Ծեծ, քաշքշուկ, սեռական բնույթի հայհոյանքներ, միմյանց վրա թռչող ջրի շշեր` խորհրդարանում

Ծեծ, քաշքշուկ, սեռական բնույթի հայհոյանքներ, միմյանց վրա թռչող ջրի շշեր։ Այսօր Ազգային ժողովում ընդդիմության ու իշխանության միջև երկու լուրջ բախում տեղի ունեցավ։

Ամեն ինչ սկսվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից, որում նա հայրենիքի դավաճան համարեց պաշտպանության բոլոր այն նախարարներին, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել. «Բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են: Դա բոլոր ժամանակների մասին է»:

Տեղից արձագանքեց պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Սեյրան Օհանյանը, Սարգսյանն էլ հայտարարեց. «Ես քեզ եմ ասո՞ւմ, արա՛»։ Ի պատասխան Օհանյանը ձեռքի տակ եղած ջրի շիշը նետեց իշխանական Հայկ Սարգսյանի ուղղությամբ. վրիպեց։

Դրանից հետո սկսեցին ջրի շշեր թռչել դահլիճում, քաշքշոց տեղի ունեցավ: Անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցներ կենդանի պատ կազմեցին իշխանության ու ընդդիմության միջև։ Նաև դահլիճից հանում էին իշխանական պատգամավորներին, նրանց թվում` սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնող Հրաչյա Հակոբյանին: «Ազատության» հետ զրույցում իշխանական պատգամավորը պնդեց՝ քաղաքական խոսք էր հնչել, մեղադրեց ընդդիմությանը իրավիճակը սրելու մեջ. «Իմացեք` ովքեր են ընդդիմադիրները, իմացեք` ովքեր են ընդդիմադիրները»: Ընդդիմադիր Սեյրան Օհանյանն էլ` իշխանությանը բախում սադրելու համար. «Իրենք սադրեցին, դրա համար տեղի ունեցավ այս բախումը: Ծեծկռտուք տեղի չի ունեցել, բախում է տեղի ունեցել, հրմշտոցներ են եղել»:

Երկրորդ միջադեպը տեղի ունեցավ ընդմիջումից հետո

Ըստ «Հայաստան» դաշինքի՝ Սեյրան Օհանյանը շիշը նետել է, որովհետև իրեն «արա»-ով են դիմել։ Օրինակ` Վահե Հակոբյանն ասում էր՝ ինքն էլ լիներ, կնետեր՝ ի պատասխան լրագրողի հարցի՝ հնարավո՞ր չէր ավելի զուսպ լինել:

«Մարդիկ, նյարդեր, ասենք մոտեցումներ կուտակված, չեմ կարող գնահատական տալ ես, բայց ես էլ լինեի, երևի թե ես էլ կշպրտեի», - ասաց նա:

Արդեն ընդմիջումից հետո դահլիճից հավաքված էին բոլոր շշերը, բայց դա էլ չօգնեց։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ կրքերը վերստին բորբոքվեցին։ Դահլիճից «արա»-ով դիմեցին Հակոբյանին, նա նույն կերպ պատասխանեց, ապա ծեծկռտուք սկսվեց։

Տեսախցիկները ֆիքսել են` ինչպես է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իջնելիս ոտքով հարվածում Վահե Հակոբյանին։ Մինչև անվտանգության աշխատակիցները կհասնեին, Վահե Հակոբյանին հարվածներ հասցրեցին նաև Հայկ Սարգսյանը՝ դեմքին, Վահե Ղալումյանը՝ ականջին, օգնության հասան նաև մի քանի այլ պատգամավորներ։ Իսկ անմիջապես նրանց կողքին երկրորդ ճակատ էր բացվել՝ Նարեկ Գրիգորյանը, Հրաչյա Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Հայկ Ցիրունյանը, նրանց միացած Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին էին հարվածում։

«Դուք հաշվի չեք առնում, որ երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով և լոզունգներով ստեղծեք ծրագիր, կազմեք, որը կուրսային աշխատանքի տպավորություն է թողնում, և դա կերցնեք նորից ժողովրդին: Ամեն ինչին չափ ու սահման կա», - իր ելույթում ասում էր Հակոբյանը:

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում Ազգային ժողովի նախագահն ընդմիջում էր հայտարարում, անմիջապես անջատվում էր ուղիղ հեռարձակումը, իսկ անվտանգության աշխատակիցները շտապում էին առաջին իսկ վայրկյաններից լրագրողներին հանել այն վայրից, որտեղ տեսանելի է խորհրդարանի նիստերի դահլիճը։

Մեղադրանքներ միմյանց հասցեին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝ իշխանական պատգամավորների հարվածից վնասվել է նաև իր աչքը, բայց ըստ բժիշկների, ասաց, խնդիրը լուրջ չէ։ Նազարյանի խոսքով` հարվածող պատգամավորի անունը չգիտի, բայց հարվածը ստացել է, երբ փորձել է կանխել Արթուր Ղազինյանի նկատմամբ բռնությունը:

