Մատչելիության հղումներ

Եթե կառավարության կողմից ընդունված որոշում չկա, ապա պահեստազորայիններին հավաքների կանչելը օրինական չէ. իրավապաշտպան


Զինվորական կոմիսարիատները շարունակում են պահեստազորայիններին ծանուցել օգոստոսի 25-ից մեկնարկող եռամսյա վարժական հավաքների մասնակցելու մասին, չնայած այդ վարժանքների վերաբերյալ կառավարության որոշում դեռևս չկա։

Հրապարակվել է պահեստազորայինների վարժանքների մասին երկու նախագիծ, որոնցից մեկի հանրային քննարկման ժամկետն ավարտվել է միայն այսօր, իսկ մյուսի ժամկետը լրանում է օգոստոսի 26-ին, «Ազատության» հետ զրույցում նկատում է Զինված ուժերում մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։ Հանրային քննարկումներից հետո են սովորաբար կառավարության նիստերում ընդունվում որոշումները, ասում է Սադիկյանը։

«Չեմ կարող ասել՝ ինչի հիման վրա, միգուցե որոշում դարձել է, բայց չկա, տրամաբանությամբ չէր կարող լինել, որովհետև դեռևս քննարկման փուլում է դրված մինչև օգոստոսի 26-ը, իսկ այսօր օգոստոսի 13-ն է, հետևաբար սա դեռ ընթացքում է: Հետևաբար Պաշտպանության նախարարությունը առանց վարժական հավաք հայտարարելու մասին որոշման ընդունումը չի կարող ծանուցագրեր ուղարկել: Այսինքն առաջին քայլը, որ պետք է լինի կառավարության որոշում ընդունելն է, երկրորդ քայլը, որ արդեն ծանուցեն քաղաքացիներին, որից հետո արդեն բխում են հետագա քայլերը՝ անցկացնել համապատասխան բժշկական զննություն և արդեն դրա հիման վրա կանչել հավաք», - ասաց Սադիկյանը:

Ծանուցագրերը ստանալու համար զանգեր ստացած որոշ պահեստազորայիններ չձայնագրվելու պայմանով փոխանցեցին, որ դրանք վերաբերում են եռամսյա վարժանքներին, որոշներից զինգրքույկները վերցրել են և հայտնել, որ ծանուցագրի հետևից կարող են գալ հաջորդ օրը, փոխանցել են նաև՝ վարձատրվելու են դրա դիմաց։ Այլ մանրամասներ չգիտեն։

Օրերս հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը մտադիր է օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ն անցկացնել ավելի քան 2000 պահեստազորայինների մասնակցությամբ հավաք։ Որոշման նախագծում ռազմական գերատեսչությունն առաջարկում է օգտագործել պահեստազորայինների ներուժը՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում, ընդհուպ՝ մարտական հերթապահության մեջ։

Ըստ որոշման նախագծի, սրանով կապահովվի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը։ Իրավապաշտպան Արմինե Սադիկյանն ընդգծում է՝ եթե չկա կառավարության կողմից ընդունված որոշում, ապա պահեստազորայիններին կանչելը օրինական չէ։ Իրավապաշտպանը վկայակոչում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով սահմանվում է վարժական հավաքների անցկացման կարգը։

«Մինչև կառավարության որոշում չլինի, ինչի հիման վրա պետք է քաղաքացիներին ծանուցումներ տալ, միգուցե կա, ուղղակի դեռ պաշտոնապես ներկայացված չէ այդ որոշումը պաշտոնական հրապարակման հարթակներում: Ես չեմ կարող գնահատել, եթե ես չեմ տեսել որոշումը, հետևաբար, եթե չլինի, իհարկե, կարող է նաև համարվել անօրինական», - ընդգծեց նա:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցը փարատելով կասկածները՝ ընդգծում է՝ վարժական հավաքների մասին որոշումները չեն կարող գաղտնի ընդունվել. «Գաղտնի ինչ-որ որոշում չէ, վարժական հավաքների մասին որոշումը պետք է լինի բաց, ոնց որ ենթադրեն պարտադիր ժամկետային ծառայության զորակոչն է: Յուրաքանչյուր զորակոչից առաջ հաստատվում է, կառավարության որոշում է լինում, որի հիման վրա իրականացվում է զորակոչ»:

Իրավապաշտպանն անդրադառնալով արդեն տարածվող մտահոգությանը վարժական հավաքի տևողության մասին՝ ընդգծում է՝ պարտադիր չէ հավաքներին մասնակցել հենց երեք ամիս ժամկետով, դա կախված է տվյալ պահեստազորայինի մասնագիտությունից։ Օրենքով պահեստազորայինները զինվորական վարժանքների կանչվում են մինչև 10 օրով։ Որոշման նախագծով, այս հավաքներին կկանչվեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով պահեստազորայինները։

Ըստ օրենքի, զինվորական վարժանքի ավարտից հետո նրանք կվճարվեն։ Սադիկյանը վկայակոչում է օրենքը, ըստ որի վարժական հավաքի մասնակցող պահեստազորայինի գործատուն պարտավոր է պահպանել նրա աշխատատեղը, ինչպես նաև նրան վճարել միջին աշխատավարձի չափով գումար։

Այս թեմայի վերաբերյալ «Ազատությունը» հարցեր է ուղարկել Պաշտպանության նախարարություն, դեռևս պատասխաններ չկան։ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հետ կապ հաստատել չի հաջողվում, իշխող ուժի ներկայացուցիչներն էլ այս թեմայով հարցերն անպատասխան են թողնում։

XS
SM
MD
LG