Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայց է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ։ Պատճառը իշխանական պատգամավորի հայտարարությունն է, թե Գևորգյանը միլիոնների կարողություն ունի ու 5 տասնյակից ավելի սեփականության իրավունք Երևանում։
Պատգամավորի փաստաբանական թիմն ավելի վաղ Սուքիասյանի այդ հայտարարությունը բացարձակ սուտ ու զրպարտիչ էր որակել։ Գևորգյանը հիմա դատարանի միջոցով պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները առանց դրաման փոխհատուցման։
«Մինչ այս հայցադիմումը հրապարակումից անմիջապես հետո` Խաչատուր Սուքիասյանի ստերից հետո Արմեն Գևորգյանի փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել, որ լինելու են կոնկրետ իրավական հետևանքներ, և սա հենց այդ իրավական հետևանքն է: Այս պահի դրությամբ մեր մեկնաբանությունն այսքանն է` Արմեն Գևորգյանը համարում է, որ շատ ավելի կարևոր հարցեր կան երկրում, և սա այն հարցը չէ, որ մենք այսպես հրապարակային դատավարությամբ տանենք», - «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Օգոստոսի 25-ին Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովի ամբիոնից էր հայտարարել, թե Արմեն Գևորգյանը 100 միլիոն դոլար ունի և միայն Երևանի Կենտրոնում 57 սեփականության իրավունք: Իշխանական պատգամավորը կասկածի տակ էր դրել ողջ կյանքը պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Գևորգյանի ունեցվածքի օրինականությունը։
«Պարո՛ն Գևորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք։ Բիզնես չի արել, էսօր մի հարյուր միլիոն դոլարի տեր ա, մեկդ չի՞ հարցնում որտեղի՞ց դա, միայն կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի։ Ո՞վ ա էդ իրավունքը տվել: Մենք 4 եղբայր իմ ծնողի հետ տասնյակ տարիներ չենք քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել: Էդ ինձանից խելացի՞ մարդ է, ինձանից ուժե՞ղ տղա է, էդ ո՞նց ա էդպես լինում», - հայտարարել էր Սուքիասյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Գևորգյանի՝ դեռ 2018-ին լրացրած հայտարարագիրն է։ Ըստ այդ փաստաթղթի՝ 2018 թվականի մայիսի 11-ին փոխվարչապետի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ պաշտոնյան ունեցել է 2 հողամաս, 1 բնակարան, 14 ու կես միլիոն դրամ դրամական միջոցներ, 200 հազար դոլարի և 90 մլն դրամի փոխառություններ։ Նրա կինն էլ 250 հազար դոլար է հայտարարագրել և 250 հազար դոլարի փոխառություններ։ Արմեն Գևորգյանի նոր հայտարարագիրը դեռ չի հրապարակվել։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգյանը 2 քրեական գործով է անցնում։ Նա մեղադրվում է փողերի լվացման համար՝ շուրջ 5 միլիարդ դրամի` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Ավելի վաղ պաշտոնյան Մարտի 1-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար։ Այս գործով, սակայն, վերջինս արդարացվել էր, նրա մեղադրանքի հոդվածը Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել։
Սերժ Սարգսյանին առնչվող հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանություն. Դատախազություն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գևորգյանի փաստաբանը դատարանին միջնորդել է անձեռնմխելիության հարցով դիմել ՍԴ, դատախազը այն անհիմն որակեց
Պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով Խաչատուր Սուքիասյանի դեմ հայց է ներկայացրել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սուքիասյանը հայտարարել էր, որ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար է տանուլ տվել խաղատներում։ Իշխող ուժի պատգամավորն ավելի ուշ էլ պնդել էր, թե իր ասածը հիմնավոր է։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ, նշանակվել է դատավոր, սակայն առաջին դատական օրը դեռ հայտնի չէ։
Այս հայտարարությունից հետո Փաստերի ստուգման հարթակն էլ աղմկահարույց հետաքննություն հրապարակեց, ըստ որի՝ պաշտոնավարման ընթացքում երրորդ նախագահը պետական միջոցների հաշվին 16 անգամ մեկնել է Բադեն-Բադեն։ Պաշտոնաթող նախագահի փաստաբանը այդ հրապարակումից հետո հերքեց միայն Սարգսյանի՝ 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Բեռլին կատարած պաշտոնական այցից առաջ Բադեն-Բադեն մեկնելու մասին պնդումը` այն որակելով որպես բացարձակ ապատեղեկատվություն, մյուս ուղևորություններին չանդրադարձավ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը պետական միջոցների հաշվին 16 անգամ մեկնել է Բադեն-Բադեն. fip.amԱրդյոք Հատուկ քննչական ծառայությունում նյութեր նախապատրաստվել են այս հրապարակման առիթով, գերատեսչությունից դեռ չեն հայտնում։
Գլխավոր դատախազությունից էլ «Ազատությանը» տեղեկացրին, ինչպես Փաստերի ստուգման հարթակի հրապարակումը, այնպես էլ այդ խնդրին վերաբերող հայտարարությունների մասին այլ հրապարակումներ գերատեսչությունից նոր ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում նշվող հանգամանքների ստուգման նպատակով:
Իսկ արդյոք երրորդ նախագահը հայց ներկայացրել է Փաստերի ստուգման հարթակի հետաքննության առիթով, Սարգսյանի փաստաբանից չհաջողվեց պարզել։