«Քաղաքացիական պայմանագրից» Ռուստամ Բաքոյանը կուսակիցների հարվածներն, ասաց, չի տեսել, բայց մեկնաբանությունից չհրաժարվեց. «Ես, անկեղծ ասած, չեմ տեսել` ով է խփել, ինչ է տեղի ունեցել, բայց խփելը միայն ոտքով չի լինում, այն խփելը, որ տեղի է ունեցել դրանից առաջ, և այն խփելը, որ բառերով անընդհատ շարունակում են անել, կարծում եմ` ինչ-որ պահի նաև ջուրը լցվում է բաժակում, հետևաբար` նաև լինում է արձագանք»:

Ընդդիմությունն ու իշխանությունն այսօր միմյանց էին մեղադրում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, իրավիճակը սրելու մեջ։

Անընդհատ սադրում են. իշխանական պատգամավոր

«Ազատություն». - Ինչո՞ւ եք սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, ո՞ւմ հասցեին էին հնչեցնում:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Ղահրամանյան. - Ով որ դրան արժանի է:

«Ազատություն». - Ո՞վ էր նա` Ձեր կարծիքով:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Ղահրամանյան. - Մեկը Ղազինյանը:

«Ազատություն» - Կարելի՞ է սեռական բնույթ հայհոյանքներ հնչեցնել:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Ղահրամանյան. - Դուք իրենցը լսե՞լ եք:

«Ազատություն» . - Իրե՞նք էլ են ձեր հասցեին հնչեցրել:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Ղահրամանյան. - Բա չէ, բան եմ, հելնում եմ, սկսում մարդկանց հայհոյել: Խնդիրը հետևյալում է, որ անընդհատ սադրում են, դա է խնդիրը:

Կազմակերպված է եղել սա` մեզ դաս տալու. Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը կարծում է՝ տեղի ունեցածը կազմակերպված էր իշխանության կողմից՝ երեկվա միջադեպից հետո ընդդիմությանը դաս տալու համար. «Ես ոչ մեկին չեմ հայհոյել, նույնիսկ ինձ են հայհոյում, ես ուղղակի դահլիճում կանանց ներկայությամբ չէի պատասխանում:

Տեսաք` ինչ տեղի ունեցավ, հատկապես վերջին միջադեպը` ով տեղից վեր կեցավ, ոնց եկավ, ոնց հարվածեց, դա կազմակերպված էր: Ընդ որում, ասեմ` անվտանգությունն էլ մի քանի րոպե ուշ եկավ, որպեսզի իրենք ինչ-որ բան հասցնեն անել: Կազմակերպված է եղել սա` մեզ դաս տալու, մեզ ցույց տալու, որ տեսեք` այսպիսի բաներ կարող են լինել ձեզ հետ: Այդ պահին չկար պատասխանելու որևէ հնարավորություն, որովհետև բոլոր կողմերից էին հարվածները գալիս: Սրա պատասխանատվությունն ամբողջությամբ գտնվում է Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի վրա»:


ԱԺ նախագահն անլուրջ է համարում ընդդիմության պնդումը

Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը անլուրջ է որակում ընդդիմության պնդումները, թե ամեն ինչ կազմակերպված է եղել վարչապետի հրահանգով։ Երեկ նախքան կրկին ծեծկռտուքով ուղեկցված միջադեպը կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Փաշինյանը մեղմ էր որակել թիմակիցների արձագանքը ընդդիմադիրներին։ Ալեն Սիմոնյանն այսօր անհասցե դատապարտեց բռնությունը. «Խստորեն դատապարտում եմ այն բռնությունը, որը տեղի ունեցավ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, բռնությունն արդարացում չունի, անընդունելի է, և Ազգային ժողովն այն տեղը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի»:

Դիտարկմանը` ասում են, որ «սա վարչապետի հրահանգն էր», արձագանքեց. «Սա ՀՀ քաղաքացիների հրահանգն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է պողպատե մանդատ, և օրենքի դիկտատուրան Հայաստանի Հանրապետությունում այլընտրանք չունի»:

Հարցին` նորմա՞լ է համարում, որ Արցախի հերոսին, գեներալին «արա»-ով է դիմում իշխանական պատգամավորը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես նորմալ չեմ համարում, երբ որ Ձեր ասած Արցախի հերոսը փաստացի մեղայականով հանդես է գալիս և իրեն թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի, անկախ նրանից` մեկը կարող է` այդ պատգամավորին սիրում է, մեկը կարող է` չի սիրում, բայց շշով հարվածել: Ինչ-որ մեկը մյուսին ասաց` արա, դուք նորմա՞լ եք համարում: Ես ընդհանրապես նորմալ չեմ համարում, որ որևիցե մեկը որևիցե մեկին ասի «արա»:

Գլխավոր դատախազը տեսագրություններն ուղարկել է ՀՔԾ

Չնայած երեկ էլ ընդդիմությունը ՊՊԾ աշխատակիցներին էր մեղադրում իրենց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մեջ, դատախազությունը միայն այսօր անդրադարձավ Ազգային ժողովում տեղի ունեցողին՝ նշելով, թե տեսագրություններն առևերույթ վկայում են, որ խոչընդոտվել է ԱԺ բնականոն աշխատանքը՝ ինչպես անպարկեշտ արտահայտություններով, այնպես էլ բռնության գործադրմամբ։ Գլխավոր դատախազը տեսագրություններն ուղարկել է ՀՔԾ՝ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Քրեական գործ կհարուցվի, թե՝ ոչ, արդեն ՀՔԾ-ն կորոշի։