Մատչելիության հղումներ

Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունից. դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով


Մարտի 1-ի գործով արդարացվելուց հետո միայն կաշառքի համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակա, այժմ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազները, ինչպես անցած շաբաթ, կրկին չկարողացան ներկայացնել մեղադրականը։

Այս անգամ ևս նիստը այլ ուղղությամբ գնաց, քանի որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը անսպասելիորեն հրաժարվեց Քոչարյանի իշխանության տարիներին տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանի պաշտպանությունից։

«Ես նման պայմաններում այլևս չեմ կարող շարունակել սույն քրեական գործով Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունն իրականացնել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դուք ձեր էմոցիաները այլևս չեք կարողանում զսպել իմ դեպքում և հստակ ցույց եք տալիս ձեր հակակրանքն իմ նկատմամբ, ինչը հանգեցնում է նրան, որ Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերն ուղղակի ոտնահարվում են կոպտագույն ձևով», - ասաց Ալեքսանյանը:

Նախորդ նիստին դատավորը դատախազներին առաջարկել էր հրապարակել մեղադրական եզրակացությունը, բայց Գևորգյանի պաշտպանը հայտարարել էր, որ դատավոր Աննա Դանիբեկյանին պատրաստվում է բացարկ հայտնել և իրեն դրա համար ժամանակ է հարկավոր, խնդրել էր հետաձգել նիստը։ Դատավորը, այդուհանդերձ, դատախազներին առաջարկել էր հրապարակել մեղադրական եզրակացությունը։ Սակայն դատախազները չէին հասցրել ներկայացնել այն, քանի որ Գևորգյանի պաշտպանը լքել էր դատարանը, ու նիստը այդ պատճառով հետաձգվել էր։

Այսօրվա դատական նիստին դատավորը հնարավորություն տվեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանին բացատրություններ ներկայացնելու. - «Հարգելի դատարան, ես պնդում եմ, որ ես դրսևորել եմ բացառապես պատշաճ վարքագիծ և, այնուամենայնիվ, գտնում եմ և կարծում եմ, որ դուք միևնույն է իմ նկատմամբ դատական սանկցիա եք կիրառելու և ոչ թե նրա համար, որ դա հիմնավոր է լինելու, ուղղակի իրական կյանքը ցույց տվեց, ու դուք իմ դեպքում այլ բան չեք էլ անում՝ ունենալով կոնկրետ իմ նկատմամբ համապատասխան հակակրանք»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նկատողություն կիրառեց փաստաբանի նկատմամբ։ «Էրիկ Ալեքսանյանի գործողությունները դատարանը գնահատում է որպես ոչ իրավաչափ», - հայտարարեց Դանիբեկյանը:

Ի պատասխան փաստաբան Ալեքսանյանը հայտարարեց՝ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ չի կարողանում աշխատել և հրաժարվում է պաշտպանել Գևորգյանի շահերը այս քրեական գործի շրջանակում։ Ալեքսանյանն անգամ ընդգծեց՝ դատավորը իրեն արտահայտվելու հնարավորություն չէր տվել և շարունակել էր դատավարությունը՝ խախտելով Արմեն Գևորգյանի իրավունքները։ Նա այսօր ևս լքեց նիստերի դահլիճը։

Ելույթ ունեցավ նաև Արմեն Գևորգյանը՝ խնդրելով իրեն ժամանակ հատկացնել նոր փաստաբան գտնելու համար։ Միևնույն ժամանակ, նորընտիր պատգամավորը հարց ուղղեց դատավորին՝ ի՞նչ փոխվեց նրա դիրքորոշման մեջ խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո։

«Էրիկ Ալեքսանյանը ամսի 24-ին հայտնեց, որ Դուք 2 ամիս է կասկածի տակ եք դնում մի երևույթ և Ձեր իսկ սեփական պատկերացումներով հետաձգում էիք նիստը՝ այդ կասկածներն ունենալով, հետո մեկ էլ դիրքորոշումը փոխում եք: Առիթ էիք ման գալիս՝ Սահմանադրական դատարան ո՞վ է դիմել, ի՞նչ առիթով է դիմել, ինչի՞ է դիմել, որպեսզի այս հարցը չքննարկեք կամ հետաձգեք, մի ուրիշ բան անեք: Ոչ ես եմ դա նախաձեռնել, ոչ էլ որևէ մեկը պաշտպանական կողմից: Էրիկ Ալեքսանյանն ասում է՝ Դուք կարո՞ղ եք բացատրել՝ ինչի՞ եք դա արել, այսինքն ի՞նչ փոխվեց, ընտրություններից հետո Ձեր դիրքորոշման մեջ ի՞նչ փոխվեց», - ասաց Գևորգյանը:

Դատավորը ընտրությունների ընթացքում հարց էր հնչեցրել՝ ինչպե՞ս պետք է վարվել անձեռնմխելիություն ունեցող պատգամավորի հետ։ Հետո արդեն հարցը բարձրացրել էին Գևորգյանն ու նրա պաշտպանը և դատարանին խնդրել դիմել Սահմանադրական դատարան՝ անձեռնմխելիության հարցը պարզելու, դատավորը, սակայն, հետաձգել էր հարցի քննությունը։ Աննա Դանիբեկյանը փոխանցել էր «Հայաստան» խմբակցության պատասխանն այն մասին, որ ՍԴ-ում վիճարկվում է ԱԺ նախագահի ընտրության մասին որոշումը և կալանքի տակ գտնվող ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիության հարցը։ Այս պատճառով էլ դատավորը հետաձգել էր Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննությունը։

Այսօրվա դատական նիստին գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ու դատախազ Պետրոս Պետրոսյանը հակադարձեցին՝ պաշտպանական կողմն ամեն կերպ փորձում է ձգձգել դատավարությունը։ Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ այս ամենը նախօրոք ծրագրված էր։

«Որ Արմեն Գևորգյանը պատրաստ չէր այս իրավիճակին, իրականությանը չի համապատասխանում, որովհետև սա շատ պլանավորած գործողություններ են, որոնք ուղիղ հակադրվում են պաշտպանության կողմի մերկապարանոց հայտարարություններին, որ նրանք շահագրգիռ են գործի ընթացքն ապահովելու հարցում: Բոլորի համար ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի մեղադրական եզրակացության մեջ առկա հաստատված փաստերը հրապարակվեն դատական նիստերի դահլիճում: Էրիկ Ալեքսանյանի վարքագիծը խախտում է դարձյալ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները: Սա ակնհայտորեն իրավունքի չարաշահում է: Բոլոր հնարավոր միջոցները գործադրելուց հետո հիմա էլ գործի է դրվում այս միջոցը, որպեսզի գործի քննությունը ձգձգվի, հրավիրվի նոր պաշտպան, փորձի ծանոթանալ քրեական գործի նյութերին՝ դրանով շահելով, չգիտեմ դեռ ինչի կամ գիտեմ, անհրաժեշտ ժամանակը», - ասաց Բաղդասարյանը:

Դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով, դատավորը նկատեց, որ այդ ընթացքում Գևորգյանը կհասցնի նոր փաստաբան գտնել, որը կհասցնի ծանոթանալ քրեական գործի նյութերին։

XS
SM
MD
LG