրանից դուրս գալով, կարծել է, թե Մկրտիչ Հովակիմյանն ադրբեջանցի դիվերսանտ է ու քաշել է ձգանը։ Մինչ կկատարվեն մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատահոգեբանական, Քննչականի խոսնակն ասում է, որ ալկոհոլի ազդեցության տակ գործելու վարկածն արդեն հերքվել է։
Կրակելու կասկածանքով ձերբակալված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահության կանոնները խախտելու հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ դիրքեր բարձրացող, անգամ ընդամենը 3 ամսով զորակոչված բոլոր ծառայողները պետք է պատշաճ պատրաստված լինեն զինվորական ծառայությանը. «Դա զինվորական ծառայություն է, և խստորեն պետք է կարգուկանոն լինի զինվորական ծառայության, պատշաճ պետք է տեղեկացված լինեին` ինչ վիճակ է դիրքերում, որտեղ են, տեղանքը, պետք է որ Պաշտպանության նախարարությունն աներ»:
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ պատերազմի ընթացքում բանակից ստացվող կազմակերպչական հարցերին վերաբերող լուրերը հուսադրող չէին, արդյո՞ք վերջին 1 տարում Զինված ուժերում լուրջ բարեփոխումներ են արվել, և եռամսյա հավաքները կազմակերպվո՞ւմ են արդեն պրոֆեսիոնալ բարձր մակարդակով. «Այդ աշխատանքները տարվո՞ւմ են, ինչպե՞ս են այդ հավաքները կազմակերպվում, ի՞նչ մակարդակով են դրանք անցկացվում` պատմությունները, նրա տվյալները ստուգվել, արդյոք նա կարող էր և հոգեբանորեն ինչ վիճակում էր, ցանկություն ունենալը դեռ չի նշանակում, որ ինքը պետք է գնա և հայտնվի դիրքերում: Տեսեք` ինչպիսի ողբերգական դեպք է տեղի ունեցել», - ասում է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հենակետում պահեստազորի սերժանտ է զոհվել, նախնական տվյալներով՝ ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով. ՊՆՊՆ. Հավաքի մասնակիցներն անցնում են նաև հոգեբույժի կոնսուլտացիա
Պաշտպանության նախարարությունը ի պատասխան մեր հարցման` տեղեկացնում է, որ «եռամսյա հավաքի բոլոր մասնակիցներն անցնում են այն նույն ստուգումները, ինչ պարտադիր զորակոչի մասնակիցները, այդ թվում` հոգեբույժի կոնսուլտացիա»։ Քանի՞ օր կամ շաբաթ վարժանքներ անցնելուց հետո են հավաքի մասնակիցները գնում դիրքեր հարցին, նախարարությունից պատասխանում են. «Ըստ անհրաժեշտության ներգրավվում են մարտական հերթապահության գործող կարգացուցակի համաձայն»։
Իրավապաշտպանի համոզմամբ` ՊՆ-ն իրավիճակը փոխելու քայլերի «չի նետվել»
«Պատերազմից հետո մենք չենք տեսնում Պաշտպանության նախարարության իրավիճակը փոխելու, այսպես ասած, որ պետք է միանգամից փորձեին շտկել այդ բացերը, որ մենք այդքան լսեցինք, իմացանք, մենք դա չենք տեսնում: Եթե նրանք այդպես նետվեին այդ աշխատանքի մեջ, մենք տեղեկություններ կունենայինք, և այնպես չի, որ մենք ապրում ենք մի երկրում, որ չգիտենք իրար մասին ոչինչ», - նկատում է Ալեքսանյանը:
Այս պահին պահեստազորի ուսումնական հավաքներին մասնակցում է շուրջ 2500 տղամարդ՝ բանակից տարբեր տարիներին զորացրված։ Առաջիկա 3 ամիսներին եռամյսա նոր հավաքներ առայժմ նախատեսված չեն։