Մատչելիության հղումներ

Գևորգյանի փաստաբանը դատարանին միջնորդել է անձեռնմխելիության հարցով դիմել ՍԴ, դատախազը այն անհիմն որակեց


Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ, արխիվ
Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ, արխիվ

Պատգամավորի անձեռնմխելիություն ստանալուց հետո կաշառքի գործով դատական նիստերին դժկամությամբ մասնակցող ամբաստանյալ, ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը, ինչպես նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրանց պաշտպանները շարունակում են մեկ հարց բարձրացնել՝ ինչպես շարունակել դատավարությունը, եթե Գևորգյանը պատգամավորի մանդատ ստանալուց հետո ունի անձեռնմխելիություն։

Խորհրդարանում ընթացող թեժ քննարկումը թողած ու դատարան եկած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգյանն այսօր հայտարարեց՝ այս պահին պետք է լիներ խորհրդարանում, ոչ թե՝ դատարանում։

«Ես անցած նիստին ձեզ խնդրեցի, որպեսզի մենք փորձենք գտնել մի լուծում՝ ոնց ենք աշխատելու, որովհետև իմ սահմանադրական մանդատը ենթադրում է, որ ես այսօր պետք է լինեի Ազգային ժողովում և մասնակցեի կառավարության ծրագրի քննարկմանը», - հայտարարեց Գևորգյանը:

Մարտի 1-ի գործով արդարացվելուց հետո միայն գործարար Սիլվա Համբարձումյանից տարիներ առաջ կաշառք ստանալու գործով մեղադրվող պաշտոնաթող նախագահ Քոչարյանն ու նրա նախկին ենթակա Արմեն Գևորգյանը պնդում են՝ այս հարցի պատասխանը ստանալու համար դատավորը պետք է դիմի Սահմանադրական դատարան։ Եվ միայն բարձր դատարանը կարող է ասել, թե դատաքննության փուլում անձեռնմխելիություն ստանալու պարագայում որ կառույցը պետք է դիմի Ազգային ժողով՝ թույլտվություն ստանալու պատգամավորի նկատմամբ հետապնդում իրականացնելու համար։

Ամբաստանյալ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում կրկին պնդեց՝ եթե նախաքննության փուլում գլխավոր դատախազն է դիմում խորհրդարան, ապա այս փուլում չունեն այդ հարցի պատասխանը:

«Արդյոք չկա՞ այստեղ խնդիր քրեական հետապնդում իրականացնելու շարունակության հետ, և արդյոք այստեղ խնդիր չկա՞ պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման հետ կապված», - նշեց Ալեքսանյանը:

Պաշտոնաթող նախագահի նախկին ենթակա Արմեն Գևորգյանը մեղադրվում է գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար։

Նրա փաստաբանը դատարանին միջնորդել է անձեռնմխելիության հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Անցած դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանն ասել էր, թե կդիմի խորհրդարան՝ պարզելու՝ արդյոք նույնանման հարցով բարձր դատարան է դիմել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ Դատավորն այսօր փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատասխանն այն մասին, որ ՍԴ-ում վիճարկվում է ԱԺ նախագահի ընտրության մասին որոշումը և կալանքի տակ գտնվող ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիության հարցը և հավելեց՝ կսպասի Սահմանադրական դատարանի որոշմանը։

Իր հերթին նույնանման միջնորդություն ներկայացրեց նաև պաշտոնաթող նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ խնդրելով կասեցնել այս գործի քննությունը մինչև անձեռնմխելիության հարցի լուծումը։ Մեղադրող դատախազների համար այս միջնորդությունները տարակուսանքի առիթ դարձան։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը անհիմն որակեց դրանք՝ մյուս կողմին մեղադրելով գործը ձգձգելու մեջ։ Դատախազ Բաղդասարյանը կրկնեց դատախազության դիրքորոշումը մեղադրյալի կարգավիճակում պատգամավոր դարձած Գևորգյանի, ինչպես նաև այլ ընդդիմադիրների վերաբերյալ։ Ասաց՝ նրանց անձեռնմխելիության հարցով Բարձր դատարան դիմելու կարիք չկա, դատարանը այս դեպքում չունի նման լիազորություն։

«Լուրջ եմ ասում՝ չի կարող տենց տրամաբանություն լինել, չի կարող կարգավորում լինել, որը հնարավորություն կտա ցանկացած մեղադրյալի թեկնածություն առաջադրել, գալ օգտվել անձեռնմխելիությունից, ասել՝ չեք հասցրել անձեռնմխելիությունս հաղթահարել, մի հատ էլ հետո էս ձևով միջնորդություն ներկայացնել, ասել՝ դե քանի որ պատգամավորների թեկնածուները 1000-ից ավելի էին, էդ ընթացքում էլ բոլորի վերաբերյալ միջնորդությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհասցրեց քննարկել, ուրեմն կա չհաղթահարված անձեռնմխելիություն, ուրեմն քրեական գործի վարույթը կարճեք, էլ չեմ ասում կասեցրեք քրեական գործի վարույթն այն պարագայում, երբ որ գործով մեղադրյալներից մեկին ներկայացված միջնորդությունը ոչ մի կերպ չի վերաբերվում», - ասաց Բաղդասարյանը:

Մինչդեռ երկրորդ նախագահ Քոչարյանը քննադատեց դատախազությանը՝ հիշեցնելով Մարտի 1-ի գործով իրեն վերագրվող մեղադրանքը, դրա վերաբերյալ երեք տարի շարունակ դատախազության դիրքորոշումը և երեք տարի անց սահմանադրական կարգը տապալելու հոդվածը հակասահմանադրական ճանաչելն ու իրեն արդարացնելու պատմությունը։

«Այս ամենի համար, ինչ որ եղել է, վերջապես պատասխանատու է լինելու Հայաստանի Հանրապետությունը: Մինչ այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել ինձնից հակասահմանադրական հոդվածով կալանքի տակ պահելու համար», - ընդգծեց Քոչարյանը;

Արմեն Գևորգյանի պաշտպանը հայտարարեց, որ Աննա Դանիբեկյանին պատրաստվում է բացարկ հայտնել, իրեն դրա համար ժամանակ է հարկավոր և խնդրեց հետաձգել նիստը։ Սակայն դատավորը դատախազներին առաջարկեց հրապարակել մեղադրական եզրակացությունը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը զայրացավ և լքեց նիստերի դահլիճը, ինչից հետո դատավորը որոշեց ընդհատել նիստն ու այն շարունակել օգոստոսի 31-ին։

XS
SM
MD
LG