Մատչելիության հղումներ

Մեկնարկում է պահեստազորի եռամսյա հավաքը, մասնակիցների խոսքով՝ գրեթե բոլորն ունեն ֆինանսական ու անձնական չլուծված հարցեր


Երևանում ու մարզերում վաղն առավոտյան մեկնարկում է պահեստազորի վարժական եռամսյա հավաքը, զինկոմիսարիատներում այսօր վերջին օրն էր՝ ներկայանալու կամ բժշկական հետազոտություններ անցնելու։

Զինապարտներից մեկը Հայկ Հողմերցյանն է, մեկնելու է վաղը, առաջին խմբի հետ։

«Վաղը առավոտյան 8-ին մեկնելու ենք, դե տեղը երևի ինչ-ինչ պայմաններով չասենք, իմ մանկության ընկերներից շատ շրջապատումս մարդիկ կան, վաղը իրար հետ բոլորս ստեղից մեկնելու ենք», - ասաց Հողմերցյանը:

14 տարի առաջ բանակում ծառայած Հայկը կարծես թե ժամանակի մեքենայում հայտնված լինի, նորից մեկնում է ծառայության, միայն թե այս անգամ արդեն 31 տարեկան է, ունի մշտական աշխատանք, հիպոթեքային վարկ և սիրելի կին, ում հետ նշանված է։

«Մշտական աշխատանք ունեմ, խոհարար եմ աշխատում, իհարկե, կառաջացնի խնդիրներ, կարելի է ասել, իմ աշխատանքի տեղը, որ ես մեկնեմ, թափուր աշխատատեղի համար: Դե, կարելի է ասել, ամեն ինչն էլ լուծվող հարցեր են, հիմա էս էլ մի բան է, որ պետք է անենք: Խուսափելն էլ էն չի: Հիմա պետք է գնանք, փորձենք հասկանանք, մեր ծրագրերն էլ պետք է հետաձգենք էլի», - ներկայացրեց Հայկ Հողմերցյանը:

Ժամանակին 2 տարի Արցախում ծառայած Հայկն ասում է՝ նորից մարզվելն ու վերապատրաստվելը գործի հաճելի կողմն է, գործատուն էլ կպահպանի աշխատանքը, վարկը ևս կկարողանա մարել ու ծայրը ծայրին հասցնել, ամենաբարդը անձնական կյանքում է, աշնանը պատրաստվում էր ամուսնանալ. «Նախատեսել եմ բոլոր ծրագրերս հետաձգեմ էլի»:

Հավաքի մասնակցելու ծանուցագիր է ստացել նաև 38-ամյա Արամը, նամակը ստացել է ընդամենը 4 օր առաջ, ներկայացել է զինկոմիսարիատ, շուտով կմեկնի վարժական հավաքին, ասում է՝ սիրով կվերհիշի ծառայության ժամանակ ստացած, բայց արդեն մոռացած գիտելիքները, փորձել է լուծել ֆինանսական հարցերը, նրա խոսքով՝ այս պահին առաջնայինն իր համար վարժանքներին մեկնելն է։

«Դա իմ համար էս պահին ոնց որ երկրորդ պլան է, իմ կինը ինձ ավելի շատ է սատարում, քան ես ինքս ինձ, կվերհիշենք, վերականգնենք բոլոր հիշողությունները, զենքի հետ վարվելը և այլն, ամեն ինչ կընկնի իր տեղը», - նշեց Արամը:

Ոչ բոլոր ընտանիքներում են սակայն ամուսինների կրկին բանակ գնալուն նույնքան դրական վերաբերում հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով, մեզ հանդիպած մեկ այլ տղամարդ Նարեկ անունով, որ վարժանքներին մասնակցելու ծանուցում էր ստացել, ասաց՝ չի պատկերացնում, թե ինչպես պետք է ապրեն կինն ու երեխան այս ընթացքում և ով պիտի մարի վարկերը։

Նարեկը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ոտքի վիրավորում է ստացել, անցել է վիրահատություն, մինչև հիմա ծնկի խնդիրներ ունի, սակայն զորահավաքի պատասխանատուները դա հաշվի չեն առել, պարտավոր է վաղը մեկնել հավաքին։ Մեզ հանդիպած մեկ այլ տղամարդ էլ նշեց, որ զորահավաքի նույն տարածքային ստորաբաժանումը հետաձգել է իր մեկնումը, քանի որ ուներ պլանավորված վիրահատություն առաջիկա օրերին։

«Ես չեմ մեկնելու այս անգամ, վիրահատության պետք է մասնակցեմ, եթե հետվիրահատական պրոցեսը հաջող ընթացավ, ապա՝ 5-7 օրվա, բայց եռամսյակային այս պարտադիրին չեմ մասնակցելու», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Այսօր այցելած զորակոչային տարածքային մի քանի ստորաբաժանումներում մեզ հանդիպած եռամսյա հավաքների մասնակիցների մեծ մասը 80-ականներին ծնված տղամարդիկ էին, միայն մեկ հոգու հանդիպեցինք ծնված 1974-ին, Արտակ Մալխասյանն ասաց՝ մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին, կգնա նաև եռամյսա վարժանքներին։

Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ն անցկացվող եռամսյա վարժական հավաքների առաջին փուլին մասնակցում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ներկայացուցիչներ, ինչպես հայտնում է ՊՆ-ն, նրանք կարող են ներգրավվել նաև մարտական հերթապահության, կստանան ամսական աշխատավարձ կախված զինվորական կոչումից։

Հաջորդ եռամսյա վարժական հավաքը Պաշտպանության նախարարությունը նախատեսում է անցկացնել արդեն սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

XS
SM
MD
LG