Մատչելիության հղումներ

Կառավարության մի շարք առանցքային անդամներ նշանակվել ու վերանշանակվել են


Մեկուկես տարի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Կարեն Կարապետյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր նշանակվեց առաջին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետեր:

Գաբրիելյանը Կարապետյանի կառավարությունում նույնպես փոխվարչապետի պաշտոն էր զբաղեցնում, իսկ Գևորգյանը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր:

Արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնները Սերժ Սարգսյանի կառավարությունում կպահպանեն Էդվարդ Նալբանդյանն ու Վիգեն Սարգսյանը:

Սահմանադրության համաձայն, կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակելուց հետո՝ 15-օրյա ժամկետում: Փոխվարչապետերի և նախարարների թեկնածուներին, նշանակումից հետո հնգօրյա ժամկետում առաջարկում է վարչապետը, նշանակում՝ նախագահը:

Կառավարության ծրագիրը վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության կազմավորումից հետո՝ 20-օրյա ժամկետում:

Սերժ Սարգսյանը երեկ ընտրվելուց հետո հայտարարել էր՝ կառավարության ձևավորման փուլը երկար չի տևի: Առաջին նշանակումները, փաստորեն, եղան արդեն 24 ժամ անց:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ կարծիք էր հայտնել՝ Սարգսյանը պահպանելու է թե՛ համակարգը, թե՛ մարդկանց․ - «Պրոբլեմը նրանում ա, պարոն Սարգսյան, որ բոլորը գիտն, որ Դուք ոչ մի բան չեք փոխելու: Բոլորը մտածում են, որ Դուք շարունակելու եք պահպանել այս համակարգը և այդ մարդկանց: Միակ տուժող մարդը այս վերջին փոփոխություններից, որ փոխվել է՝ դա մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն ա: Ուրիշ փոփոխություն մենք չենք տեսել, ոչ մի ուրիշ բան Դուք չեք փոխել: Ու ես վստահ եմ, որ հիմա Դուք դառնաք վարչապետ, Դուք նշանակելու եք Էդիկ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար: Մի մարդ, որը երկրի արտաքին քաղաքականությունը ձախողել է: Ես վստահ եմ, որ Դուք նշանակելու եք էս նույն առողջապահության նախարարին, տրանսպորտի նախարարին»:

Վարչապետի ընտրության քննարկումների ժամանակ երեկ Սերժ Սարգսյանը քննադատական շատ պնդումներ անարդար էր համարել, հայտարարել, թե դա արվում է կոալիցիայի թեկնածուին սևացնելու համար․ - «Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, Սերժ Սարգսյանի պատմությունը չէ, և չարժե ամեն գնով սևացնել այն՝ ինչ է թե հարկ կա թուլացնելու քաղաքական մրցակցին։ Արդար չէ և չարժե անել։ Վստահ եմ, որ այսօր շրջանառվող սիրողական իբր-ամփոփումների փոխարեն այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծություններ կլինեն, մասնագիտական ուսումնասիրություններ ու հրապարակումներ կլինեն։ Չեն կարող չլինել։ Եվ, ի վերջո, պատմությունն է տալու իրական գնահատականը»:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է՝ նոր կառավարությունից փոփոխություններ չարժե ակնկալել: - «Այդպիսի եզրակացություն տալիս է հենց Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը: Ուրիշ բան, եթե ինքը ասեր, որ այդ 10 տարվա կառավարման ընթացքում եղել են այս֊այս֊այս սխալները, սրանից հետո մենք կուղղենք դրանք, բայց ինքը այդպես չասաց: Իր շեշտադրումներն այնպիսին էին, որ մենք անցած 10 տարում շատ լավ աշխատել ենք և շարունակելու ենք նույն ձևով: Իսկ վատ հետևանքների մասին գերադասեց չխոսել բաց տեքստով, պատճառաբանելով, որ մեզ թշնամիները նույնպես լսում են: Օրինակ՝ արտագաղթը, ինչն, ես կարծում եմ, այդքան էլ համոզիչ բացատրություն չէր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG